Monday, March 28, 2011

Մհեր Մկրտչյան. '' երբ քանդակը վերջանում է.. "



Խորագիր. Չկայացած հարցազրույց Մհեր Մկրտչյանի հետ


Ծնվ. Է 1930թ., հուլիսի 4-ին: 1956թ. Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1947-1953թթ. Լենինականի, 1953-1988թթ. Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնների դերասան էր, 1988-ից` Վ. Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի ղեկավար, 1992-93թթ. Արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն:


- Վարպետ, ծնվել եք Լենինականում, իսկ ձեր ծնողներն արմատներով որտեղի՞ց են:

-Ծնողներս 5-6 տարեկան են եղել, երբ բռնել են գաղթի ճամփան, նրանց տեղավորել են Գյումրիի ամերիկյան որբանոցում; Տարիներ հետո ամուսնացել են, ծնվել եմ ես, հետո մեծ քույրս, եղբայրս և փոքր քույրս:
Երբ առաջին անգամ գնացի Մ. Սարյանի արվեստանոց, վարպետը զննող հայացքով նայեց դեմքիս ու հարցրեց՝ բնիկ որտեղից եմ: Ես էլ ասացի.
“ Վարպետ, հայրս մշեցի է, մայրս` վանեցի, ես էլ ծնվել եմ Լենինականում, ապրում եմ Երևանում՛՛: Սարյանն էլ, թե.
“Այ տղա, ուրեմն դու իսկական հայ ես: Մի երկու անգամ բեմում քեզ տեսել եմ, էնտեղ էլ հայ ես, որ կաս”:
Գիտես, երբեք չեմ մտածել, որ հայ եմ, հայաստանցի, փորձել եմ ընդհանրապես մարդ լինել, երբևէ չդավաճանել իմ ներքին ձայնին:

- Որքանով տեղյակ եմ, ձեր հայրը չէր ուզում, որ դուք դերասան դառնայիք:                        
- Ոչ միայն հայրս չէր ուզում, այլև նրա ընկերներն էլ էին ծիծաղում, որ Մուշեղի տղան պետք է դերասան դառնա: Չէր հարմարվում այդ մտքին և միշտ ասում էր. “ Դերասան, դերասան ես ուզում դառնալ, հա՜, կապիկություն կենես, հա՞”:
Նա ուզում էր, որ նկարիչ դառնայի: Երբ տնից դուրս էր գալիս, ինձ հանձնարարում էր, որ նկարեմ:
Ես  թատրոնը, բեմը շատ եմ սիրում:
Հիշում եմ իմ բեմելը, 13 տարեկան պատանի էի. որքան էի հուզվել: Լենինականի ակումբում “Նամուսն” էր, ինձ էլ պատահաբար փոքրիկ դեր տրվեց` ընդամենը պիտի դուրս գայի բեմ և ասեի` ձին պատրաստ է, աղա: Հուզմունքից լեզուս չորացել էր: Կուլիսների հետևում անընդհատ կրկնում էի այդ տողը, որ չմոռանամ: Հանկարծ ինձ հուշեցին, որ իմ հերթն է և հրեցին բեմ: Դահլիճում լռություն էր, երբ հանդիսատեսն ինձ  տեսավ, սկսեց ծիծաղից պայթել: Ես քարացած կանգնել էի տեղումս ու զարմանում էի, թե ինչու են ծիծաղում, քանի որ ոչինչ չեմ արել, նույնիսկ չէի հասցրել անգիր արած տողս ասել` մոռացել էի: Հուզված ու վիրավորված բեմից դուրս վազեցի` որոշելով այլևս բեմի մասին չմտածել. չէի հասկանում, թե ինչու էին ծիծաղում:

- Իսկ հիմա ձեր մասին ասում են. “ Նա խաղում է, ոնց որ շունը”

- Իսկապես, ես կինոխցիկի առաջ խաղում եմ, ոնց որ շունը: Այդ խոսքերն ինձ շատ են ուրախացրել` շունը շատ մաքուր է, բնական վիճակում է: Ամենամեծ վարպետն էլ պիտի բնական խաղա: Դերն ինձ համար մուկն է, ես կատվի նման այնքան պիտի պտտվեմ շուրջը, այնքան պիտի ուսումնասիրեմ, այնքան պիտի դարձնեմ իմը , որ կարողանամ խաղալ: Աճեմյանն ասում էր. “Երբ Ֆրունզիկին դերը տալիս ես, առաջին հերթին կատվի նման նայում է, որ բերանը չվառի: Հետո սկսում է երկար տնտղել ու սկսում է իր կռիվները”:

- Կարծես յուրաքանչյուր արվեստագետի մեջ կռիվ կա, ի՞նչ կռիվ կա ձեր մեջ:

- Իսկապես, իմ մեջ կռիվ կա: Ես` որպես արվեստագետ, որպես ընթերցող, կռվում եմ հեղինակի հետ, թատրոնի, դերասանի և հետո` ինքս ինձ հետ: Երբ կռիվ ես տալիս, հետո սիրելը հեշտ է լինում: Կռվի ժամանակ փորձում ես հասկանալ, հարցնել, թե ինչ ես անում, ինչի համար ես անում: Եվ այդ ընթացքում ստեղծագործական վախը կամաց-կամաց վերաճում է սիրո:

- Ի դեպ, սիրում եք մարդկանց, կենդանիներին.. նրանք էլ ձեզ են սիրում..

- Շատ եմ սիրում; Միակ կենդանին, որ չեմ սիրում կենգուրուն է; Ասում են` երբ վագրը հարձակվում է, կենգուրուն լքում է ձագին, որպեսզի ինքը փրկվի: Առհասարակ, ես սիրող մարդ եմ: Սիրելը լավ բան է, սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ կարող սիրել համեստ ընդունակությունների տեր մարդկանց: Նույնիսկ այնպիսի մարդկանց եմ սիրում, որոնց գործն իմ գործը չէ, ովքեր իրենց գործով ինձանից շատ հեռու են: Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ…

- Երեխաներն էլ են ձեզ շատ սիրում:

- Երեխաներն ինձ համար մեծ մարդիկ են: Չեմ սիրում, երբ նրանց սիրում են որպես երեխա: Ես երեխաների հետ ընկերություն եմ անում: Ես կարող եմ նրանցից նեղանալ, խռովել:

- Ձեզ բնորոշում են`չափազանց տխուր և ուրախ մարդը:

- Ես տխուր մարդ չեմ: Երբ ուրիշներին թվում է, թե տխուր եմ, սխալ է: Ես աշխատում եմ: Դժվար աշխատանք է դա, անասելի դժվար, այդ պատճառով էլ, գուցե տխուր եմ երևում:
Երբ նկարահանվում էի “Կովկասի գերուհին” ֆիլմում, մի անգամ Գայդայն ասաց. “ Ինչ սխալ գործեցի, էդ ո՞վ է ասել, որ դու կոմիկ ես: Դու այնքան տխուր աչքեր ունես, չեմ կարողանում նկարել” : Նա ինձ հրավիրել էր` նախապես լուսանկարս տեսնելով. Դիմագծերս` քիթս… չգիտեմ: Դովլաթյանն էլ ասել էր` լավ կոմիկ է: Հետո, երբ տեսավ, ասաց` տո ի~նչ կոմիկ…

- Վ. Աճեմյանը ձեր մասին ասել է. “ Նրա ստեղծած կերպարները շոշափելիորեն կյանքային են, հագեցած են հումորի հիանալի զգացողությամբ: Նրան հատուկ է դրամատիկական զգացողությունը; Նա նույնիսկ կարող է հասնել ողբերգական էմոցիաների” : Ձեր խաղի մեջ կա հումորի և ողբերգության միասնությունը:

- Դերասանը պետք է կարողանա ամեն ինչ խաղալ: Նա ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և հումոր: մարդը կարող է հումոր չունենալ, բայց հենց դա էլ է հումորի նյութ: Ողբերգության մեջ առկա է ծիծաղը, ծիծաղի մեջ` ողբերգությունը: Յուրաքանչյուր կոմիկ դերասան էլ  ուզում է ողբերգություն խաղալ: Ես էլ եմ երազել Համլետ խաղալ, Օթելլո. Առանց հումորի ողբերգություն չի լինում:

- Հզոր մասնագիտություն է դերասանի մասնագիտությունը. Դու գործ ունես հանրության հետ, որը խստապահանջ է և դիտողական:

- Մինչև վերջերս կարծում էի, թե ամենամեծ մասնագիտությունը հեղափոխական լինելն է: Բայց երբ մահացա ու վերադարձա, վիրահատվեցի ու փրկվեցի, մտածեցի, որ ամենամեծ ու հզոր մասնագիտությունը վիրաբույժի մասնագիտությունն է: Դերասանն իր մեջ, զինանոցում ունի 7-8 հայացք` նայած իրավիճակի ու դերի: Ուրիշ մասնագիտության տեր մարդիկ ավելի քիչ հայացքներ ունեն: Բայց երբ բոլորը պառկած են վիրաբուժական սեղանին` կոշկակար, գիտնական, դերասան… բոլորի հայացքն ուղղված է վիրաբույժին` հույսով սպասող` ինչ է լինելու: Ոչ մեկին մասնագիտությամբ չեն դիմում, իսկ ասում են`  բարև, բժիշկ. մասնագիտությունն են բարևում:  Երբ վիրաբույժներն ինձ վիրահատում էին, ես զգացի, թե ինչպես մարմնիս միջից դուրս եկա ու բարձրացա վերև; Վերևից նայում էի. այդ ինչ լավ զգացողույուն էր` թեթև, մարմին չկար..
Հետո երբ նայեցի առաստաղին, տեսա շատ ուժեղ, դեղին, պայծառ լույս: Դուրս եկա սենյակից, ընկա մի մութ միջանցք: Թռա~, թռա~. հետս էլ մարդիկ էին թռչում` մեկն առաջ էր ընկնում, մեկը հետ էր ընկնում: Հետո հանկարծ թունելը վերջացավ: Տեսա որ բացվում է մի ոսկեգույն լույսով ողողված հրաշք քաղաք: Ուզում էի մտնել, երբ հանկարծ մեկն ինձ հրեց ու ասաց. “Քեզ շուտ է, հետ գնա" : Եկա նորից մտա մարմնիս մեջ: Ինչ ծանր, զզվելի զգացողություն էր…

- Կյանքում ի՞նչն եք համարում ամենազզվելի բանը:

- Ամենազզվելի բանը կյանքում պառավելն է: Չեմ ուզում պառավել..
Մի առիթով ինձ հարցրեցին` երբ ես ուզում գնալ ծերության հանգստի, ես էլ պատասխանեցի` մարդ էլ մեռնելուց առաջ հանգստանա:

- Ի՞նչ խոսքեր եք հաճախ ձեզ համար կրկնում:

-Առաջինը` աշխատել հաջողություններին դիմանալ: Երկրորդը` ամեն մարդ քանդակում է իր ճակատագիրը, երբ որ քանդակը վերջացնում է, ինքն արդեն չկա..


Ռուզան Պետրոսյան

Հ.Գ.- Այս խորագիրն անում էի “TV ալիք”-ում, 2003թ.-ին 


Comments
0 Comments

No comments:

Post a Comment