Showing posts with label լրագրողական մտքեր. Show all posts
Showing posts with label լրագրողական մտքեր. Show all posts

Saturday, May 21, 2011

Գոհարի մոտ..


սկիզբն  այստեղ


- Ի՞նչ ես ուզում նայեմ, ճակատագի՞րդ, թե՞ անձնական- գործնական կյանքդ,- հարցրեց ինձ Գոհարը :
- Մմմ... չգիտեմ, երևի անձնական-գործնական կյանքս…
- Բայց դա միայն փաստեր կասեմ, գուցե 100 տոկոս ճիշտ չլինի, իսկ ճակատագիրը ընդհանուր է :
- Դե, լավ, ոնց ասեք, ուրեմն ճակատագիրս նայեք :
Գոհարը կարթերը դեմ տվեց ինձ, որ ձախ ձեռքով կիսեմ : Հետո շարեց սեղանին : Իմ և հորս տարեթիվն հարցրեց:
- պապայիդ արմատները որտեղի՞ց են :
-Մոկսից:
-Անունդ ո՞նց էր:
-Ռուզան, բայց անձնագրով` ՌուզանՆԱ :
- Գիտես ի՞նչ է նշանակում :
- Կարծեմ` շեկ, ղուս…
- Իսկ ծագո՞ւմը :
- Եթե չեմ սխալվում վրացական ծագում ունի, Ռուզունդար անունից է…

rupe
- Քեզ վրա հայրական գեներից եկող անեծք կա : Դա փոխանցվում է սերնդեսերունդ : Ավելի լավ էր 3 հատ թուղթուգիր լիներ, քան էդ անեծքը : 
Ճակատագիրը քեզ միջին վիճակում է ստեղծել` ոչ շատ հարուստ, ոչ էլ` աղքատ : Դու ամեն ինչին հասնում ես ինքնուրույն ու շատ մեծ դժվարությամբ : Դու չես պլանավորում. քեզ մոտ հանկարծակի է ամեն ինչ լինում: 
Եթե պլանավորում ես, չի կատարվում :  Եթե ինչ որ բան ես անում , ուրեմն մինչև ժամը 4-ն ես անում,  հետո էլ  չես անում : Երեք բան է քեզ անհանգստացնում` վստահություն, մենակություն և ջուրը : Երբ հայտնվում ես ջրում, անհանգստանում ես, միշտ փորձում ես զգույշ լինել : 
Կարծես քեզ միշտ մի չար էներգիա է հետապնդում, դա հենց էդ անեծքն է: Որ պարզ դառնա, ասեմ`երբ փողոցով քայլում ես, երբեմն քեզ թվում է, որ ինչ որ մի ստվեր քեզ հետևում է, դա հենց էդ անեծքի էներգիան է :
-Իսկ ես ինչպե՞ս կարող եմ այն վանել ինձնից . արհամարհելով կամ չհավատալով հնարավո՞ ր է..
-Չէ, ինքը հզոր է, իրեն չես կարող արհամարհել, պիտի... մմմը~.. մի ձևով պիտի պայքարենք, որ հանենք այն, աղոթելով ու դանակ , ջրով.. Դե ես քեզ չեմ ստիպում ; Բայց կարող եմ ասել, որ էդ էներգիան չի թողնում, որ դու քո կյանքով ապրես: Դու քո ճակատագրի միայն 35 տոկոսից ես օգտվում, դրա համար միօրինակություն է.. մինչև հոկտեմբեր կտևի....

Եթե չես հավատում գնա մտածի
rupe









-Իսկ ամեն շաբաթ եք գնո՞ւմ մանկատուն :
-Չէ, հիմա էլ չեմ գնում, առաջ երբ մենակ երեխաներին էի բուժում, գնում էի : Արդեն երեք տարի է, այլ հրահանգ եմ ստացել, ու այս գործով եմ զբաղվում: Մինչև մյուս տարվա հուլիս կվերջացնեմ նաև սա ու չգիտեմ` հետո ինչ կանեմ :
-Իսկ օգնություն անո՞ւմ եք :
-Դե ասեմ, ես 50 ծանր հիվանդ ունեմ, որոնց անվճար բուժում եմ: Չգիտեմ դա կարող եմ օգնություն համարե՞լ, թե՞ չէ : Ունեմ նաև շատ հարուստ "կլիենտներ", որոնցից շորեր եմ վերցնում, տալիս աղքատ հաճախորդներիս .... …..................................................
-Կարո՞ղ եմ ձեզ նկարել :
-Չէ~, ազիզ, ես նման բաներ չեմ սիրում, խուսափում եմ, հետո կարիք էլ չունեմ երևալու, համ էլ հավես չունեմ` հարկայինը գա…

Ճանապարհին մտքերով էի, մինչև Գոհարն անցավ պատմության գիրկը:

Մնացյալը NO COMMENT-ն է;)

Saturday, May 14, 2011

գնացի բախտ նայող Գոհարի մոտ


սկիզբն այստեղ

rupe
Բախտ նայող Գոհարի տունը գտնելը դժվար չէր : Մտա նախասրահ, հերթ էր : Փորձեցի խախտել լռությունը :
- Կներեք մինչև ժամը քանի՞սն է նայում ,- անորոշ հարցրեցի :
- Մինչև ժամը 3-ը, բայց եթե քիչ մարդ է լինում, իրենց էլ է նայում,-ասաց բազմոցին նստած կինը. մշտական հաճախորդն էր : 
- Իսկ ինչո՞վ է նայում :
- Չգիտեմ, ես էլ եմ առաջին անգամ գալիս, ինձ խնդրել են մեկի նկարը բերեմ,-ասաց կողքիս աղջիկը :
- Կարթով է նայում,- միջամտեց բացմոցին նստած կինը,- էսօր նկար նայելու օր չի, բայց կարող եք հարցնել, մեկ էլ տեսար նայեց :
- Իսկ փողո՞վ է նայում,-հարցրեցի :
-Դե փող չի ուզում, բայց դե ում մտքով ինչ անցնի, տալիս է: Բայց դե 1000 դրամից պակաս հո չես տա՞ : Նենց չի, որ ինքն ասի` մինչև չտաք, չեմ նայի : Հետո իր էն ա լավը, որ անտեղի քեզ չի տանի- բերի : Կարողա նայի քեզ ու ասի, որ իզուր ես եկել ու քեզ բան չունի ասելու : Ախպորս աղջկա ընկերուհին եկել էր, ասեց. " Դու ինչի՞ ես եկել, քո ի՞նչը նայեմ: Դու նայողի տունը գործ չունես անելու:" Երեխուն հետ ուղարկեց :
- Իսկ ճի՞շտ է նայում :
- Հա, շա~տ : Ես էլ, որ առաջին անգամ եկա, չէի հավատում, ձեզ նման կասկածում էի, բայց որ նայեց, հիմա շատ եմ հավատում : Ինձ շատ ա օգնել : Ես ինձ համար չեմ եկել, ախպորս ընտանիքի համար եմ եկել : Շատ ա օգնել : Ախպորս աղջիկը, չեմ ասում ում աղջիկն ա, ի~նչ պաշտոն ունեն ծնողները : Երեխուն 18 տարեկանից նենց ուզողնե~ր ուներ, մեկը մեկից լավ, բայց հետները դուրս էր գալիս ու հետո չէր ուզում ամուսնանար : Միանգամից թարսվում էր : Հիմա 24 տարեկան ա, եկանք Գոհարի մոտ, երկու ամիս անցավ, նշանվեց: Թո~ւ թո~ւ թո~ւ... շատ լավ ա :
- Իսկ, կներեք մի բան հարցնեմ, դուք թուղթուգիր ու նման բաների հավատո՞ւմ եք,- հարցրեց կողքիս աղջիկը :
- Հա~, բա ինչ ա, ես իմ փորձից եմ ասում, ուրիշի փորձը չեմ ասում, մեզ օգնել ա Գոհարը : Կարևորը հավատն ա, պիտի հավատաս, որ ստացվի: Հետո ասեմ ինքը շատ լավ մարդ ա, լավ հոգեբան...
- Հա~, ճիշտ ա, ինքն իսկապես հոգեբան ա, չգիտեմ մասնագիտությա՞մբ, թե՞ նենց, բայց կարողանում ա մարդկանց հետ խոսել, օգնել,- միջամտեց բազմոցին նստած մեկ ուրիշ կին: 
-Հետո, ասեմ, ինքն ամեն շաբաթ կիրակի մանկատուն ա գնում, մարդկանց օգնում: Չգիտեմ, երեխեք ջան, ինձ որ շա~Տ ա օգնել, ես ա~յ սենց գոհ եմ... Դե, ձեզ հաջողություն, իսկ էդ թուղթուգիր անողներն ինչ անում են, իրենց թող կպնի,- ասաց էլի նույն կինն ու գնաց :

Վերջում մնացինք ես ու կողքիս աղջիկը. ատամնաբույժ էր ու ամուսնալուծված:
Հերթը հասավ ինձ, աղջիկը պայծառ լավատեսական ժպիտով դուրս եկավ Գոհարի մոտից և բութ մատը վեր պահելով ուրախ ու հաստատակամորեն ինձ մտերմիկ շշնջաց.
- Ըհը~, ա~յ սենց ա, դե պակա ;
-Ինչի՞ համար ես եկել, - հարցրեց ինձ Գոհարը :
Պատմեցի նրան ամեն ինչ, ասացի իրականությունը, որ ուզում եմ գրել այդ մասին:
-  Ճիշտն ասած, էսօր վախ չափելու օր է, բայց ես մարդկանց չուզեցի մերժել ու նայեցի: Էսօր էներգիայի 70 տոկոսն եմ ստանում : Լավ արի քեզ նայեմ, տեսնեմ, կստացվի թե չէ, փորձենք էներգիայիս կեսը գործի դնել,- ասաց Գոհարը : Հետո կարթերն ինձ դեմ տվեց.
-Կիսիր :
Կիսեցի:
-Չէ~, բան չստացվեց, նորից կիսիր:
Կիսեցի :
Կարթերը շարեց սեղանին :
-Տես, չի ստացվում, բան դուրս չեկավ էներգիան փակ է : Դու մյուս շաբաթ արի, ես կնայեմ :
-Իսկ լինո՞ւմ է, որ մարդու էներգիան փակ է լինում ու չեք կարողանում նայել:
-Հա~, պիտի բաց էներգիայով գան ,  կիսվեն ինձ հետ, ասեն ի՞նչ պռոբլեմ ունեն, որ կարողանամ օգնել: Օրինակ էսօր չորս հոգու տուն եմ ուղարկել:

rupe
Գոհարը 30 տարի է նայում է, մարդկանց հոգիներն է տեսնում, հիշում, զրուցում: Հաց գրեթե քիչ է ուտում, բայց լիտրերով ջուր է խմում : Ասում է, որ ջուրը մաքրում է վատ էներգիայից : Իր ընտանիքին նայելը խստիվ արգելված է. երբեք աղջկան չի նայել: Արթնանում է օրվա հրահանգով ու անցնում գործի: Կնայի այնքան ժամանակ մինչև վերին ուժերը կարգելեն:
Մյուս շաբաթ իմ պայմանավորված օրը բաց էներգիայով կգնամ Գոհարի մոտ: Տեսնենք կարթերն ի՞նչ կասեն
Ի՞նչ իմանաս. մե~ծ ԱՇԽԱՐՀ ու մեկ ԳՈՀԱՐ :

*շարունակությանը հետևեք այստեղ 

Saturday, April 16, 2011

Դեսպանատանը երեկույթ..



 
Ֆրանկոֆոնիայի ամսվա փակման կապակցությամբ, Ֆրանսիական Դեսպանատանը եղավ փոքրիկ երեկույթ: Միջոցառումների մեկնարկը մարտի 15-ից էր:   

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան պարոն Անրի ՌԵՆՈՆ ողջունելով ներկաներին, նշեց, որ Հայաստանում ֆրանկոֆոնիան իր ուրույն տեղն ունի, և բացի պրոֆեսիանալ կրթություն ստացողներից շատերին է գրավում ֆրանսերենը:

             

Պարոն դեսպանն ամփոփեց ֆրանկոֆոնիայի ամսվա կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումները` առանձնացնելով երգչուհի Լառա Ֆաբիանի համերգը մարզահամերգային համալիրում:  Ինչպես նաև հավելեց, որ նախորդ երեկույթը դեսպանատան այս սրահում հենց Լառա Ֆաբիանի այցի առիթով կազմակերպված ճաշկերույթն էր:
  “Ֆրանկոֆոնիայի սիրտը մեծ է. նունիսկ ոչ Ֆրանկոֆոն երկրների համար տեղ կա, ”- եզրափակեց Անրի Ռենոն:


Sunday, April 10, 2011

ամեն ինչ լա~վ է լինելու...


Բոլորն էլ տարօրինակ բովանդակությամբ հաղորդագրություն ստանում են : Ես էլ բացառություն չեմ: Սակայն այս հաղորդագրությունը, չգիտես ինչու, կարծես տարբերվեց մյուսներից: Այդ մասին չէի գրի, եթե այսօր այն չունենար շարունակություն :  Մարտի 8-ին  բազմաթիվ շնորհավորանքներով հաղորդագրություններիս մեջ, հանկարծ նկատեցի սա .
« ուզում եմ, որ ասես ամեն ինչ լավ է լինելու » : 
Հեղինակն անծանոթ էր. անոՆիՄուս : 
 Ինչպես, ասենք` բժիշկը կմտածեր, որ հաղորդագրության հեղինակը հավանաբար իր հիվանդներից մեկն  է, դերասանը կկարծեր` իր հանդիսատեսն է, դասախոսն էլ` իր ուսանողը, ես էլ այդ մոտեցմամբ մտածեցի` հավանաբար ունկնդիր է : 
Պատասխանեցի`
« ասում եմ` ամեն ինչ լավ է լինելու » :
Ու վերջ թեման փակվեց : 

Այսօր իմ առեղծվածային անծանոթից կրկին ստացա հաղորդագրություն .
« Շնորհակալ եմ պատասխանիդ և համոզիչ խոսքերիդ համար : Ինձ հավատացրեցիր, որ ամեն ինչ լավ է լինելու  ու ես հավատացի : Իսկապես ամեն ինչ հիմա շատ լավ է, ես շատ երջանիկ եմ : Շնորհակալություն » : 

Ա~յ քեզ բան : Տարօրինակ էր ու զարմանալի… Ինչևէ : Ուրախ եմ, որ իր մոտ ամեն ինչ լավ է, բայց ո ՞վ էր նա և ինչո ՞ւ էր ուզում հատկապես ինձանից լսել այդ արտահայտությունը,  այդպես էլ չիմացա:  Ոչինչ, ինչպես ասում են` այստեղ դոմինանտը երջանկությունն էր : 

Գուցե կլինեն մարդիկ, որ դեռ չգիտեն` լա՞վ է լինելու, թե՞ վատ : Ուզում եմ նրանց համար էլ ասել. « մարդի~կ, ամեն ինչ լա~վ է լինելու, հավատացե′ք » :

Saturday, March 26, 2011

էլի հեքիաթ..

Մագգի ֆարոյի 

արտաքինն ինձ Սեզարիա Էվորային էր հիշեցնում, իսկ ձայնը Անժելիք Կիդժոյին: Վստահ էի, որ կրկին լավ երեկո էր սպասվում: Մագգին Անթիլյան կղզիներից է եկել և ասում է, որ հայերն իրենց նման ամեն տեղ կան: Սիրեց Հայաստանը, իր անկեղծ էմոցիաները փոխանցեց նաև մեզ` անթիլյան մեղեդիները տարածելով դահլիճում:  Եվս մեկ անգամ համոզվեցի, որ սևերը ամենաերաժշտականն են. նրա հրաշալի ձայնը շոյեց բոլոր զգայարաններս` չափազանց անկեղծ էր և  հոգով էր երգում, պատմում, կատակում, սեթևեթում: Իզուր չէր անունը Մագգի` յուրահատուկ կախարդանք ուներ: 

Երբ երեկոն ավարտվեց, Մագգին չէր ուզում բեմից իջնել. ուզում էր մեզ հետ հաղորդակցվել: 
Հետո որոշեց Բիգինա պարել սովորեցրել: Միանգամից հիշեցի Տրենեի Բիգինա Բանգոն: Պարեցինք: 
Նա նորից հեքիաթ պատմեց: Դահլիճում իր հայրենակիցներից մեկն էլ կար, ով սկսեց ձայնակցել: Նկարվեցին: Ամեն ինչ լավ էր.. 



Հ.Գ.- համոզվեք, որ Մագգիի ձայնն անկրկնելի էր

     

Friday, March 25, 2011

Ռոբերը հեքիաթ է պատմում ու.. մինչև այդ


Հասա Սայաթ-Նովա 37 շենքի մոտ քթիս խորովածի հոտ դիպավ: Տեսնեմ` շենքի երեխաները թաքուն ինչ-որ մեկին ծիկլատում են: Հետաքրքրությունից դրդված` մոտեցա նրանց: 
Հը~մ.. Բակում երկու տղամարդ խորոված էին անում: 
Ես էլ քաղց զգացի, բայց քայլերս արագացրի, որ ցրտից մի քիչ տաքանամ..

  

Հասա ռադիոտան մոտ, արդեն մոռացա խորովածի մասին..

Նարեկացի արվեստի ինստիտուտ` հեքիաթ լսելու էի գնում: Այս անգամ Ռոբեր Ամյոն էր լինելու` ծագումով Քվեբեկից: Մտածեցի` լավ է,  հեքիաթ կլսեմ, կմոռանամ խորովածի մասին, ցրտի մասին:
Ռոբերը հետաքրքիր կերպար է, նրա պատմելու տեխնիկան տարբերվում էր մյուսներից: 


Ասեմ, նա ապրում է Սավուայի լեռներում, 1200մ բարձրության վրա գտնվող հին տնակում: Բացի հեքիաթներից, նաև երգում է ու նվագում: Հետաքրքրվում է ժողովրդական երաժշտությամբ ու գործիքներով: Հիմնականում  ներկայացնում է ընտանեկան պատմություններ, անեկդոտներ, իսկ հայտնի հեքիաթներն էլ սիրում է հումորով պատմել: 
Թեման էլ ընտանեկան պատմություն էր ու որքան էլ տարօրինակ լինի` ուտելու մասին էլ անդրադարձավ: Հարսանիք, հարս ու փեսա, հարսանեկան տորթ, որն ի դեպ մի քանի հարկանի էր, հետո` միս, պիցցա.. ու ես այստեղ սկսեցի կրկին հիշել խորովածը, իմ քաղցը, չնայած այն բանին, որ այդ ամենը ուղեկցվում էր թռչող միջատի արկածով: Մի խոսքով, շատ հետաքրքիր կատակներ էր անում, երգում, նվագում, ինչպես միշտ հանդիսատեսը նույնպես երգին մասնակից դարձավ, երգեց ու ժպիտը դեմքին հեռացավ: Մեկ հեքիաթի երեկո էլ ավարտվեց, իսկ ես մոռացել էի, որ պայմանավորվածություն ունեմ: Շտապեցի Ռոբերին ասելու, որ նա genial է,  ինչը իսկապես այդպես էր ու արագ հեռացա:   



P.S.- Երթուղայինի մեջ տաք էր: Հանկարծ կողքիս աղջիկն իր գլուխը կամաց դրեց ուսիս: Աչքի տակով նայեցի` քնել էր:  
Մտածեցի՝ հոգնած է:  Ուսս մի քիչ մոտեցրեցի, որ իրեն հարմար լիներ: 
Այդպես, աղջիկը գլուխն ուսիս հենած քնել էր, իսկ ռադիոյով երգում էին`
- հե՜յ գիտի բլբուլը, սարերի գյուլը՜ս..

Ռուզան Պետրոսյան


Monday, March 21, 2011

Լառա ՖաբՅԱՆ, ես ատո՜ւմ եմ քո ազգԱնունը..


էսսե սևակյան ոճով

Գաղտիքն չէ,  որ մենք սիրում ենք օտարին հայ դարձնելու առիթը բաց չթողնել. Գառուն հայ է, Դիանա թագուհին հայ է.. հիմա էլ փորձում ենք ամեն ինչ անել, որ Լառա Ֆաբիանն էլ հայ լինի: Չէ, հայ չի, բայց համոզված եմ, որ նախորդ կյանքում հայ է եղել: Համերգից հետո ավելի համոզվեցի: Դաշնամուրի վրա նստած երգել, գոռալ, նվվա՜լ… ու նման լիքը բաները բնորոշ են հայ աստղերին: 

Ինչևէ, անցնենք համերգին.  մինչև համերգասրահ մտնելը, նախասրահի ձևավորումը հաճելի հիշողություն արթնացրեց. փոքրիկ Փարիզն էր` իր փողոցների անուններով և նկարներով:  Երբ տեսա իմ սիրելի Ռիվոլի փողոցի պաննոն, վերացա համալիրից..
Այդպես ոգևորված փարիզյան հիշողություններով, շտապեցի համերգասրահ` տեղս փնտրելու, իսկ Ֆաբիանն արդեն տվայտվում էր: 

Համերգասրահի ջեռուցումը հայկական տարբերակով էր, որի պատճառով էլ, խեղճ
երգչուհին  չկարողացավ ցուցադրել գեղեցիկ զգեստը, և մնաց 
իր մուշտակով:
Կարճ ասած` համերգի մասին տպավորություն չունեմ, նշեմ, որ երգչուհին ֆոնոգրամա չէր երգում. կենդանի նվագակցություն, կենդանի ձայն, և ոչ մի "կիքս" չեղավ` հայկական ոճով. 


Ֆաբիանի  ձայնը չկտրվեց, միկրոֆոնը չանջատվեց, կրունկը չմնած փեշի տակ, դաշնամուրն իր ծանրությունից չկոտրվեց, լույսերը չանջատվեցին, ինչ որ մեկը նրա սիրուց ինքնասպան չեղավ.. մի խոսքով, ամեն ինչ նորմալ էր:  


 Երգչուհին դեռ գոռում էր, իր իմացած լեզուներով երբեմն բառեր ասում, հումոր անում, իսկ հանդիսատեսն էլ իր տարերքի մեջ էր. հեյ յու մամբո.. հեյ յու մամբո..  հեյ.. հեյ.. հեյ..  տրալալա..  


Ու այստեղ ես  բացահայտեցի ինձ համար արտասովոր մի բան`  հայ հանդիսատեսն արդեն մասնագիտացել էր ծափ տալու մեջ, ակտիվ էր, երգու~մ էր, վայելու~մ էր..  


                                          " je t'aime"-ը  մինչև երգեց ..


Իսկ երբ համերգը մոտեցավ ավարտին, Ֆաբիանը երգեց Adagio-ն, հանդիսատեսն իր ծափերով ուղղակի գրկեց երգչուհուն` ծա~փ-ծա~փ-ծա~փ.. երջանի~կ հանդիսատես, կարողացավ վայելել իր ծախսած գումարը..


հ.գ.- Հա՜, մոռացա` ԲՐԱՎՈ~ երաժիշտներին, ովքեր իսկապես ինձ ցնցեցի՜ն:

                                վերջում դրսում բոլորին շքեղ հրավառություն էր սպասվում

Համերգից հետո Դեսպանատանն եմ` Ֆաբիանի պատվին ճաշկերույթ էր.  սպասում էինք նրա ժամանմանը: 
Աստղն եկավ սև կիսաբաց "դեկոլտեով",  կրծքի մի մասը երևում էր .  գեղեցիկ էր ու սեքսուալ: 


Ճաշին սեղանակիցներս Երևան պրոդաքըշնի ղեկավարՈՒՀԻներն էին: Պարզվեց մի քանի ժամից, ուշ երեկոյան մարզահամերգային համալիրում Իվ Լարոքի համերգն էր լինելու:
Ինձ էլ առաջարկեցին գալ : Սիրով համաձայնեցի: Ճաշկերույթից հետո նստեցի աղջիկներից մեկի մեքենան և "let's go" համերգի:


Ճանապարհին նրանցից մեկը` ինձ.

-Меня зовут Наташа
- я очень рад а слышала анекдот Наташи?  
" Девушку спрошивает:
- как тебя зовут ?
-Наташа.
-такая маленькая уже Наташа? 
(ժպտում է...)

Friday, March 18, 2011

Օլիվիե Կակուն իսկական կակու էր..




Ֆրանկոֆոնիայի օրերն արդեն սկսվել են ...
Ֆրանսիական Դեսպանատանը հանդիպում էր  ֆրանկոֆոն հեքիաթասաց, երաժիշտ և գրող Օլիվիե Կակուի հետ:
Նա ծագումով Կոտ դ'Իվուարից է, ճանապարհորդել է արևմտյան աֆրիկայով` հեքիաթների ու երաժշտության հանդեպ սերը կիսելով տեղաբնակների հետ:
Օլիվիեն, ինչպես աֆրիկացիներին է հատուկ, ռիթմիկ էր, չափազանց շարժուն, երաժշտական ու էներգիայով հարուստ: Յուրահատուկ հումոր ուներ, անմիջական էր ու արտիստիկ, ժպտերես էր, սպիտակ առողջ ատամնաշարով, սեքսուալ հետույքով,  ոտաբոբիկ, մի խոսքով` դրական կերպար էր:



 Ներկայացումների ընթացքում նա նվագում էր տարբեր նվագարաններ` ջեմբե, բոնգո, ակիսսա, նբելեդու, ավոկո:



Ջեմբեն աֆրիկյան գործիք է, և կարծես ավանդույթի նման, սերնդե սերունդ փոխանցվում է:
Գրեթե բոլոր աֆրիկացինե րը կարողանում են նվագել այն: 
Ջամբեն նման է տաբլային, սակայն ավելի մեծ է ու ձայնը տարբեր է, բայց նվագելու տեխնիկան կարծում եմ նույնն է` ռիթմիկ հարվածելը...

Դեսպանատանը Օլիվիեի հետ ես էլ նվագեցի ու շատ կայֆ էր: 
 Միասին նվագեցինք, հետո ես մենակ նվագեցի, ինքն էլ սկսեց պարային շարժումներով դես ու դեն գնալ:
Օլիվիեի ջերմ հանդիպումը շարունակվեց Նարեկացի արվեստի միությունում, այնտեղ նա հեքիաթներ պատմեց, հումոր արեց և նույնիսկ հասցրեց հայերին աֆրիկյան երգ սովորեցնել և վերջում ինչպես ինքն ասաց` եթե այս երգը իմանանք, կարող ենք վստահ լինել, որ դեպի Աֆրիկա տանող շենգեն-վիզան պատրաստ է ..
բոլորը երգում էին նրա հետ` կելե, քակա տա, կիռակամատա.. 
Հեքիաթների փառատոնը Նարեկացիում դեռ շարունակվում է:



Ռուզան Պետրոսյան


Wednesday, March 16, 2011

անցյալի հիշողություններ կամ կորած սևագիրս


Ժամանակին  “վատ” սովորույթ ունեի (հիմա էլ ունեմ), երբ  որևէ  հետաքրքիր արտահայտություն կամ գեղեցիկ երգ էի լսում, միանգամից գրառում էի ձեռքիս տակ եղածի վրա` անձեռոցիկ, ձուգարանի թուղթ, կոշիկ, հողաթափ, տետր, տան պատեր.. Դե քանի որ անգլերենով էր,  լսածս երգի վերնագիրը մինչև  հասցնում էի մարսել, արդեն մտքիցս թռած էր լինում, ես էլ փոխարենը երգին բնորոշ “քոմենտ” էի գրում. “երգչի կամ խմբի անունը + ասենք` “կայֆ երգ, շատ կայֆ, միջին կայֆ, ռոմանտիկ երգ,  դեպրեսիվ, գժական… ու տենց…”

 
Անտրամադրություն, նյարդ, անորոշություն..  ուզում ես իսկապես թողնել ամեն ինչ ու բոլորից հեռու մնալ, հեռանալ,  թռչել.. ու նետվում ես դեպի թափթված դարակներդ, որտեղ քո կյանքի մի մասն է, փորձում ես դասավորել այն:  Խառնաշփոթ է, չգիտես որտեղից սկսել, վերցնում ես թղթերը մեկը մյուսի հետևից տեղավորում, հետո տեղը փոխում .. չէ,  զգում ես, որ չի ստացվում, լավ է դարակդ էլի մնա թափթփված: 


Փակում ես դարակի դուռը ու չի փակվում` ինչ որ մի բան խանգարում է,  սեղանդ սկսվում է տեղաշարժվել .  ոտքի տակ դրված սովետական տարիներից մնացած կոշիկի  ռեզինե տափակ կրունկը  դուրս է թռել տակից, վերցնում ես, որ նորից տեղավորես սեղանի ոտքի տակ, որ չշարժվի, մաքրում ես փոշին ու վրան կապույտ գրիչով բան է գրված. “ Muse- ….tion թռիչքային լավ երգ, կոսմոս...”  :  
 Ռեզինե տափակ կրունկը գցեցի  մի կողմ ու շտապեցի Youtube-ում փնտրել այն, որովհետև այսօր հենց թռիչքն էր իմ ուզածը,  լսում եմ  Youtube-ի ներկայացրած Muse-ի երգերը.. 
Գրում եմ` թռիչք,  թռչել, կոսմոս երկինք և Google բերում է այս տարբերակը leap, fly, Space, Sky  Չէ, իմ  “լավ երգը” չեմ գտնում , որն ինձ կտաներ ասենք՝ “կոսմոս” , կթռչեի, կհասնեի աստղերին..   և  մոտս հիստերիա է սկսվում:  
 Ինչ արած, լսում եմ Muse “hysteria” … 

Հ.Գ.- ընկերներիցս մեկին նամակով նկարագրել եմ երգը, հենց պատասխան ունեցա, գտա երգը, անպայման կգրեմ:
Եթե ունեք տարբերակներ, գրեք, շնորհակալ կլինեմ…
----
15 րոպե հետո
տարբերակներ եղան, բայց ի վերջո գտա  իմ ուզած  երգը sing for absolution-ն է     կոսմոս, թռիչք..  



Հ.Գ.- շնորհակալ եմ, Բյուր, երգի վերնագիրն հիշեցնելու համար...

Monday, March 14, 2011

մեջբերում բելգիացի ընկերոջս` Ջեոֆրոյի նամակից.


Ջեոն ճանապարհորդել շատ է սիրում, արկածներ որոնող է...

" ... արդեն երկար ժամանակ է, ինչ քեզանից նորություն չունեմ, կկարողանաս ինձ նորություններ տալ...?
Ես Իսպանիայում էի. Մադրիդում այցելեցի palais Royale, շատ գեղեցիկ էր:  Արդեն 2 օր է Իտալիայում եմ, կմնամ ևս մեկ շաբաթ: Կարոտել եմ Բրյուսելը… Որտեղ ես հիմա դու? … “
  
  Իմ պատասխանը.
"Ես Երևանում եմ… նորություններ չունեմ, կգրեմ…”

մեկ շաբաթ անց, ևս մեկ նամակ, մեջբերում.
" Արդեն Բրյուսելում եմ, կարոտել էի շանս, Golden Retreiver է, 3 տարեկան , անունը Gipsy է... Մեկ շաբաթից նախատեսել եմ  Ամստերդամ գնալ...Որտեղ ես հիմա դու?"

Իմ պատասխանը.
"Ես Երևանում եմ… նորություններ չունեմ, կգրեմ…”

և այսպես շարունակ` նման բովանդակությամբ նամակներ. ես հիմա այստեղ եմ, կգնամ այնտեղ… իսկ որտեղ ես հիմա դու…?”
իմ պատասխանը.
-ես Երևանում եմ …

Հ.Գ. - ինձ մենակ հայերը կհասկանան        

Friday, March 11, 2011

բախտ նայողի ճանապարհին..

Երբ կինը մոտեցավ ինձ,  մտածեցի` եհովայի վկաներից է ու հիմա պիտի քարոզներ կարդա, թե ուզու՜մ եմ ապրել դրախտում.. ֆլան ֆստան..
բայց մեկ էլ, ի զարմանս ինձ, հարցրեց.
- Ազիզ ջան, բախտ նայող Գոհարի տունը ո՞րն ա: Վա՜յ, արդեն չգիտեմ էլ ինչ անեմ, շատ լավ տղա ունեմ, ոչ մի աղջկա չի հավանում, չի ուզում ամուսնանալ, հիասթափված ա, ամուսնուս ընկերոջ կինն ասում ա` գնա նայողի մոտ, կարող ա գլխին էս քածերն ի~նչ ասես արած լինեն,
-ի՞նչ, - հարցնում եմ:

-շա՜տ իմանամ, ի՜նչ ասես խմացրած կլինեն էլի: Ախր, շատ ներվային ա, օրերով տուն չի գալիս,առաջ շատ խելոք տղա էր.. մտածեցի` հըլը գնամ նայողի մոտ, ասում են` օգնում ա: Հենա ամուսնուս ընկերոջ կինն իր աղջկա համար եկավ. աղջիկը բաժանված ա: էդ Գոհարն ասել էր` քո աղջիկը շատ լեզվային ա, բայց մի կետից փեսադ կգա, կասես աղջկադ`լեզվին չտա, խելոք պահի իրեն ու կմիանան.. էն էլ փեսան եկել էր, էդ աղջիկը, իրոք, կռվել էր հետը ու տենց էլ ընդմի՜շտ թողեց գնաց էդ տղան.. տեսնու՞մ ես ինչ ճիշտ ա նայել..


- վա՜յ, հենա երկու կին են գալիս, հլը հարցնեմ, Գոհարի տան տեղը կիմանա՞ն.. ախր ինձ ասեց` ռեստորանի մոտով փողոց կա թեքվում ես աջ ու ուղիղ գնում, բա ու՞ր ա..
  - Լավ, դե դուք հարցրեք, իրենք տեղի բնակիչ կլինեն, կիմանան..

Ես գնացի, չորս քայլ չէի արել, ետ շրջվեցի` տեսնեմ էդ կինը չկա:
-յա՜, չլինի բախտ նայող Գոհարի կախարդա՞նքն էր, ու՞ր ա կինը?
rupe
Հետո մտքումս խորացա` թուղթուգիր, աչք, չկամեցողություն, նավս.. ու տենց լիքը նման բաներ… Որտեղի՞ց նման բաներն եկան հայերին կպան: 
Իսկ բա որ իրոք ` էդ քածերն էդ տղային բան խմացրած լինե՞ն: Բայց` ի՞նչ:

Չէ, մի օր ես էլ եմ գնալու էդ բախտ նայող Գոհարի տուն, հենց հասնեմ ճանապարհի էդ հատվածը, կկանգնեմ ու կսպասեմ Գոհարի կախարդանքին: Հենց էլ կգնամ ու կասեմ`

Գոհար, էդ ինչի՞ց ա, որ ես էս երկրում հավես չունեմ բան անելու, ինչի՞ց ա, որ էս երկիրն էլ ինձ չի ձգում.. ինչի՞ց ա, որ..
ու տենց լիքը ինչիցներ..


կարող ա մեր երկրի վրա էլ են թուղթուգիր արե՞լ, որ բոլորը լքեն թողնեն մենակ: Չէ, թուղթուգիրը քանդել ա պետք: Ինչպե՞ս: 
“Մեր բակի”  Կարենը կասեր`  դուք փոշեծծիչ ունե՞ք:                                           
Երկիրս փոշեծծելա պետք!!


շարունակությունը կարդացեք այստեղ այստեղ.. 

rupe