Thursday, November 7, 2013

Անժելիք Իոնատոսը Ամբրոնեյի փառատոնում / Angélique Ionatos au festival d'Ambronay



Անժելիք Իոնատոսին ճանաչեցի տարիներ առաջ Issiha ke sigala երգով: Ու սկսեցի այն եթերով հաճախ հնչեցնել: Հետո, չգիտես ինչու, մոռացա երգչուհու մասին, և նրա կատարմամբ այլ երգեր չփնտրեցի

Այս տարի, սեպտեմբերին երբ ներկա եղա ֆրանսիայում տեղի ունեցող Ամբրոնեյի Բարոկկո երաժշտության ամենամյա փառատոնին, հանկարծ ծրագրում տեսա նաև Անժելիքի անունը: Որոշեցի վերջինիս հետ անպայման հանդիպել ու զրուցել:

Կեսօրից հետո Անժելիքն իր խմբով արդեն Ամբրոնեյում էր` թավջութակահար Գասպար Կլոսը և Կատերինա Ֆոտինակը, վերջինս իր գիթառով գրեթե միշտ երգում ու նվագակցում է երգչուհուն:Վերադարձել էին Լոզանում տեղի ունեցած համերգից և պատրաստվում էին արդեն փառատոնի շրջանակներում կայանալիք իրենց համերգի փորձին

Մինչև նրանք կանցնեին իրենց փորձին, ես բացօթյա մի փոքրիկ սրճարանում հարմար տեղ գտա և երգչուհու հետ ջերմ զրուցեցի:
Պարզվում է, Անժելիքն առաջին անգամ էր Ամբրոնեյում, և փառատոնի մասին տեղյակ էր միայն կայքից, որը շատ էր հավանել:

- Անժելիք,  ի՞նչ  երգացանկով եք ներկայանալու:
-
Մեր ակտուալ երգացանկն է, որով գրեթե միշտ հանդես ենք գալիս: Ես որոշեցի ստեղծել մենահամերգի մի ծրագիր Et les rêves prendront leur revanche խորագրով, որը հույն մեծ գրող Օդիսեա Էլիտիսի պոմեի անունն է: Ցանկում ընդգրկված են ինչպես միշտ հույն պոետների խոսքերով գրված արդիական երաժշտությամբ երգեր, որոնց մի մասը ես թարգմանել եմ նաև ֆրանսերենով: Կլինի երեք երգ մեկ այլ կոմպոզիտորների երաժշտությամբ, իսկ մնացածի երաժշտությունն իմն է: 
-
Ի դեպ, այսօր առավոտյան Youtube-ով լսեցի ձեր երգերից մեկը` Amor mio si muero-ն, շատ գեղեցիկ էր, Պաբլո Ներուդայի խոսքերով..
-Այո, ունեմ մեկ ձայնասկավառակ, որի գրեթե բոլոր երգերը նրա պոեմի հիման վրա են գրված. երգում եմ իսպաներենով:
- Մի քանի լեզվով եք երգում, դրանցից քանիսի՞ն եք տիրապետում:
-
 Երգում եմ հունարեն, իսպաներեն և ֆրանսերենով, որոնց էլ տիրապետում եմ: Անգլերեն չեմ խոսում, բայց հասկանում եմ, թեպետ երբեք չեմ երգել անգլերենով :
փորձի ժամանակ
- Իսկ ինչպե՞ս սկսեցիք երգել:
- Իմ ընտանիքում շատ են սիրել երգել. մայրս  սիրողական երգիչ էր: Ընդհանրապես Հունաստանում շատ են երգում:
Մոտ տասնմեկ տարեկանից սկսեցի գիթառ նվագել և պաշտեցի այդ գործիքը: Ավելի շատ հիմա ինձ գիթառահար եմ համարում, քան՝ երգիչ: Միշտ գիթառով էի երաժշտություն հորինում: Այդպես տարեցտարի սկսեցի բեմում հանդես գալ ու արդեն երկար ժամանակ է, ինչ երգում եմ ու ստեղծագործում:  
- Հիմնականում ինչի՞ մասին եք երգում:
- Իմ առաջին ձայնասկավառակը հունարեն-ֆրանսերեն էր, հետո առանձին ալբոմներ թողարկեցի ֆրանսերեն և հունարեն: Նաև ունեմ մի ձայնասկավառակ, որտեղ իսպաներենով կատարում եմ երգեր՝ ֆրիդա Կալոյի սիրո պոեմներից ..
Երգում եմ հիմնականում այն մասին, ինչ պոեզիայում կա՝ սեր, կյանք, մահ..
Ես պաշտում եմ պոեզիան, որն ինձ ներշնչեց երաժշտություն ստեղծել ու վերածել երգի և ներկայացնել այն:
- Իսկ դուք գրու՞մ եք:
- Մոտ երեք երգ ունեմ, որոնց խոսքերը ես եմ գրել: Ընդհանրապես շատ հազվադեպ եմ իմ գրածները ներկայացնում, ավելի շատ նախընտրում եմ ուրիշի բանաստեղծությունն օգտագործել: Ես ավելի շատ երաժշտություն հորինող եմ: 
- Երբևէ ունեցե՞լ եք պահ, որ ցանկացել եք դադարել երգելը:
- Այո, եղել է: Հինգ տարի առաջ ունեցա մի ձայնասկավառակ, և ինքս ինձ ասացի, որ էլ ոչինչ չեմ անելու: Դա էր պատճառը, որ ինտերվալը երկար տևեց, և ձայնասկավառակ չթողարկեցի, ոչինչ չարեցի: 
Բայց ասեմ, երբեք չեմ դադարել երգել, բեմը լքել. պաշտում եմ բեմը.. 
Լինում են պահեր, երբ հիասթափվում եմ աշխարհից, մարդկությունից: Ես սիրում եմ կյանքը, ծառեր, բնություն, բայց երբ աշխարհում վատ բաներ եմ տեսնում, երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ ինչու՞  եմ երգում, ինչի՞ն է ծառայում երգելը..
- Կա՞ մի վայր, որտեղ սիրում եք փակվել:
- Այո, Հունաստանում փոքրիկ տնակ ունեմ, սիրում եմ այնտեղ փակվել: Այ, երբ նման հիասթափության պահեր եմ ունենում, ոչինչ չանելու դադարներ են լինում, փակվում եմ այնտեղ: Ինքս ինձ ասել եմ, եթե մի օր չերգեմ, կգնամ և հողի մշակմաբ կզբաղվեմ, երեխաների կխնամեմ, կենդանի կպահեմ.. Ասեմ, պաշտում եմ երեխաների, եթե մի օր իրոք դադարեմ երգելը, երեխաներ կպահեմ. դա իմ ցանկությունն է:
- Ունե՞ք երեխաներ:
- Այո, տղա ունեմ, բայց արդեն մեծ է՝ 27 տարեկան:
Angelique Ionatos / Bertrand Pichene (c) AMBRONAY
- Շատ հեղինակ կատարողներ իրենց գիթառը համարում են անբաժան ընկեր, իսկ դուք ունե՞ք հոգևոր կապ ձեր գիթառի հետ:
- Չէ, ես չունեմ նման հարաբերություն գիթառի հետ.. այն իմ գործիքն է և վերջ:
- Կամակո՞ր գործիք է:
- Այո՜, պետք է միշտ նվագել: Այն մի գործիք է, որ պիտի ամեն օր նվագե՜ս, նվագե՜ս..
Իմ գիթառը շատ կաևոր է ինձ համար, ինչպես՝ իմ ձայնը, դեռ ավելին.. Գիթառը մեկն է, որը կյանքում միշտ ինձ հետ է, ինչպես իմ ձայնը, որը նույնպես իմ գործիքն է:
- Ումի՞ց եք ժառանգել ձեր անունը:
- Անունս հունարեն Այգելիեկի է,  տատիկիս անունն է, որը թարգմանել ենք՝ Անժելիք:
- Ֆրանսիական երգ կա՝ Ես սիրահարված կին եմ.. Իսկ դուք ի՞նչ կավելացնեք՝ երջանի՞կ, տխո՞ւր..
- Ամեն  ինչ, ինչպես բոլոր կանայք: Կարծում եմ՝ ես մեկն եմ, ով կարիք ունի ապրելու, ժպտալու, կիսելու իր էմոցիաները.. Չեմ կարող ասել՝ երջանիկ, ավելի շատ ՝ ուրախ եմ: Ուրախությունն ինձ համար ավելի նախընտրելի է,  քան երջանկությունը: Այն կարծես երաժշտության  հարմոնիան է. մոռացնում է ամեն ինչ..

զրուցեց Ռուզան Պետրոսյանը
Comments
0 Comments

No comments:

Post a Comment