Wednesday, November 20, 2013

Նանա Արամյան. " Մանուշակագույն կերպարները սիրո և սեքսի էմոցիաներ են.. "

 
 Մանուշակագույնով հեղեղված կտավներ, ֆեյշը՜ն , սողունների պատկերով    արծաթյա աքսեսուարներ, կմախքներ, գանգեր, չղջիկ, հեվի մետա՜լ, մթություն ու սև  շա՜տ սև .. ընկերները միանգամից կասեն՝  այո՜, Նանան է: 
 Դե իսկ մանուշակագույն հեղեղ կլինի շուտով, որովհետև Նանան պատրաստվում է  Դալան ցուցասրահում (Աբովյան 12) նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 6-ն ունենալ  "Մանուշակագույն հեղեղ / Violet rainfall " խորագրով անհատական ցուցահանդես:    Բացումը ժամը 18:00-ին է : 
 Իսկ մինչդեռ նրա արվեստանոցում չորանում էին Դալանի պատին հեղեղի պատրաստվող կտավները, ես որոշեցի գնալ նրան հյուր:

 Նախքան հարցս ուղղելը, Նանան պատմեց մանկության ու պատանեկության  հետաքրքիր տարիներից, թե ինչպե՜ս է ազդվել հայրիկի նկարչությունից ու ընտրել  այդ ուղին: Ինչպե՜ս է հայրն իրենց տանիքում սարքել այդ արվեստանոցը, որը հիմա  իրենն է, ու որտեղ մութ էր ու փոշոտ, ու ինչպես էր թաքնվում սարդոստայնով  պատված տեղի մութ սենյակում: Գուցե այդ մանկության հուշերն էին, որ  հետագայում հայտնվեցին նրա կտավներին: Հետո պատմեց իր ուսանողական  տարիներից, նկարիչ ընկերներից, միասին անցկացրած խենթ ժամանակներից ու որ  երբեք չի զղջում, որ հիմա նկարում է և ընտրել է նկարչությունը: Հետո մեզ միացավ  Դիանա Հակոբյանը ու .. մարտինի՜, լիմոն, զեյթուն, շոկոլադ, դառը սուրճ, թաց  կտավներ, ներկերի հոտ, ֆոտոսեսիա, Նանայի "վեդմը՜չկա" հերոսներն ու զրույց:

 - Մի քիչ կպատմե՞ս ցուցահանդեսից, նոր գործեր կլինե՞ն: 
 - Կներկայացնեմ մոտ 13 նկար, որոնք ընտրել եմ 2011-ին "Սև մանուշակագույն զրույցներ"  խորագրով վերջին ցուցահանդեսիցս հետո արված գործերից: Դրանք կարծես այդ թեմայի  շարունակությունը լինեն: Այն գործերն էին, որոնք կիսատ էին մնացել : Նոր արված գործերս  նույնպես տվյալ ոճի մեջ են, նույն թեման է՝ մթության հետ առնչվող էմոցիոնալ  զգացողություններ..
 Օրինակ երբ սևը քսում եմ կտավին, սովորական սև է, բայց ինձ համար բազմաբովանդակ է,  տակը լիքը շերտեր կան. ես սյուրռեալ ֆորմաներ ու կերպարներ եմ տեսնում՝ մարմնական  էրոտիկ, կենսական ուժով: Մերթընդմերթ մթության միջից երևացող անտրոպոմորֆ  կերպարներ են, որոնք քանդականման են. կարծես Քոչարի գործերի ազդեցությունն է: Դրանք  իմ զգացողություններն ու էմոցիաններն են, կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, որը  տվյալ ոճով կարող եմ արտահայտել ..

 - Մի՞շտ ես նկարել այդ ոճում: 
 - Տարիներ առաջ համակարգչային գրաֆիկաներ էի անում՝ պլատաներ, կիբեռնետիկ  ֆորմաներ, կոճակներ, լարեր.. Ինձ դուր էր գալիս: Շատ էի հավանում համակարգչային  մեխանիզմները: Նկարելիս դրանց մեջ նորից սյուռ պահ էի տեսնում. այդ ֆորմաները, որոնք  ֆունկցիոնալ չէին ու չէին ծառայում իրենց նշանակությանը, ինձ համար ինչ-որ էսթետիկ  պահ ունեին, կարծես նորագույն էսթետիկայի ալեգորիա լինեին: Կիբեռնետիկ ֆորմաներին  զուգահեռ կային նաև սողուններ, միջատներ, թիթեռներ..
 Թինեջերական տարիներից սիրել եմ սյուրռեալ նկարիչներին, նրանց ապրելաոճը: Բայց  կարծում եմ, ավելի շատ հայրիկիս եմ պարտական այս ոճիս համար:
 Հիմա էլ նկարներիս մեջ կենդանի ֆիզիկական զգացողությունների հետ զուգահեռ կան նաև  համակարգչային լարեր, կոճակներ:
 - Գրաֆիկ բոլոր գործե՞րդ ես հետո հանձնում կտավին:
 - Կան գործեր, որոնք մինչև  կտավին չտեղափոխեմ, չեմ հանգստանա: Գրաֆիկան ինձ  համար կարծես  նախապատրաստական մի բան է. ինձ չի բավարարում մինչև կտավին չեմ  հանձնում ու յուղաներկով աշխատում..
 - Ունե՞ս գործեր, որտեղ չկա մանուշակագույն:
 - Հա, ունեմ:
 - Իսկ ե՞րբ սկսեցիր սիրել մանուշակագույնը:
 - Մի՜շտ եմ սիրել, շատ էի փնտրում իմ ուզած մանուշակագույնը:Մի օր վերջապես ինձ հաջողվեց գտնել այն ու ասացի՝ " այո՛, ինքն ա՜.. " : Միշտ մտածում էի՝ ինչքա՜ն լավ  մանուշակագույն առարկաներ ունենամ , այդքան ինձ ապահով կզգամ:
 - Հատուկ երգացանկ ունե՞ս նկարելու համար:
 - Նայած ի՞նչ եմ նկարում ու ի՞նչ  տրամադրություն ունեմ: Բայց հիմնականում ունեմ երկու  երգացանկ՝ առաջինում  գերակշռող մասը Լեդ Զեփփելին է. ավելի ռոք-բլյուզ, իսկ մյուսը՝  հեվի մետալ՝ Բլեք Սաբաթ:  Հիմնականում երկու տրամադրության մեջ եմ լինում: Չնայած  երբեմն լինում է, որ դասական ռոք եմ լսում՝ ասենք՝ Ռոլինգ Սթոուն: Բիթըլզ աշխատում եմ  չլսել, որովհետև շատ՜ հեռուն է ինձ տանում , դեպի պատանեկության, մանկության  տարիներ. մի քիչ տխրում եմ.. Կա, չէ՞ երաժշտություն, որ անձնական ապրումների, հուշերի ,  քո կյանքի տվյալ շրջանի հետ է կապված : Այ, այդպես Բիթըլզն է. ուղղակի գիտեմ, որ մի  անկյունում մի հատ ադամանդ ունեմ պահած ու չեմ լսում:



 - Ի դեպ, քո նկարներում իրականում շատերին վանող կամ սարսափեցնող իրերը,  կմախքները, միջատներն ու սողունները կարծես կյանք են ստանում ու հայտնվում  քո հորինած յուրահատուկ աշխարհում: Սա ի՞նչ է, կո՞չ:
 - Կարելի է ասել՝ այդպես է, որ մարդիկ ոչ պետքական բաների մեջ տեսնեն աշխարհներ: Ես  քարոզում եմ, որ այդ կենդանիները, սողուններն ու միջատներն աննկատ չմնան: Ես նկարել  եմ սև ֆոնի վրա գորտիկներ, չղջիկ, մողես, ճպուռ, գանգ, կմախք ու կարծես դա կոչ է, որ  մարդիկ ուշադրություն դարձնեն այն բաներին , որոնք թվում են գոյություն չունեն, բայց  իրենք իրենց համար ապրում են: Գուցե դա էլ իմ մանկությունից է գալիս, իմ սիրած  հեքիաթներից. պահարանի գաղտնիքներն են, որտեղ կենդանիներ են ապրում:
 - Իսկ կտավներիդ մողեսներին, միջատներին երբ իրականում տեսնում ես, ի՞նչ  արձագանք ես տալիս:
 - Ուրախանում եմ՝ հա՜ , կմախքներ, սողուններ .. Գիտես, ուսանողական տարիներին  առնետի ծնոտ ունեի ու կախում էի վզիցս: Հետո երբ փշրվեց, դարդ էի անում. այդ  կերպարները մանկուց էին ինձ գրավում:
 Բայց այս ցուցահանդեսում չկան նրանք, անպայման ուզում եմ հետո ցուցադրել :
 Հելոուինի միֆն ինձ համար ամեն օր է, դրա համար չեմ նշում այն: Մթության մեջ այդ  կերպարները տեսնելու զգացողությունը միշտ կա:
 - Նանա, չե՞ս ցանկացել անիմացիոն մուլտֆիլմ նկարել:
 -Հա՜ շատ կուզեի..
 - Քեզ ի՞նչ դեր կտայիր
 - Օ՜հ, ես  "վեդմը՜չկա " կլինեի..



 - Նկարներիդ ստեղծած "վեդմըչկաները" դու՞ ես, թե՞ նրանց տալիս ես այն  դերը,  որը կուզենայիր ունենալ:
 - Չեմ կարող ասել: Ինձ թվում է՝ ես չեմ, բայց ինչ- որ կերպարներ են, որոնց տալիս եմ այն  էմոցիաները, որոնք կյանքում ունեցել եմ: Դեմքը կարևոր չէ, դրա համար էլ չի երևում: Շատ  դեպքերում իմ կերպարները բերան էլ չունեն. իրենք չեն խոսում, չեն կարող ասել, բայց իրենց  էությունով ամեն ինչ արտահայտում են, լեզուները դուրս են , ինչ ուզում են, անում են:
 Ես տխրում եմ, երբ մարդ մի բան ուզում է ու չի կարողանում անել: Ես աշխատում եմ  անպայման անել ուզածս: Երբեմն զգում եմ, որ չեմ կարողանում և պիտի սպասեմ, որովհետև  բաներ կան, որ ինձանից կախված չեն..
 Օրինակ մի քանի գործերում կնոջ կերպարը տարբեր իրավիճակներում է: Կյանքում լինում է  պահ, երբ ոգևորություն ես ունենում ու այդ ժամանակ դրական-բացասականը քանդվում է ու  անկարևոր լինում: Կարևորն այն է, որ ինչ-որ ձև կարողանում ես արտահայտել տվյալ հոգեվիճակը ու ոգևորությունը, որ ունես: Ու երբ նկարում ես այդ պահը, որ իրական է  դառնում, զգում ես, որ կարողանում ես արտահայտել տվյալ հոգեվիճակդ:
Ապրումների ու իրավիճակի վիզուալիզացիան է, այնպես չի, որ ինչ-որ բան ուզում էի անել ու  չէի արել: Կարծում եմ ՝ օրագրի պես մի բան է, ապրված իրավիճակի արձանագրում:  Նկարչությունը շատ բաների պատասխանը տալիս է, երբ ինչ- որ իրավիճակում եմ ու չգիտեմ՝ ինչ անել, նկարելու պրոցեսն օգնում է ու դեպքերի շարունակությունը թելադրում:

Black Violet Passion
 Սի կնոջ կերպար ծնվեց` "Black Violet Passion" ազդվել էի Կարավաջոյից: Ընդհանրապես նա իմ  սիրած նկարիչն է՝ իր մթությամբ, կիրքով, ասելիքով: Մի անգամ Հռոմում Ֆրենսիս Բեկոնի ու  Կարավաջոյի գործերը նույն տարածքում էին ներկայացված ու շատ էի տպավորվել նրա մի  գործով՝ կտավի վրա ամբողջը սև ֆոն էր ու մեկ ֆիգուր: Հետո այդպես ներշնչված մութ  անտառով գնում էի, վախենալու էր, հիշում էի Կարավաջոյի կտավի սև ֆոնը ու այդ օրվանից սկսեցի սև գույնը լա՜վ օգտագործել ու նկարեցի Սև մանուշակագույն կիրքը (Black Violet  Passion): Այդ կերպարը շատ նման է Կարավաջոյի "Ամուռին": Ինքը ունի թևեր, ծնկին՝ թիթեռ է  նստած, որը սիրո խորհրդանիշ է ու շատ զգայական է: Ընդհանարապես ինձ համար մանուշակագույն կերպարները սիրո ու սեքսի էմոցիաներ են, կենսական ու կարևոր  նշանակություն ունեցող բաներ են:

 - Օրվա պահ ունե՞ս նկարելու համար: 
 - Արդեն երկու տարի է, սպասում եմ մութն ընկնի, նոր նկարեմ: Այնպես է ստացվել, որ ցերեկն աշխատում եմ, իսկ երբ աշխատանքային հոգնածությունն ու լարվածությունն անցնում են, արդեն մութն ընկնում է : Հիմա աչքս արդեն էլեկտրական լույսին է սովորել, չնայած շաբաթ-կիրակի աշխատում եմ ինձ լիարժեք նվիրել նկարելուն:
 
- Ի՞նչ կերպարում քեզ չես պատկերացնի:
- Սպիտակ զգեստներով.չեմ սիրում հագնել: Նաև խիստ գործնական ոճում ինձ չեմ պատկերացնում:

- Նանա, ինչի՞ց ես վախենում:
- Վախենում եմ՝ հանկարծ չկորցնեմ այն թելը, որը կյանքիս  ապրելու ընթացքը կապում է նկարելու հետ: Ինձ համար  մեծ դեպրեսիա կլինի:

 - Կյանքում ի՞նչն է քեզ պակասում:
 - Հը՜մ, չգիտեմ..դժվարանում եմ պատասխանել: Կարո՞ղ է  ոչ մի բան չի պակասում. ամեն  ինչ "օքեյ" է՞.. Մի րոպե  մտածեմ՝ ի՞նչ կուզենայի..



- Ի՞նչ ես փնտրում:
 - Ոգևորություն եմ փնտրում, մուսա եմ միշտ փնտրում:
 - Իսկ ի՞նչ ես գտել:
 - Էլի մուսա եմ գտել , բայց ուզում եմ չկորի ինքը..

 զրուցեց՝ Ռուզան Պետրոսյանը

Comments
0 Comments

No comments:

Post a Comment