Monday, December 30, 2013

Charlotte Gainsbourg " l'un part, l'autre reste"

դեկտեմբեր ամսվա հիթը


Երգը Կլոդ Բերրիի համանուն ֆիլմից է, որը նկարահանվել է 2005թ. հունվարի 12-ին: Ֆիլմը սիրահար զույգի հանդիպման և բաժանման մասին է. սիրո սկիզբը՝ հարուստ երջանկությամբ, իսկ ավարտը՝ ցավով: Մեկնե՞լ, թե՞ մնալ: Այս հարցն է ընկած ֆիլմի հիմքում:
Իսկ Շառլոտի կատարմամբ գեղեցիկ երգը ընդհանրացնում է ֆիլմի ավարտը: Երաժշտության հեղինակը Ֆրեդերիկ Բոտոնինն է, խոսքերի հեղինակը՝ Նատալի Ռեյմը:
Ի դեպ, թե՛ երգի և թե՛ ֆիլմի երաժշտական գործիքավորումը մեր հայրենակից, ֆրանսիական երգարվեստում հայտնի երաժիշտ, երգահան Անդրե Մանուկյանինն է:


Շառլոտ Գենսբուրգ "մեկը հեռանում է, մյուսը՝ մնում " 

սիրահարները
մոռանում են իրենց խոստումները,
փոքր ժպիտով ու ժեստով
 հրաժեշտ տալիս 
իրար,
ու..
երբ մեկը գնում է, մյուսը` մնում,
մեծ սերն այլևս հասցե չի ունենում:

մի՞թե որսում ես միայն երիտասարդությունը.
արդյոք ոչինչ չի՞ մնացել..

երբ մեկը գնում է,
մյուսը` մնում,
մեծ սերը փորձանքի մեջ է
ընկնում..

մնա քեզ հետ,
ծերացիր առանց ինձ,
մի կանչիր ինձ,
ջնջիր ինձ,
վառիր իմ իրերը,
բոլոր գրածները,
նվերները..
մնա այնտեղ
վաղը գուցե կհասկանաս..

սիրո և քնքշանքի ժեստերը
նման են ցավից հարբած երկու թռչնի,
երբ մեկը գնում է, մյուսը` մնում
մեծ սերն այլև հասցե չի ունենում..

նա կվշտանա,
նրան կցավեցնեն
օրվա սխալները,
դեպքերը..
երբ մեկը հեռանա, մյուսը` մնա
մեծ սերը փորձանքի մեջ կհայտնվի..

ցավոտ հրաժեշտը
միայն պատրանք է,
եթե սա խաղ է,
ուրեմն թող լինի` չէ!

վերադարձրու ինձ իմ իրերը,
գրածները,
նամակները..
մնա այնտեղ` քեզ հետ,
վաղը գուցե կհասկանաս..
..
նրանք մի օր չեն մոռանա իրենց խոստումները,
և միմյանց կգրեն նույն հասցեով,
մեծ սերը կգիտակցի,
երբ..
մեկը գնա, մյուսը` մնա..


թարգմանեց՝ Ռուզան Պետրոսյանը

Monday, December 2, 2013

Ասա ինչ ես ուտում, ասեմ՝ ով ես դու


Հայաստանում Ֆրանսիական Դեսպանատանը կրկին հանդիպում էր, այս անգամ այն համեղ առիթով էր. լույս է տեսել դեսպանի խոհարար Նիկոլա Նատալինի «Ֆրանսիական հայտնի 60 դասական բաղադրատոմսեր և դրանց ծագումը» գրքի հայերեն թարգմանությունը: Ինչպես միշտ պարոն դեսպան Անրի Ռենոն ջերմ ողջունեց դեսպանատան սրահում ներկա հյուրերին և ներկայացրեց գիրքը, իսկ Նիկոլան նշեց, որ հույս ունի այս գիրքը կօգնի խոհարարության հետ սեր ունեցող և համեղ սնվել սիրող հայ ընթերցողին գտնել իր համար հաճելի բաղադրատոմսեր:
Նիկոլան 8 տարի է, ինչ ապրում է Հայաստանում: Այստեղ գալու առիթը Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոնում խոհարարական կուրս ունենալն էր, որտեղ 2 տարի աշխատելուց և իր հմտությունները տեղի ուսանողներին փոխանցելուց հետո, տեղափոխվում է ֆրանսիական դեսպանատանը դեսպանի խոհարար աշխատելու. արդեն 6 տարի է այդ գործին է:

Նիկոլան հասցրել է նաև հայերենին լավ տիրապետել և վարժ խոսել:
    
   
" Այն ժամանակներից ի վեր, երբ ես սկսեցի հաճույք ստանալ մայրիկիս պատրաստած համեղ կերակուրները համտեսելուց, ինձ միշտ հետաքրքրել է, թե ովքեր են ստեղծել այդ ախորժահամ բաղադրատոմսերը, որոնք կազմում են մեր խոհանոցային ժառանգությունը, ինչպե՞ս են ընտրել դրանց անվանումները: Ինչու՞, ե՞րբ.. 
Բազմաթիվ հարցեր, որոնք երկար ժամանակ մնում էին անպատասխան.. Ուսումնառության, որոնումների արդյունքում ժամանակի ընթացքում հարցադրումներս պատասխաններ ստացան, և ինձ մոտ ի հայտ եկավ ուրիշներին իմ իմացածի մասին պատմելու ցանկություն, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ինձ նման հետաքրքրվում են որոշ բաղադրատոմսերի ծագումով, գտնեն իրենց հարցերի պատասխանները:
Այս գրքի նպատակը խոհանոցի և հատկապես ֆրանսիական մշակույթի հանդեպ իմ սերը ներկայացնելն է:
Գաստրոնոմիան Ֆրանսիայի պատմության մասն է կազմում: Ի դեպ, Ֆրանսիան միշտ էլ հայտնի է եղել որպես "Սեղանի Արվեստի" հանդեպ հատուկ վերաբերմունք ունեցող երկիր:
Ֆրանսիական գաստրոնմիայի ոչ բոլոր բաղադրատոմսերն են ներկայացված այս գրքում: Նախ և առաջ դրանք չափազանց շատ են: Ֆրանսիան ունի 22 շրջան, մոտ 100 դեպարտամենտ: Կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան բաղադրատոմս է ստեղծվել դարերի ընթացքում: Մյուս կողմից, բաղադրատոմսերի հետ կապված բոլոր պատմությունները չէ, որ հայտնի են, կամ էլ դրանք ավելի շատ առասպելների են նման: Նախընտրեցի ներկայացնել հատկապես միջազգային ճանաչում ունեցող բաղադրատոմսերը, այնպիսիք, որոնց պատմությունն ինձ պատմականորեն նշանակալի և մարդկայնորեն հետաքրքիր թվաց, և որոնք հնարավոր է իրականացնել այստեղ՝ Հայաստանում:", - գրքի նախաբանում նշում է Նիկոլան:

- Ինչպե՞ս որոշեցիր ֆրանսիական գաստրոնոմիայի հայերեն տարբերակը հրատարակել:

- Այս տարիների ընթացքում շատ եմ գնացել հայկական ռեստորաններ, որտեղ ճաշացանկում հաճախ էի հանդիպում ֆրանսիական անունով ուտեստների, սակայն դրանց բաղադրությունը սխալ էր, ամենևին էլ չէր համապատասխանում ֆրանսիական խոհանոցի տվյալ ուտեստին: Շատ էի ափսոսում, և ցանկություն ունեցա իմ գիտելիքները փոխանցել՝ տպագրելով ֆրանսիական ուտեստների բաղադրատոմսերից բաղկացած գիրք: Ցավոք, որքան գիտեմ հայերենով նման գիրք դեռ չկա Հայաստանում և հուսով եմ այն օգտակար կլինի շատերին:

Չէ, գրքում չկան իմ հորինած ուտեստներից, բայց ունեմ գաղափար՝ կուզենայի մեկուկես տարի հետո ևս մեկ գիրք հրատարակվեր, տեսնենք..
Այս գրքում ներկայացրել եմ միայն ֆրանսիական դասական ուտեստների բաղադրատոմսերը և դրանց ծագումը:


- Իսկ գրքի բոլոր ուտեստներն ե՞ն  մատչելի և հասանելի:

- Այո, Հայաստանում բոլորը կարող եք պատրաստել, բացի մի քանի ճաշատեսակից, որը շատ շուտով նույնպես հնարավոր կլինի արդեն պատրաստել. " La bouillabaisse-լա բույաբես"` ձկով պատրաստվող ուտեստ է, "Le lievre a la Royale- լը լիեվղը ա լա ռուայալ" , որը սագի լյարդով է..
 – Նիկոլա, նկատեցի ձախլիկ ես, խոհարարության մեջ օգնո՞ւմ է:

- Ասում են՝ ձախ ձեռքով շատ ավելի համեղ է լինում պատրաստածս, բայց չեմ կարող ասել. պետք փորձել..

զրուցեց Ռուզան Պետրոսյանը


Հ.Գ. - Ի դեպ գրքի մեջտեղում կա գինիների տեսականուց բաղկացած ներդիր, որտեղ յուրաքանչյուր ուտեստի հետ հեղինակը նշում է, թե ո՞ր գինին կամ խմիչքն է ցանկալի համտեսել: 
Գրքի տպաքանակը 1000 օրինակից է և  վաճառվում է գրեթե բոլոր գրախանութներում: Բոլոր գուրմանների համար այն կարող է լինել ամանորյա հաճելի նվեր: