Friday, June 27, 2014

Barbara - Göttingen


իհարկե սա Սենան չէ
ոչ էլ Վենսենյան անտառը,
բայց ամեն դեպքում շատ գեղեցիկ է
Գյոթինգենը, Գյոթինգենը՜..

Երբևէ չէի պատկերացնի, որ Բարբարայի այս երգը մի օր էլ ինձ կտանի Գյոթինգեն : Կգնամ , բայց կմոռանամ երգի մասին : Որովհետև անծանոթ քաղաքների անունները չեմ հիշում : Ու ինչպես միշտ, սովորությանս համաձայն, կսկսեմ ամենուր ֆրանսիական  մշակույթ փնտրել, ամեն ինչի մեջ փոքրիկ Փարիզը տեսնել: Ու մագնիսի պես դրանք կձգվեն կողքս, ես էլ ինքնագոհ կշարունակեմ սիրել իմ հորինած այս խաղն ու խաղալ այն, որովհետև այստեղ ես միշտ հաղթողն եմ :
Այդպես էր եղավ. Գյոթինգենում ճիշտ է չհանդիպեցի ոչ մի ֆրանսախոսի, բայց փոխարենը բացահայտեցի կարևորը՝ ֆրանսիական երգարվեստի իմ սիրած կատարողներից մեկի՝ Բարբարայի փողոցը՝ Բարբարաշտրասսեն: 


1964թ. Բարբարան Էքլյուզ բարի աստղն էր (L'Ecluserestaurantbar à vin en France): Երգչուհուն լսելու համար, այնտեղ էր միշտ գալիս Սիբիլլ Պենկեր անունով երիտասարդ մի գերմանուհի: Նա կարծում էր, որ Բարբարայի յուրահատկության շնորհիվ է բարը լի մարդկանցով, որի համար էլ, շատ էր ցանկանում , որ երգչուհին նաև Գյոթինգեն (Գերմանիա) գար: Ապրիլին Սիբիլլը նամակ է գրում Բարբարային, սակայն վերջինս մերժում է:
Այդ տարիներին պատերազմի հետքերը դեռ թարմ էին. Գերմանիան ճանկերի էր նման: Թեպետ Բարբարան վստահում էր Գյոթինգենին, սակայն միանշանակ դեմ էր գնալուն: 

Հրեայի ընտանիքում ծնված երգչուհին, պատերազմի ժամանակ թաքնվում էր, որպեսզի խուսափեր ոչնչանալուց:
Սակայն հանկարծ որոշում է մտածել Սիբիլլի հրավերի մասին, և որոշումը կտրուկ փոխում: Ոչ այնքան բարձր տրամադրությամբ, նա հայտարարում է հուլիսին Գերմանիայում երգելու իր վճռական համաձայնության մասին :

Ժամանման հարթակում երգչուհուն մեծ ուրախությամբ դիմավորում է Հանս-Գունթեր Կլեյնը, որը « Junges Theater » թատրոնի գեղարվեստական  ղեկավարն էր:

Բարբարան դեմքը ծածկել էր, և ներքուստ անհանգիստ էր:
Հանս-Գունթերն առաջարկում է նախքան թատրոն գնալը, քաղաքով մի փոքր զբոսնել, քանի որ այդ ամսին այն շատ գեղեցիկ էր: Սակայն Բարբարան անհանգիստ մերժում է, ասելով, որ ինքը միայն թատրոնն է ուզում տեսնել:
Առաջին օրը երգչուհու համերգը խափանվում է: Ցուցարարները մտնում են նաև թատրոն և դաշնամուրը տեղահան անում: Դա անակնկալի է բերում երգչուհուն, և իր անհանգստությունն ու սառը վերաբերմունքը վերածվում տխրության: Սակայն Հանս-Գունթերն արագ մի բան է մտածում: Դահլիճում ներկա ուսանողների խումբը 22 ժամում թատրոն է բերում ծեր մի կնոջ սև դաշնամուր:
Չնայած երգչուհու նախնական սառը վերաբերմունքին, այնուամենայնիվ, հանդիսատեսը նրան շատ ջերմ է ընդունում և համերգն անցնում է օվացիաների ներքո:
Հանս-Գունթերն առաջարկում է երկարացնել պայմանագիրը. երգչուհին ևս մեկ շաբաթ էլ է մնում Գյոթինգենում: Այդ ընթացքում հասցնում է սիրել քաղաքը, զբոսնել, ուսումնասիրել այն..


« Junges Theater » in Gottingen
Պայմանագրի ավարտի օրը, մեկնումից առաջ, Բարբարան բեմից կարդում է Գյոթինգնենին նվիրած իր քառատողը.

…« Bien sûr, ce n’est pas la Seine,
Et c’est loin du pont de Suresnes,
Mais c’est bien joli tout de même
A Göttingen, à Göttingen »…

Փարիզ վերադառնալիս այն դառնում է երգ, որը միշտ հետևում է նրան: Բարբարան ամենուր բոլոր իր համերգներին երգում այն: 2003թ-ի հունվարին ֆրանկո-գերմանական ընկերության 40-րդ տարեդարձի տոնի ժամանակ կանցլեր Գերհարդ Շրյոդերը երգից մեկ քառատող է կարդում , դիվանագիտական շրջանակներում որպես անսովոր ժեստ .
« Oh, faites que jamais ne revienne
Le temps du sans et de la haine
Car il y a des gens que j’aime
A Göttingen, à Göttingen »

2001թ-ին Գյոտտինգենում բացվում է Բարբարայի անվամբ փողոց՝ Բարբարաշտասսե..
երգը գերմաներենով այստեղ՝
https://soundcloud.com/ruzan-petrosyan-1/barbara-gottingen-deutsch-franzosisch



« Il était un piano noir : Mémoires interrompus » վերնագրով ինքնակենսագրության մեջ երգչուհին գրում է.
"Գյոթինգենում բացահայտեցի այն տունը, որտեղ Գրիմ եղբայրները գրել են մեր մանկության հայտնի հեքիաթները: Դա թատրոնին կից փոքրիկ մի այգի էր, որտեղ մեկնմանս վերջին կեսգիշերին խզբզում էի իմ "Gottingen" -ը:
Ես ներողություն եմ խնդրում, որ երգի բառերը մեկնաբանեցի ոչ այնքան լավ տրամադրությամբ: Սակայն այն վերջնական տեսքի բերեցի Փարիզում: Ուրեմն այս երգի համար պարտք եմ Հանս-Գունթերի համառությանը, տասը ուսանողներին, ծեր տիկնոջ անհանգստությանը և Գյոթինգենի շեկ փոքրիկ երեխաներին.. "



Երգը նվիրված է Երկրորդ Համաշխարհային պատերազմի հիշատակին, որ բաժանում էր Ֆրանսիան և Գերմանիան: Հատկապես երեխաների համար, ովքեր մահացել էին պատերազմի ժամանակ: Այն նաև օրհներգն է Ֆրանս-Գերմանական բարեկամության:  


Գյոթինգենը

իհարկե սա Սենան չէ
ոչ էլ՝ Վենսենյան անտառը,
բայց ամեն դեպքում գեղեցիկ է շատ
Գյոթինգենը, Գյոթինգենը՜

չկան նավահանգիստներ և ոչ էլ մեղեդիներ՝ հին,
ոմանք հառաչում են, ոմանք` թափառում,
բայց մեկ է այստեղ սերը ծաղկում է ապրում
Գյոթինգենում Գյոթինգենում

կարծում եմ, նրանք ավելին գիտեն, քան մենք
Ֆրանսիայի թագավորների պատմությունից.
Հերման, Պետրոս, Հելգա, Հանս
Գյոթինգենում Գյոթինգենում

և ոչ ոք չի նեղանում
բայց մեր մանկության հեքիաթները
" կար մի ժամանակ"-ով էին սկսվում
Գյոթինգենում, Գյոթինգենում:

Իհարկե մենք ունենք Սենա գետ
և հետո մեր Վենսենյան անտառը,
բայց աստված իմ, որքան գեղեցիկ են
Գյոթինգենում, Գյոթինգենում վարդերը՜

մենք ունենք մեր խամրած առավոտները
և Վարլենյան մոխրագույն հոգին
նրանցը նույնպես նույն մելանխոլիան է
Գյոթինգենում Գյոթինգենում:

երբ նրանք ոչինչ չգիտեն ասել
մնում են այնտեղ և ժպտում մեզ
բայցևայնպես, մենք հասկանում ենք նրանց
շեկ երեխաներին Գյոթինգենի

այնպես որ նրանք, ովքեր զարմանում են
և մյուսները, ովքեր ինձ ներում են,
բայց երեխաները նման են
Փարիզում թե Գյոթինգենում:

օ՜հ .. երբեք չեն վերադառնա
ժամանակն արյան և ատելության,
քանի որ կան մարդիկ,
որոնց ես սիրում եմ
Գյոթինգենում, Գյոթինգենում 

և երբ կհնչեր ահազանգը,
եթե պետք էր վերցնել զենքերը 
իմ սիրտը կլցվեր արցունքով
Գյոթինգենի համար Գյոթինգենի համար..

բայց, ամեն դեպքում, շատ գեղեցիկ է
Գյոթինգենում, Գյոթինգենում..

երգը թարգմանեց՝  ես


Ռուզան Պետրոսյան

Հ.Գ.- Այսօր այս կատարումը շարունակվում է սիրված լինել և տարբեր երգիչներ մեկնաբանել են այն յուրովի՝ Կարլա Բրունին , Լարա Ֆաբիանը, Պատրիկ Ֆիորին..և այլն   




Thursday, June 26, 2014

International Handel Festival Göttingen 2014


Գյոտտինգենը Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի երկրամասի մարզերից է, որի կենտրոնը հենց Գյոտտինգենն է : Հազարամյա քաղաքը , գրավեց ինձ իր պատմական տներով, եկեղեցիներով ու բազմաթիվ պուրակներով ու կանաչապատման եզակի պատկերներով: Այստեղ ամենուր ուսանողներ են, այն ուսանողական քաղաք է, հայտնի է Ջորջ Ավգուստի անվան համալսարանով : Այստեղ սովորում են տարբեր երկրներից եկած ավելի քան 25 000 ուսանող :


Գյոտտինգենում կյանքը հանգիստ է ու հետաքրքիր: Առաջին անգամ այցելողի աչքից չի վրիպում սրճարանների, բարերի, երաժշտական ակումբերի մեծ ընտրությունը : Ուսանողների ակտիվության շնորհիվ Գյոտտինգենը նոր շունչ է ստանում ու միշտ երիտասարդ է: 
Առաջին օրը սիրեցի քաղաքը: Եթե նկարեի այն, միանշանակ կանաչ կլիներ: Սիրուն են Գյոտտինգենի երիտասարդները, նրանց մեջ լիքը կյանք կա ու փոխանցում են այն քաղաքին: Սիրալիր են անցորդները, շատ են հեծանվորդները, շեկ են երեխաները, մոտավորվող են բադերն ու  վայրի աղավնիները.. 
Այն մշակութային քաղաք է . գերմանական թատրոնն իր համերգային դահլիճով, սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաեւ բազմազան մշակութային ծրագրեր, փառատոններ:

Գյոտտինգենի մշակութային կյանքի կարևոր մասնիկներից է համաշխարհային ճանաչում վայելող Հենդելի միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է 1920 թ –ին:
Սովորաբար երաժշտական փառատոնները տեղի են ունենամ այն վայրերում, որտեղ կոմպոզիտոները անցկացրել են իրենց կյանքի զգալի մասը կամ իրենց ծննդավայրն է : Օրինակ Բախի փառատոնը Լայպցիգում, Մոցարտինը՝ Զալցբուրգում..
Գյոտտինգենի փառատոնը բացառություն է, քանի որ Հենդելը երբեք չի ապրել այս քաղաքում:
Սակայն 1931թ.-ին Գյոտտինգենում հիմնվել է Հենդելյան միություն, դեռ ավելի վաղ 20-ականներին, կոմպոզիտորի մահից հետո հնչեցվել է նրա օպերեները "Ռոդելնիդա", "Հուլիոս կեսար".. 
30 տարիների ընթացքում Գյոտտինգենի փառատոնը կոմպոզիտորի ծննդավայր Հալլեում ֆորումներ էր ունենում:
 Արդյունքում մինչև 20-րդ դարը ստեղծվեց Հենդելի օպերաների ու օրատորիաների ձայնագրություններից կազմված մի կատալոգ, որոնց մի մասը արված էին հենց Գոտտինգենում  փառատոնի օրերին :
2012թ. Փառատոնի պոստ-արտ ղեկավարը եղավ բրիտանացի դիրիժոր և կլավիսինահար Լորանս Քյումինգը , ով 1999թ.-ին Լոնդոնի Հենդելի փառատոնի երաժշտական ղեկավարն էր նաև : Եվ իզուր չէր, որ հենց այդ թվականին փառատոնը ունեցավ մեծ հաջողություն և ճանաչում: Շուրջ 18 000 այցելու ներկա եղան փառատոնի ավելի քան 80 միջոցառումներին : Տարեկան գագաթնակետը փառատոնի Հենդելի  օպերաներ են :

FARAMONDO International Handel Festival Göttingen 2014

Հաճելի էր նաև ինձ համար առաջին անգամ լսել և դիտել Ջորջ Ֆրեդերիկ Հենդելի "Ֆարամոնդոն" Deutshes Theater-ի դահլիճում, որտեղ օպերային թատրոնի արտիստների դերասանական  խաղը, վոկալը, բեմադրությունը և սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթը դահլիճում գեղեցիկ մթնոլորտ հաղորդեցին և հանդիսատեսին տեղափեցին ֆարամոնդոնյան ժամանակաշրջան :  
Բոլոր դերասանների խաղն ու վոկալը հրաշալի էր, սակայն անհնար է չառանձնացնել երիտասարդ դերասանուհի, օպերային երգչուհի Էմիլի Ֆոնսի թատերական և վոկալային տվյալները, ով վարպետորեն մարմնավորում էր Ռոզիմոնդային սիրահարված ֆարամոնդոյին:

Գյոտտինգենյան փառատոնի երաժշտական ներկապնակը ներդաշնակորեն միահյուսված էր ջազային, ռոք, ժամանակակից, դասական և եկեղեցական երաժշտությամբ:

Ռուզան Պետրոսյան


P.S.- չէի կարող անտարբեր անցնել Գյոտտինգենին նվիրված երգի կողքով, որի հեղինակը ֆրանսիացի հեղինակ կատարող Բարբարան է: Երգի մասին կարդացեք այստեղ՝ Barbara- Gottingen


Tuesday, May 13, 2014

Charles Aznavour- Comme ils disent


Երգի հեղինակը Շառլ Ազնավուրն է, այն գրվեց 1968թ.-ի վերջերին և 70-ականների սկզբին: Թեման հոմոսեքսուալիզմն է, որն այդ ժամանակաշրջանի թիվ առաջին տաբուն էր:
Եթե այլ երգերում տվյալ թեմային մոտենում էին ծաղրանքով և թեթևամտությամբ, ապա Ազնավուրն առաջինն էր, որ առանց սարկազմի և հեգնանքի փորձեց ներկայացնել տրանսվեստիտների Սարասատ փողոցում մոր հետ ապրող միայնակ մարդու պատմությունը:

Շանսոնիեն հիշում է, երբ առաջին անգամ հոմոսեքսուալ իր ընկերների շրջանակներում պատրաստվել է  կատարել այդ երգը, վերջիններիս առաջին արձագանքը սառն է եղել:
"Հետո նրանք ինձ հարցրին, թե ո՞վ է կատարելու երգը: Ես էլ ասացի՝ ես, ինքս: Այնուհետև երկար լռությունից հետո, մեկն անհանգստացած ցանկացավ իմանալ՝ արդյոք ես չե՞մ պատրասվում որևէ հայտարարություն անել:
- Դուք պատկերացնո՞ւմ եք ինձ բեմում նման հայտարություն անելիս. ես հիմա ինձ հոմոսեքսուալի տեղ եմ դնելու, բայց ես այն չեմ:
Այլևս ոչ մի հարց նրանց կողմից "

Երգի խոսքերը գրելիս, Ազնավուրը ներշնչվել է իր վարորդից, քարտուղարից և ոճաբան ընկերոջից: 1972թ.-ին երգն ընդգրկվել է Շառլի "Idiote je t'aime" կոչվող ձայնասկավառակում:
Երգի տեխնո-ռիթմիկ տարբերակը դարձել է հոմոսեքսուալների  գիշերային ակումբի հիմնը:


 Ինչպես ասում են


 ապրում եմ մենակ`
 մորս հետ,
 շատ հին բնակարանում`
 Sarasate փողոցի,
 ինձ շրջապատող ընկերներն են
 կրիան, երկու դեղձանիկն
 ու մի կատու:
 շատ հաճախ մորս հանգստանալ թողնելու համար
 դուրս եմ գալիս շուկա՝ գնումներ անելու..
 ..և խոհանոցում եմ`
 եփում եմ, լվանում, սրբում,
 մեքենան գործի դնում,
 նույնիսկ եթե այն վնասվում է,
 աշխատանքն ինձ չի վախեցնում,
 ես նաև դեկորատոր եմ մի քիչ,
 մի փոքր էլ՝ ոճաբան,
 բայց իմ իրական գործը գիշերն է,
 որ տրանսվեստիտի կերպարում եմ ,
 ես արտիստ եմ,
 ես ունեմ շատ առանձնահատուկ համար,
 որտեղ ներկայանում եմ մերկ:
 սթրիպտիզից հետո
 սրահում տեսնում եմ,
 որ տղամարդիկ չեն հավատում իրենց աչքերին.
 " Օ~հ, ես հոմոսեքսուալ եմ! "
 ինչպես նրանք են ասում:

 վաղ լուսաբացին, մոտ ժամը երեքին
 տարբեր սեռի ընկերներով
 ծխով լի պատահական մի ակումբում
 գնում ենք ուտել-խմելու,
 և մեր սրտերը միմյանց առաջ բացում `
 առանց բարդույթի,
 բացահայտում ենք ճշմարտություններ,
 այն մարդկանց մասին, ովքեր մեզ անտանելի են
 քարկոծում նրանց,
 բայց դա անում ենք հումորով,
 թաքնված բառախաղով ու
 մեղմ թթու խոսքով,
 ահա և գալիս են ուշացածները,
 տպավորություն թողնելու համար
 քայլում են` օրորվելով 
 խենթ աղքատներ ձևանում,
 կարծում են մեզ են կրկօրինակում,
 ծիծաղելի է.
 այդ շարժուձևը, բարձր խոսելը,
 խաղն աստվածուհիների և տենորներ հիմարության..
 ես, ծաղրուծանանքը
 ինձ մնում է սառը լինել,
 և հետո դա ճիշտ է.
 - ես տղամարդ եմ, օ~հ!, ես հոմո եմ!
 ինչպես նրանք են ասում:

 այն ժամին, երբ ծնվում է նոր օրը,
 ես վերադառնում եմ`
 գտնելու իմ շահումը մենության,
 ես հանում եմ իմ թարթիչները, պարիկը,
 ինչպես մի խեղճ դժբախտ ծաղրածուն
 ձանձրույթից:

 պառկում եմ, բայց չեմ քնում,
 մտածում եմ իմ տրտում սերերի մասին`
 այնքան անբավ,
 այն գեղեցիկ տղու ինչպես աստված,
 ով ոչինչ չանելով
 կրակ գցեց մեջն իմ հիշողության,
 բերանս չի համարձակվի երբեք
 խոստովանել նրան գաղտնիքն իմ մեղմ,
 քնքուշ իմ դրաման,
 քանի դեռ օբյեկտն իմ պոռթկումների 
 ամենալուսավոր պահն իր ժամանակի
 անցկացնում է կանանց անկողնում:
 ոչ ոք չունի իրավունք ճշմարտության
 հանդիմանել ինձ ու դատել
 և ես հստակեցնեմ.
 - ինչ լավ է, որ միայն 
 բնությունն է պատասխանատու, եթե
 "ես հոմո եմ, օհ!"
 ինչպես նրանք են ասում..

թարգմանեց՝
Ռուզան Պետրոսյանը






Tuesday, April 29, 2014

my poetry 1


խմածs


գինին թրջեց մազերս ու ավլեց տխուրը ներսիս
գլխիցս պոկեց մտքերս ու պարեցրեց քո ներսում ինձ
միջիս բոլոր վախերը խառնվեցին քաղաքի աղմուկին
ու դու քաշեցիր մազերիս միջից քամու շվվոցի փոշին

լարերը՜ լարերը՜ լարերը՜ ծնգացրին ռիթմերը՜ ռիթմերը՜ ռիթմերը՜
բառերը՜ բառերը՜ բառերը՜ թափվեցին ստվերների խորքից

ծխի մեջ կորած են փաբերը քանի այնտեղ են ջահելները
ծխում են ծխու՜մ են խմում են բոլորը
սեղանին վխտում են դատարկ շշերը
փաբերը՜ փաբերը՜ փաբերը՜
այնտեղ մի՜շտ լիքն են մոխրամանները
գիշերը թափում է իր թևերը ու մաքրում է քո կարմիր շրթներկը
բոլորը ցուցադրում են իրենց տատուները

տատուները՜ տատուները՜ տատուները՜

մետրոյում կծկվում են կատուները 
այնտեղ են ապրում բոմժերը 
ու սլանում են գնացքները 
որից դղրդում են քաղաքի շենքերը
իրար են խառնվում երթուղայինի համարները
իսկ ես հաշվում եմ բոլոր այն կանգառները
 որտեղ սպանել եմ իմ ժամերը

բաղրամյան փողոցում միտինգ է
իսկ ռոսիայում գիշերը պոռնիկ է
պռոսպեկտում մարդը կապում է իր ճամպրուկը
էլի մեկը մի օր լքելու է երկիրը
ու էլի չեն աշխատելու լուսացույցները
քաղաքում պտտվում են բռաբուսները

բռաբուսները բռաբուսները բռաբուսները

ուր են թաքնվում իմ ներսի վախերը 
երբ լարից նորից ծնգում են ռիթմերը

ու քաղաքն էլ ջազ չի լսում

..խնդրում եմ գտիր ինձ..

2014


***

սեքս բարդեր


ուզում ես տուն ունենալ
նորկա մուշտակ հագնել
վարել շքեղ մեքենա
ու սիգար ծխե՞լ 
քնի՛ր հետս փոքրիկս

ուզում ես Տիբեթական մաստիֆ պահել
ադամանդե բիկինի հագնել
ու գնալ սաունա՞
քնիր հետս սիրունիկս

ուզում ես հայտնի լինել
ու դեպուտատ դառնալ
թանկարժեք բրենդից օգտվել
ու հագնել ձիգ զուգագուլպա՞

ուզում ես քո մասին գրեմ
քեզ համար հագուստներ կարեմ
քեզ նկարեմ
ստեղծեմ
սանրվածք հորինեմ
ու հետս Թաիթի տանե՞մ
քնիր հետս հիմարիկս

քնիր հետս
քնիր 
փոքրիկս..

դե, արի
պառկիր մոտս 
համբուրիր ինձ
բռնիր
շոյիր
քնի՛ր հետս
ամե՛ն օր
ամե՛ն ժամ

ուզում ես ուզում ես
սիրե՞մ քեզ
ուզում ես համբուրե՞մ քեզ
ուզում ես պաշտե՞մ քեզ
ստելը հիմարություն է
ասա ճշմարտությունը
և ես կմտածեմ, թե բլեֆ է
ու դու կհաղթես
-ինչպես Poker-ո՞ւմ,-
ասում են ֆիլմում

 ուզում ես երգե՜մ քեզ..

2014

***

բառերի լվացքատուն


մարդիկ չգիտեն թռչել
կամ լինել անտեսանելի
երևի իրենց դա պետք չէ
գուցե ինձ էլ
ես թույլ եմ թե ուժեղ
ինձ արդեն դա չի հետաքրքրում
ես հանձնվում եմ
ժամանակը սպանում է ինձ իսկ ես ոչնչացնում եմ նրան
ես գրում եմ նկարում եմ պարում
ու սպանում դրանք ժամանակի լուսանկարում
ես կարծում եմ ամեն ինչ եմ բայց ճիշտը ոչինչն է
ես ոչինչ եմ ու չգիտեմ ով եմ ինչ եմ
ով  է հորինել սերը
այն սուրճի սերի պես գդալով կարող ես վերցնել ու թափել լվացարանի մեջ
լավագույն դեպքում նվիրել ուրիշին
չէ պետք չէ
մի նվիրիր սերդ
պարտքով տուր բայց մի նվիրիր
ծորակից հոսող բարակ ջրի հետքը կասի երկար ճանապարհ ունես
երկու կետից էլ կհանդիպես նրան
ու դու կփնտրես այբուբենում քո սիրած տառը
նրա տառը
ով քոնն է կամ ուրիշինը
ով է հորինել ինձ
քեզ ու բոլորին
ես կհորինեմ քեզ
սիմոնայի պես
քո տեղը կլինի չատը
տունդ համակարգիչը ես կլինեմ քո կառավարիչը
իսկ իրական կյանքը դատարկվում է
ուզում եմ բերանիս մեջ մնա կերածիս համը
գինու հետքը շրթունքիս եզրին քարտեզ նկարի
ես առաջվա պես ընկերդ եմ
բարի գիշեր
դա միտումնավոր չէր
ուղղակի համընկավ

2014

***

գիշեր ժ 2 : 16


գիշեր 
ժամը 2 անց 16

դու ազատ ես

գիշեր 
2:16

դու միտք ունես

գիշեր
2:16

դու ուզում ես բացահայտ պատռել այն
դու համառ ես
դու տեսնում ես քո միջով ինձ
դու զգում ես
դու խոստանում ես
դու խոնավ ապակի ես
դու մարդ ես
դու անասուն ես
դու գրողի ցավ ես
դու վախկոտ շուն ես
դու քո չհավանած փողոցն ես
քո ցավ պատճառողն ես
դու սիրուն ես
քո չունեցած տունն ես
քո չքնած տղամարդն ես
դու քիչ ես..

գիշեր
2:16
դու ինտերնետ ունես

2013

***

շիկո շիկո շիկահե՜ր


դու բարձրահասակ ես, նիհար ու շիկահեր,
ընկերներդ քեզ շիկո են ասում
դու հագնում ես եղբորդ լայն տաբատն 
և կաշվե գոտիով այն իրանիդ պտտեցնում
քո շորերը միշտ մեծ են քո հագով ,
իսկ 

հեյ, դու աղջիկ ես շիկահեր
եղբորդ լայն տաբատով 
դու գիտես երկու մատով շվացնել
ու հպարտանում ես դրանով 
օհ, իմ շիկո շիկո շիկահե՜ր
ամառները քաչալ ես դու
օհ, իմ շիկո շիկո շիկահե՜ր 
շիկահեր ծնվում են չեն դառնում

2013

***

շատ w6 ապրած օր


նորից գնում եմ ռադիո
բացում եմ միկրոֆոնի պուլտը
ու ասում բարև եթերում էլի ես եմ
իմ սենյակում տաք է իմ տրամադրությունը գուցե վատ է
բայց ասում եմ լավ է լավ է
ու շատ լավ է
լսում ենք ուրախ մի երգ ես պարում եմ
ես մենակ եմ իմ սենյակում
տրամադրող լույսեր եմ ստեղծում
և խաղում եմ իմ խաղը
իրերն են էդ պահի իմ ընկերը
ես խոսում եմ աթոռիս հետ
կռվում եմ փրինտերի հետ
լացում եմ գովազդի հետ
և ուրախանում ինտերնետի կապից
հետո ընդունում եմ զանգեր
բզբզում եմ միկրոֆոնը
ու սկսվում է իմ շփումը քաղաքի հետ

ուրիշ է հայի գիշերային կյանքը
մեկը դժբախտ է իր անկողնում
կամ սիրահարված երազում է
կամ հոգնած տուն է մտել
կամ էլ ընկերոջ հետ է կռվել
մեկը ծննդատանը փոքրիկի  է սպասում
մյուսն էլ նոր է հղիանում
ուսանողը լարված քննություն է պարապում
միայնակ թոշակառուն մենությունն է ինձ հետ կիսում
մեկը վարակվում է իմ սիրած երգով
մյուսը ձայնիս տակ քնում

սուպերմարկետում աշխատողն է նաև իմ ունկնդիրը
կամ էլ անվտանգությունում հերթապահողը
գիշերային ակումբի մատուցողը
կամ էլ քաղաքի թինեջըրը
մեկը խելքից պակաս է
մեկն էլ չափից շատ կիրթ է
մեկը ռաբիս է մյուսը ռոքեր
մեկը պոետ է ուզում է ասմունքել
տաքսու վարորդն ուզում է ողջունել
իսկ հարբած մեկը ուրախ երգ լսել

հետո փակում եմ միկրոֆոնը
անքուն քայլերս Նորքից ինձ իջեցնում են քաղաք
ու անցնում եմ նույն ճամփեքով
ծիրանի չիրը դեռ փռված է իսկ լվացքը վաղուց չորացել է
նույն կատուն էլի իր տեղում մլավում է իսկ շունն ինձ վրա էլ չի հաչում
նա արդեն ինձ լավ է ճանաչում
պատի նկարած սիրտն իր տեղում է
իսկ էն ջահել աղջիկն էլի հացի հերթում է
ու կանգառում սպասում եմ 16-ին մինչև հասնեմ իմ թաղերին..

2013

***

պաղֆյում


ինձ քո հոտն էր պետք
ոչ թե
գիթառդ
երգդ
ու պանիրդ
ինձ քո հոտն էր պետք
ոչ թե
գինիդ
օծանելիքդ
նվագդ
ինձ քո հոտն էր պետք
ոչ թե
մատներդ
ժպիտդ
մազերդ
ինձ քո հոտն էր պետք

..մաքրիր վրայիդ օծանելիքը

2013

***

սի..


եթե երազանքները փոխել լինեին
ես կփոխեի իմ երազանքը
ու կդառնայի ասենք` դարբին
եթե ժամանակը հետ տալ կարողանայի
ես կընտրեի ձեզնից մեկին
ու կդառնայի ասենք` տիկին
եթե կյանքը նորից ապրել կարողանայի
ես կփոխեի շաբաթն ու կիրակին
ու կդառնայի ասենք` վեցշաբթին
..
եթե ''եթե''-ները փոխել կարողանայի
ես կփոխեի ''եթե''-ն ''այնքան''-ով
ու կդառնայի ասենք` այնքա՜ն երջանիկ..

2012

my proses

 

օլյայի մանտյոռ սերը


օլյան 19 տարեկան էր, երբ ամուսնացավ իրենց փողոցից մի տղայի հետ: մի տարի անց ամուսինը մեկնեց խոպան, էնտեղ մի ռուս աղջիկ գտավ ու հետ չվերադարձավ: սկեսուր մայրն էլ օլյային տանից դուրս հանեց, թե` որ երեխա չունես, էլ մեր ինչի՞ն ես պետք:
այդպես հինգ տարի հետո օլյան վեշերը կապեց ու իր հայրենի գյումրիից տեղափոխվեց երևան: աշխատեց, տուն ստացավ ու դարձավ երևանաբնակ:

անցան տարիներ օլյան ոչ մեկի հետ չամուսնացավ, ձեռի հետ ընթացքում 2 սիրեկան ունեցավ, երկրորդի հետ կապը երկար տևեց. իր ընկերուհու ամուսինն էր: օլյան չարացել էր. մենակ իր մասին էր մտածում:

20 տարի հետո, մի օր նրա հետ էլ կապերը խզեց ու մնաց առանց սիրեկանի:

ու մի օր էլ օլյայի հեռախոսը փչացավ, առանց որի նրա կյանքը կյանք չէր: նա մանտյոռ կանչեց:
էդիկը գործիքները վերցրած եկավ օլյայի հեռախոսը սարքելու: էդպես նրան սուրճ հյուրասիրեց, հարցաքննեց, իմացավ, որ իրենից 7 տարի մեծ է, կինը մահացել է, երկու երեխա ունի, հարս, թոռնիկ, ավելին` աշխատող է.. որոշեց հեռախոսը նորից փչացնել:
նրանք ամուսնացան: օլյան խնամեց էդիկին, լողացրեց, թարմացրեց սիրունացրեց , հպարտ մտավ թևն ու քայլեց փողոցով:
նա ուրախ էր, գտել էր իր էդոյին, բայց հենց ջղայնանում էր, ինչ ասես որ նրան չէր ասում:
հիմնական վեճի պատճառը փողն էր. ուզում էր էդոյի աշխատավարձը միայն ինքը տնօրիներ:

այդպես ամեն աշխատավարձ ստանալու նախօրեին, վիճում էին, էդոն էլ վեշերը հավաքում էր, գնում իր տուն: օլյան էլ միշտ վստահ էր լինում, որ էդոն հետ էր վերադառնալու, որովհետև ինքը իրեն խնամում, կերակրում էր: էդպես էլ լինում էր` մի շաբաթ անցնում էր, խաղաղվում էին, էդոն հետ էր գալիս:


ու մի օր օլյան տխուր էր, էդոյի հետ գալու ժամկետը լրացել էր, բայց նրանից լուր չուներ: էդոն համառորեն հետ չէր վերադառնում: նա սկսեց հուսահատվել. էս անգամ վեճը լուրջ էր:

օլյան իր տխրությունը փարատում էր բրազիլիական սերիալներով, ապրում էր հերոսների կյանքով, նրանց նմանեցնում իրեն ու կպած հետևում դեպքերի զարգացմանը:

մեկ էլ օլյան հուսահատ խորը շունչ քաշեց ու ասաց.

- մտքումս բան եմ պահել, եթե գավյոտան սեբաստիանի հետ միացավ ուրեմն էդոս էլ կգա..

2013

***

էնդի վաՂհոլը, ես ու աղջիկների տրիոն


կիսալվացած վրձինով խառնեցի սպիտակը ու բարակ գծերով մի քանի գույներ վրձինից դուրս տվեցին: սպիտակը գունավորվեց:
մեկ էլ էնդին եկավ ու ներկերը կորան: 
սեղանին երևաց սպիտակ A4 թղթի վրա մատիտով նկարածս աղջիկների տրիոյի վերջին կիսատ նկարը:

- հերիք ա էդ թղթի վրա նկարես, փոխիր թուղթդ ու է՜ն մատիտից գնիր,- ասաց էնդին ու երաժշտություն միացրեց
- իյա..! դու էլ ֆեյսբուքում կաս, էնդի?
- ըհըմ, - գլխով արեց ու պարային շարժումներով ուսերը տարուբերեց:
- դե ուրեմն քեզ էլ կնկարեմ, բայց էլի էս թղթի վրա ))
- մեկ էլ քո երազած նկարը կետչուպով կնկարե՜ս,
կե՜տչու՜պո՜վ ..

ակնոցի տակից ձախ ունքը բարձրացրեց ու նայեց աղջիկների տրիոյի նկարին
- աղջիկներ չպարե՞նք
.. ու գնաց էնդին:

մնացի ես ու դիմացս աղջիկների տրիոյի կիսատ նկարը
ու չիմացա էնդին հավանեց այն, թե չէ՞

մեկ էլ աղջիկներից մեկն ինձ աչքով արեց : ու էլի գույներ երևացին ու ականջիս լսվեց.
-ժավե՜լ, ժավե՜լ..

զարթնեցի:

2013

***

բաոնԾի


նա խանութում է աշխատում. շոկոլադ ու գինի է վաճառում: 26 տարեկան է` սև երկար մազերով և մի քիչ թուխ մաշկով: ընկերները նրան բաոնԾի  են ասում, իսկ նա նրան դառը շոկոլադ կասի:
նա միշտ երազում է, նույնիսկ` շոկոլադ ու գինի վաճառելիս: ամենից շատ երազում է հոլիվուդյան ֆիլմում նկարվել.  հավատում է ֆիլմերի սիրո պատմություններին:

երեկոյան կփակեմ խանութը, ինչպես միշտ գայլուկիս համար չեմ մոռանա իր սիրածշոկոլադե պաղպաղակե տորթը ու արագ կվազեմ երթուղայինի հետևից:  մեկ էլհանկարծ պատահաբար ՆՐԱ թևը կդիպչի ինձ ու ձեռքիցս կընկնի շոկոլադեպաղպաղակով տորթը: նա ներողություն կխնդրի,  ես կբարկանամ, որ իմ գայլուկինխոստացած տորթն ընկավ իր պատճառով, կամ էլ կասեմ` ոչինչ: հետո նա կպարզի, որգայլուկն իմ փոքրիկ քաղցրակեր քույրիկն է: միասին կծիծաղենք: նա կառաջարկի մի քիչ քայլել, հետո գայլուկիս համար նոր տորթ կգնենք և ինձ կուղեկցի տուն..  և կսկսենքհաճախ հանդիպել:  
մի օր էլ նա գինի ու շոկոլադ կգնի ու,  ինչպես ֆիլմերում,  մի պատրվակով կհրավիրի ինձ  իր մոտ:  հետո մեղմ բառեր կշշնջա ականջիս ու հարմար առիթին անհագորենկհամբուրի..

.. ու տեղ ֆիլմի ժապավենը կկտրվի. ամենի ինչ կանհետանա, կանհետանամ նաև ես նրա տնից, չի հնչի էլ երաժշտություն, կլինի միայն երթուղայինի ձայնը փողոցում ու շատ մութ մի երեկո..

-հե՜յ, էքսքյուզ մի , յու հիր մի ? քեն յու գիվ մի ը բաթըլ օֆ վայն ընդ բիթըր չոքըլեդ ?
- գնա գրողի ծոցը, անասուն..

ֆիլմի վերջը

2013