Showing posts with label ցուցահանդես. Show all posts
Showing posts with label ցուցահանդես. Show all posts

Wednesday, November 20, 2013

Նանա Արամյան. " Մանուշակագույն կերպարները սիրո և սեքսի էմոցիաներ են.. "

 
 Մանուշակագույնով հեղեղված կտավներ, ֆեյշը՜ն , սողունների պատկերով    արծաթյա աքսեսուարներ, կմախքներ, գանգեր, չղջիկ, հեվի մետա՜լ, մթություն ու սև  շա՜տ սև .. ընկերները միանգամից կասեն՝  այո՜, Նանան է: 
 Դե իսկ մանուշակագույն հեղեղ կլինի շուտով, որովհետև Նանան պատրաստվում է  Դալան ցուցասրահում (Աբովյան 12) նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 6-ն ունենալ  "Մանուշակագույն հեղեղ / Violet rainfall " խորագրով անհատական ցուցահանդես:    Բացումը ժամը 18:00-ին է : 
 Իսկ մինչդեռ նրա արվեստանոցում չորանում էին Դալանի պատին հեղեղի պատրաստվող կտավները, ես որոշեցի գնալ նրան հյուր:

 Նախքան հարցս ուղղելը, Նանան պատմեց մանկության ու պատանեկության  հետաքրքիր տարիներից, թե ինչպե՜ս է ազդվել հայրիկի նկարչությունից ու ընտրել  այդ ուղին: Ինչպե՜ս է հայրն իրենց տանիքում սարքել այդ արվեստանոցը, որը հիմա  իրենն է, ու որտեղ մութ էր ու փոշոտ, ու ինչպես էր թաքնվում սարդոստայնով  պատված տեղի մութ սենյակում: Գուցե այդ մանկության հուշերն էին, որ  հետագայում հայտնվեցին նրա կտավներին: Հետո պատմեց իր ուսանողական  տարիներից, նկարիչ ընկերներից, միասին անցկացրած խենթ ժամանակներից ու որ  երբեք չի զղջում, որ հիմա նկարում է և ընտրել է նկարչությունը: Հետո մեզ միացավ  Դիանա Հակոբյանը ու .. մարտինի՜, լիմոն, զեյթուն, շոկոլադ, դառը սուրճ, թաց  կտավներ, ներկերի հոտ, ֆոտոսեսիա, Նանայի "վեդմը՜չկա" հերոսներն ու զրույց:

 - Մի քիչ կպատմե՞ս ցուցահանդեսից, նոր գործեր կլինե՞ն: 
 - Կներկայացնեմ մոտ 13 նկար, որոնք ընտրել եմ 2011-ին "Սև մանուշակագույն զրույցներ"  խորագրով վերջին ցուցահանդեսիցս հետո արված գործերից: Դրանք կարծես այդ թեմայի  շարունակությունը լինեն: Այն գործերն էին, որոնք կիսատ էին մնացել : Նոր արված գործերս  նույնպես տվյալ ոճի մեջ են, նույն թեման է՝ մթության հետ առնչվող էմոցիոնալ  զգացողություններ..
 Օրինակ երբ սևը քսում եմ կտավին, սովորական սև է, բայց ինձ համար բազմաբովանդակ է,  տակը լիքը շերտեր կան. ես սյուրռեալ ֆորմաներ ու կերպարներ եմ տեսնում՝ մարմնական  էրոտիկ, կենսական ուժով: Մերթընդմերթ մթության միջից երևացող անտրոպոմորֆ  կերպարներ են, որոնք քանդականման են. կարծես Քոչարի գործերի ազդեցությունն է: Դրանք  իմ զգացողություններն ու էմոցիաններն են, կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, որը  տվյալ ոճով կարող եմ արտահայտել ..

 - Մի՞շտ ես նկարել այդ ոճում: 
 - Տարիներ առաջ համակարգչային գրաֆիկաներ էի անում՝ պլատաներ, կիբեռնետիկ  ֆորմաներ, կոճակներ, լարեր.. Ինձ դուր էր գալիս: Շատ էի հավանում համակարգչային  մեխանիզմները: Նկարելիս դրանց մեջ նորից սյուռ պահ էի տեսնում. այդ ֆորմաները, որոնք  ֆունկցիոնալ չէին ու չէին ծառայում իրենց նշանակությանը, ինձ համար ինչ-որ էսթետիկ  պահ ունեին, կարծես նորագույն էսթետիկայի ալեգորիա լինեին: Կիբեռնետիկ ֆորմաներին  զուգահեռ կային նաև սողուններ, միջատներ, թիթեռներ..
 Թինեջերական տարիներից սիրել եմ սյուրռեալ նկարիչներին, նրանց ապրելաոճը: Բայց  կարծում եմ, ավելի շատ հայրիկիս եմ պարտական այս ոճիս համար:
 Հիմա էլ նկարներիս մեջ կենդանի ֆիզիկական զգացողությունների հետ զուգահեռ կան նաև  համակարգչային լարեր, կոճակներ:
 - Գրաֆիկ բոլոր գործե՞րդ ես հետո հանձնում կտավին:
 - Կան գործեր, որոնք մինչև  կտավին չտեղափոխեմ, չեմ հանգստանա: Գրաֆիկան ինձ  համար կարծես  նախապատրաստական մի բան է. ինձ չի բավարարում մինչև կտավին չեմ  հանձնում ու յուղաներկով աշխատում..
 - Ունե՞ս գործեր, որտեղ չկա մանուշակագույն:
 - Հա, ունեմ:
 - Իսկ ե՞րբ սկսեցիր սիրել մանուշակագույնը:
 - Մի՜շտ եմ սիրել, շատ էի փնտրում իմ ուզած մանուշակագույնը:Մի օր վերջապես ինձ հաջողվեց գտնել այն ու ասացի՝ " այո՛, ինքն ա՜.. " : Միշտ մտածում էի՝ ինչքա՜ն լավ  մանուշակագույն առարկաներ ունենամ , այդքան ինձ ապահով կզգամ:
 - Հատուկ երգացանկ ունե՞ս նկարելու համար:
 - Նայած ի՞նչ եմ նկարում ու ի՞նչ  տրամադրություն ունեմ: Բայց հիմնականում ունեմ երկու  երգացանկ՝ առաջինում  գերակշռող մասը Լեդ Զեփփելին է. ավելի ռոք-բլյուզ, իսկ մյուսը՝  հեվի մետալ՝ Բլեք Սաբաթ:  Հիմնականում երկու տրամադրության մեջ եմ լինում: Չնայած  երբեմն լինում է, որ դասական ռոք եմ լսում՝ ասենք՝ Ռոլինգ Սթոուն: Բիթըլզ աշխատում եմ  չլսել, որովհետև շատ՜ հեռուն է ինձ տանում , դեպի պատանեկության, մանկության  տարիներ. մի քիչ տխրում եմ.. Կա, չէ՞ երաժշտություն, որ անձնական ապրումների, հուշերի ,  քո կյանքի տվյալ շրջանի հետ է կապված : Այ, այդպես Բիթըլզն է. ուղղակի գիտեմ, որ մի  անկյունում մի հատ ադամանդ ունեմ պահած ու չեմ լսում:



 - Ի դեպ, քո նկարներում իրականում շատերին վանող կամ սարսափեցնող իրերը,  կմախքները, միջատներն ու սողունները կարծես կյանք են ստանում ու հայտնվում  քո հորինած յուրահատուկ աշխարհում: Սա ի՞նչ է, կո՞չ:
 - Կարելի է ասել՝ այդպես է, որ մարդիկ ոչ պետքական բաների մեջ տեսնեն աշխարհներ: Ես  քարոզում եմ, որ այդ կենդանիները, սողուններն ու միջատներն աննկատ չմնան: Ես նկարել  եմ սև ֆոնի վրա գորտիկներ, չղջիկ, մողես, ճպուռ, գանգ, կմախք ու կարծես դա կոչ է, որ  մարդիկ ուշադրություն դարձնեն այն բաներին , որոնք թվում են գոյություն չունեն, բայց  իրենք իրենց համար ապրում են: Գուցե դա էլ իմ մանկությունից է գալիս, իմ սիրած  հեքիաթներից. պահարանի գաղտնիքներն են, որտեղ կենդանիներ են ապրում:
 - Իսկ կտավներիդ մողեսներին, միջատներին երբ իրականում տեսնում ես, ի՞նչ  արձագանք ես տալիս:
 - Ուրախանում եմ՝ հա՜ , կմախքներ, սողուններ .. Գիտես, ուսանողական տարիներին  առնետի ծնոտ ունեի ու կախում էի վզիցս: Հետո երբ փշրվեց, դարդ էի անում. այդ  կերպարները մանկուց էին ինձ գրավում:
 Բայց այս ցուցահանդեսում չկան նրանք, անպայման ուզում եմ հետո ցուցադրել :
 Հելոուինի միֆն ինձ համար ամեն օր է, դրա համար չեմ նշում այն: Մթության մեջ այդ  կերպարները տեսնելու զգացողությունը միշտ կա:
 - Նանա, չե՞ս ցանկացել անիմացիոն մուլտֆիլմ նկարել:
 -Հա՜ շատ կուզեի..
 - Քեզ ի՞նչ դեր կտայիր
 - Օ՜հ, ես  "վեդմը՜չկա " կլինեի..



 - Նկարներիդ ստեղծած "վեդմըչկաները" դու՞ ես, թե՞ նրանց տալիս ես այն  դերը,  որը կուզենայիր ունենալ:
 - Չեմ կարող ասել: Ինձ թվում է՝ ես չեմ, բայց ինչ- որ կերպարներ են, որոնց տալիս եմ այն  էմոցիաները, որոնք կյանքում ունեցել եմ: Դեմքը կարևոր չէ, դրա համար էլ չի երևում: Շատ  դեպքերում իմ կերպարները բերան էլ չունեն. իրենք չեն խոսում, չեն կարող ասել, բայց իրենց  էությունով ամեն ինչ արտահայտում են, լեզուները դուրս են , ինչ ուզում են, անում են:
 Ես տխրում եմ, երբ մարդ մի բան ուզում է ու չի կարողանում անել: Ես աշխատում եմ  անպայման անել ուզածս: Երբեմն զգում եմ, որ չեմ կարողանում և պիտի սպասեմ, որովհետև  բաներ կան, որ ինձանից կախված չեն..
 Օրինակ մի քանի գործերում կնոջ կերպարը տարբեր իրավիճակներում է: Կյանքում լինում է  պահ, երբ ոգևորություն ես ունենում ու այդ ժամանակ դրական-բացասականը քանդվում է ու  անկարևոր լինում: Կարևորն այն է, որ ինչ-որ ձև կարողանում ես արտահայտել տվյալ հոգեվիճակը ու ոգևորությունը, որ ունես: Ու երբ նկարում ես այդ պահը, որ իրական է  դառնում, զգում ես, որ կարողանում ես արտահայտել տվյալ հոգեվիճակդ:
Ապրումների ու իրավիճակի վիզուալիզացիան է, այնպես չի, որ ինչ-որ բան ուզում էի անել ու  չէի արել: Կարծում եմ ՝ օրագրի պես մի բան է, ապրված իրավիճակի արձանագրում:  Նկարչությունը շատ բաների պատասխանը տալիս է, երբ ինչ- որ իրավիճակում եմ ու չգիտեմ՝ ինչ անել, նկարելու պրոցեսն օգնում է ու դեպքերի շարունակությունը թելադրում:

Black Violet Passion
 Սի կնոջ կերպար ծնվեց` "Black Violet Passion" ազդվել էի Կարավաջոյից: Ընդհանրապես նա իմ  սիրած նկարիչն է՝ իր մթությամբ, կիրքով, ասելիքով: Մի անգամ Հռոմում Ֆրենսիս Բեկոնի ու  Կարավաջոյի գործերը նույն տարածքում էին ներկայացված ու շատ էի տպավորվել նրա մի  գործով՝ կտավի վրա ամբողջը սև ֆոն էր ու մեկ ֆիգուր: Հետո այդպես ներշնչված մութ  անտառով գնում էի, վախենալու էր, հիշում էի Կարավաջոյի կտավի սև ֆոնը ու այդ օրվանից սկսեցի սև գույնը լա՜վ օգտագործել ու նկարեցի Սև մանուշակագույն կիրքը (Black Violet  Passion): Այդ կերպարը շատ նման է Կարավաջոյի "Ամուռին": Ինքը ունի թևեր, ծնկին՝ թիթեռ է  նստած, որը սիրո խորհրդանիշ է ու շատ զգայական է: Ընդհանրապես ինձ համար մանուշակագույն կերպարները սիրո ու սեքսի էմոցիաներ են, կենսական ու կարևոր  նշանակություն ունեցող բաներ են:

 - Օրվա պահ ունե՞ս նկարելու համար: 
 - Արդեն երկու տարի է, սպասում եմ մութն ընկնի, նոր նկարեմ: Այնպես է ստացվել, որ ցերեկն աշխատում եմ, իսկ երբ աշխատանքային հոգնածությունն ու լարվածությունն անցնում են, արդեն մութն ընկնում է : Հիմա աչքս արդեն էլեկտրական լույսին է սովորել, չնայած շաբաթ-կիրակի աշխատում եմ ինձ լիարժեք նվիրել նկարելուն:
 
- Ի՞նչ կերպարում քեզ չես պատկերացնի:
- Սպիտակ զգեստներով. չեմ սիրում հագնել այն: Նաև խիստ գործնական ոճում ինձ չեմ պատկերացնում:

- Նանա, ինչի՞ց ես վախենում:
- Վախենում եմ՝ հանկարծ չկորցնեմ այն թելը, որը կյանքիս  ապրելու ընթացքը կապում է նկարելու հետ: Ինձ համար  մեծ դեպրեսիա կլինի:

 - Կյանքում ի՞նչն է քեզ պակասում:
 - Հը՜մ, չգիտեմ..դժվարանում եմ պատասխանել: Կարո՞ղ է  ոչ մի բան չի պակասում. ամեն  ինչ "օքեյ" է՞.. Մի րոպե  մտածեմ՝ ի՞նչ կուզենայի..



- Ի՞նչ ես փնտրում:
 - Ոգևորություն եմ փնտրում, մուսա եմ միշտ փնտրում:
 - Իսկ ի՞նչ ես գտել:
 - Էլի մուսա եմ գտել , բայց ուզում եմ չկորի ինքը..

 զրուցեց, նկարեց՝ Ռուզան Պետրոսյանը

Wednesday, October 9, 2013

Դիանա Հակոբյան . " Նախընտրում եմ նկարել հանգստացնող գործեր"


զրույց արվեստագետ Դիանա Հակոբյանի հետ

Վերջերս Դինան "կպած" նկարում է, նույնիսկ մի քանի կտավ սինխրոն պտույտով ներկվում են միաժամանակ: Պատճառներից մեկն էլ հոկտեմբերի 15-ին Դալան ցուցասրահում (Աբովյան 12) կայանալիք  "Գույնը կանչում է " (Color is Calling ) խորագրով նրա անհատական ցուցահանդեսն է: Համադրողը Եվա Խաչատրյանն է: Ցուցահանդեսից, դեսից-դենից զրուցեցի Դիանի հետ:

-  "Դիանա"` անունդ ո՞վ է դրել:
-  Մայրս, սիրել է: Չնայած թինեջերական տարիքում շատ էի դժգոհում: Այդ տարիներին Ղարաբաղյան շարժումն էր, ու մեջս հայրենասիրական պոռթկումներ էին արթնացել: Անունիցս դժգոհում էի, շատ էի ուզում հատկապես հայկական անուն ունենալ, ասենք` Գայանե:
- Մանկությանդ աշխարհում ո՞վ էիր դու` արքայադու՞ստր, մոխրո՞տ, թե՞..
- Ես տղա էի: Մերոնք աղջիկ էին ուզում, բայց չգիտես ինչու մինչև դպրոց գնալս, ես "տղա" էի: Տեսակով շատ փակ եմ եղել: Ամբողջ օրը կարդում էի, կամ Ռաֆայելից, Դավինչիից "կոպիաներ" անում. սանտիմետրերով էի չափում:
Հայրս ընկերոջ արվեստանոցում նկարում էր, մեծ չափի պաստառներ էին անում, ու տպավորվել էր մեջս :
- Հնազանդ երեխա ե՞ս եղել:
-Չէ, խելոք եմ եղել, բայց՝ ոչ հնազանդ: Իմ ասածն անում էի: Չնայած պահանջներս չարաճճի չէին. անհնազանդությունս պարզ բաների հետ էր կապված:

- Իսկ նկարիչ դառնալը քո՞ որոշումն էր:
- Մինչև յոթ տարեկան ուզում էի նկարիչ դառնալ, հետո չգիտեի : Ու եկավ մի ժամանակ, երբ յոթերորդ դասարանից միանգամից որոշեցի ընդունվել Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան: Հետո շարունակեցի Գեղարվեստի պետական ակադեմիայում: Գոհ էի որոշումիցս: Վերջապես գտել էի այն միջավայրը, որն իմն էր: Նկարիչները երևի ինչ-որ տեղ ուրիշ մտածելակերպ ունեն: Ինձ համար խնդիր չէր այնտեղի ուսանողների հետ շփվելը, ամեն ինչ հեշտ էր ու հարթ: Վաղուց էր պետք դա անել:
- Որպես նկարիչ ո՞վ կամ ի՞նչը դեր խաղաց քո ձևավորման մեջ:
- Առաջին հերթին այդ միջավայրը. մենք բոլորս միասին միմյանցից զուգահեռ սովորում էինք: Նաև փորձում էինք ծանոթանալ ավագ սերնդի հետ, իմանալ՝ արվեստի ոլորտում ի՞նչ հետաքրքրություններ ունեն: Եվ մենք էլ էինք դրանց մեջ մեզ ներգրավում: Այսինքն շփման միջոցով էինք ավելի շատ սովորում:
Ձևավորման մեջ դեր է խաղում այն, ինչ տեսնում ես: Այն, ինչ մենք էինք տեսնում այն ժամանակ, համընկնում էր ինֆորմացիան Հայաստան նոր մուտք գործելու հետ. սահմանները բացվել էին, կարող էիր տեղեկանալ դրսի նկարիչների գործերից՝ թեկուզ ամսագրեր թերթելով...
- Առաջին լուրջ գործդ հիշու՞մ ես:
- Դեռ ունեմ այդ գործը: Թղթի վրա պատճենահանել ու բազմացրել էի մի լուսանկար, որտեղ պատկերված էր ինքնաթիռում արջուկը գրկին 3 տարեկան երեխա, պատուհանից էլ իլյումինատորն էր երևում: Այն ժամանակ մեզ մոտ համակարգիչներ չկային, դրա համար էլ նկարի վրա ձեռքով ինքս էի գրել. “մեկ րոպե թռիչքը նորմալ է, երկու րոպե թռիքչը նորմալ է .. “ . հաշվում էի: Ֆոտոյի վրա թվերն էր փոխվում ու այդպես մոտ 8 ժամ թռչում էր երեխան: Երևի ինչ- որ անհանգստություն էր, մի բանի սպասում, չես իմանում՝ ինչի, բայց հաստատ մի բան լինելու է՝ լա՞վ, թե՞ վատ: Նաև՝ ինչ -որ առումով՝ թռչելու վախ..
Սկզբնական շրջանում գործերս ավելի շատ օբյեկտներ են եղել, քան ինստալացիաներ: Օբյեկտը ցանկացած տեղ կարող ես տեղադրել, իսկ ինստալացիան ավելի շատ կոնկրետ տեղի հետ է կապված: Ես շատ էի սիրում աշխատել մի նյութով, որով ուրիշները չէին աշխատում: Օրինակ նկարում էի հատակի ներկով, որը հետո փչանում էր: Նկարում էի պենոպլաստի վրա, որը հետո փշրվում էր, մեքենայի կոտրված դիմապակու վրա, որը հետո թափվում էր, ծանր քարերի , անվադողերի վրա.. Հիմա շատերը չեն պահպանվել:
Հետո կտավների վրա նկարեցի: Ավելի ուշ երբ սկսեցի արդեն վիդեո-արտ անել , դադարեցի կտավի վրա նկարել ու օբեյկտներով գործեր անել: Հիմա նորից փորձում եմ երկուսն էլ անել:


- Ե՞րբ անցար Վիդեո-արտին:
- 97թ-ին այն որպես արվեստի տեսակ նոր էր հայտնվել մեզ մոտ: Ինձ շատ հետաքրքիր էր շարժումը, որը շատ դժվար է, ասենք, նկարի, օբյեկտի կամ քանդակի միջոցով ցույց տալ: Իսկ վիդեոն տալիս է այդ հնարավորությունը:
Իմ վիդեո աշխատանքներում շարժումը մինիմալ է՝ մի պատկեր է, մի կադր: Ու մեկ կոմպոզիցիան մաքսիմում փոխվում է երկրորդով ու էլի հետ վերադառնում: Այդ առումով մոտիկ է նկարչությանը: Ընդամենը շարժումն է ավելանում և որոշ չափով սոցիալական, ֆեմինիստական, քաղաքական թեթևակի երանգ ստանում:
- Իսկ տեքստերն ի՞նչ դեր ունեն քո գործերում :
- Օբյեկտներով աշխատած գործերիս վրա գրեթե միշտ եղել են տեքստեր. թեման միշտ կար: Հետո աշխատեցի այնպես անել, որ տեքստը դուրս գար, անընդհատ չլիներ, որովհետև մոտս այնպիսի զգացողություն էր, որ միայն պատկերով չէի կարողանում բավարարվել, և անպայման ուզում էի այդ պատկերին իմաստ տալ՝ տեքստով: Այսինքն ես ուզում էի հանդիսատեսին այնպայման թելադրել` ինչպե՞ս ընկալի արածս գործը: Երբեմն նկարի վրա տեքստ էի դնում, երբեմն տեքստը ինքն էր դառնում պատկեր : Վերջինիս դեպքում լավ էր, բայց առաջին դեպքում կարծես ես թելադրողն էի: Դրա համար ուզում էի տեքստը հանել, թեկուզ հիմա էլի վերադառնում եմ դրան..
- Վերջերս հայ ժամանակակից նկարիչներից մի մասի գործերն էի նայում, ու մի բան նկատեցի՝ նրանցից շատերը վախենալու պերսոնաժներ են նկարում: Մեր տիկնիկագործներն էլ վախենալու հերոսներ են ստեղծում, հեքիաթներն էլ են վախենալու..
Տպավորություն է, որ հայ արվեստագետների մի մասը հանդիսատեսին վախեցնելու պահանջ ունի..
- Ինձ թվում է՝ դա մեր մշակութային տարբերությունն է: Երբ փոքր էի, մի գիրք ունեի՝ "Սկանդինավյան հեղինակների հեքիաթները" . սիրում էի այն: Երբ կարդացի, շատ էի զարմացել, որ այնտեղ չկային դրական կամ բացասական կերպարներ: Ամեն ինչ սովորական էր, շատ գրավիչ ու ձգող, որ ուզում էիր ամբողջը կարդալ ու իմանալ: Հետո նկատեցի, որ մեր հեքիաթներում նման բան չկա. կուզեի լիներ: Միշտ չար կա, որի դեմ պիտի պայքարես, բարին պիտի հաղթի..
Գիտես, մի անգամ հաղորդում էի նայում , պատերին հայտնաբերել էին նկարներ, որոնք էտրուսկների նկարածներն էին: Զուգահեռ կային և՛ հանգստացնող, և՛ վախեցնող նկարներ: Այսինքն տվյալ մշակույթը պահանջում էր, որ երկուսն էլ լինեն: Ասենք, նկարիչը ընտրում է՝ իր գործերը հանգստացնո՞ղն են , թե՞ վախեցնողը. ես նախընտրում եմ նկարել հանգստացնող գործեր:
Ճիշտն ասած, չեմ սիրում արվեստում , ֆիլմերում, գրականության, նկարչության մեջ դաժանություն: Երբ նայում ես հոգուդ վրա ծանր բան է թողնում. միշտ վանել է դա: Ինձ մոտ ինքնըստինքյան է ստացվել. կարող է լինի տխուր, բայց՝ ոչ վախեցնող:
- Հա, քո նկարների մեջ շատ պոզիտիվ բան կա, քո հերոսները վախենալու չեն..
- Այն ինչ անում եմ, անգիտակցական շերտի վրա է տեղի ունենում, արդյունքը հետո եմ տեսնում. իմ առջև հատուկ խնդիր չեմ դնում :
Հետո, այն ոճը, որով ես նկարում եմ, դժվար թե ցույց տա, թե ես տվյալ պահին ի՞նչ տրամադրություն ունեմ : Օրինակ, եթե լինեի էքսպրեսիվ աբստրակցիոնիստ, ջղայնությունը կերևար: Դրա համար չեմ կարող ասել՝ ինչպես է դա արվում. ես չեմ զգում:
Ասեմ, օրինակ իմ սիրած նկարիչներից շատերը աշխատում են ոչ այդ ձևով: Կարող են օգտագործել ագրեսիվ տեքստեր, բայց լավ մատուցել: Եթե պատկերը ազդեցիկ է ընտրվում, ապա "պլակատայնությունը", "լոզունգները" գրավիչ են:
Ես սիրում եմ, որ արվեստը առաջին հայացքից գրավում է, նայում ես ու հասկանում: Մատուցումը կարևորում եմ: Կերպարվեստն առաջին հերթին գործ ունի պատկերի հետ, այն պիտի ազդի, հակառակ դեպքում այն ինձ համար լավ գործ չի:

- Ո՞ր գույնով ես սիրում աշխատել:
- Սևով:
- Ի՞նչն է քեզ չարացնում:
- Շատ բան: Ավելի շատ հնարավոր է ջղայանում եմ, քան` չարանում:
Գուցե դա ավելի առաջ էր, հիմա փորձում եմ լինել հանգիստ, կտրվել, անել այնպիսի բաներ, որոնք ինձ տալիս են հանգստություն, ապրելու ցանկություն ու որոնք սիրում եմ անել: Ստեղծագործաբար ապրելը օգնում է անել այն, ինչ ուզել ես անել:
-Ներո՞ղ ես:
- Այդքան էլ չէ, բայց երևի մի քիչ՝ հա:
Կան բաներ, որ չեմ ների: Սովորաբար կներեմ ամեն ինչ, բացառությամբ այնպիսի բաների, որոնք կյանքում այլևս անհնար կլիներ փոխել:
- Ե՞րբ ես զգում սխալդ:
- Երբ որ իմանում եմ, եթե ուրիշ ձև անեի, ավելի լավ կլիներ:
- Կա՞ մի բան, որ ուզում ես ասել, բայց չես ասել:
- Չէ, արվեստն այն տեղն է, որտեղ ունես "սուպեռ" ազատություն, և կարող ես ասել ամեն ինչ: Ես աշխատում եմ ինձ շրջանակների մեջ չդնել:
- Ինչո՞ւ հայ հանդիսատեսի զգալի մասը արվեստ չի  սիրում կամ ընկալում:
- Կարծում եմ մեր կրթական համակարգից է. մարդիկ ինֆորմացված չեն: Երեխային արվեստի հանդեպ սերը, նոր բան տեսնելու ոգևորությունը դպրոցից պիտի կրթել: Այն, ինչ դպրոցում, հետո ինստիտուտում են անցնում, քիչ է. գիտելիքները մաքսիմում հասնում են մինչև "վերնի սաժ" : Շատ հաճախ է պատահում, որ մարդիկ կարող են, ասենք, նայել աբստրակտ գործերին ու ասել՝ ես էլ սենց կարող եմ անել: Հարգանք չկա նոր արվեստի նկատմաբ. դա չիմանալուց է:
Երբ Փարիզում էի Պոմպիդուի թանգարանում տեսա 6 տարեկան փոքրիկ երեխաների, ովքեր Կալդերի արած քանդակի դիմաց նստած կոպիա էին անում նրա գործը, որն ընդամենը մի փոքր երկաթ էր: Այնտեղ սովորում էին, իսկ մեզ մոտ գուցե ծիծաղեին:
- Նկատել եմ, մեզ մոտ նկարիչն, ասենք, ցուցահանդես է ունենում, հիմնականում ընկերներն են գալիս, նայում շնորհավորում: Ու այդպես կարծես նույն խումբն է գալիս տարբեր ցուցահանդեսներին: Պատահական անցորդ հանդիեսատես շատ քիչ կտեսնես: Դա նկարչին չի՞ հիասթափեցնում. սենց թե նենց ընկերներն իր գործերին արդեն ծանոթ են ..
-Իհարկե, կա այդ պահը, որ նույն մարդիկ են գալիս ցուցահանդեսներին: Բայց եթե աշխատում ես տանը, ու առաջին անգամ ես ցուցադրում թեկուզ՝ միայն ընկերներիդ, նրանց կարծիքն ու ոգևորությունն էլ բավական է չհիասթափվելու համար..


- Նկարչությունը մասնագիտությու՞ն է, թե՞..
- Խաղ է: Լավ կլիներ՝ մասնագիտություն լիներ, որ գումար վաստակեիր: Բայց եթե դա չկա, ուրեմն թող մնա խաղ:
- Սիրո՞ւմ ես նկարներդ նվիրել..
- Նվիրել եմ արդեն: Սարյանն ասում էր՝ նկարներդ մի նվիրիր, ավելի լավ է էժան վաճառել, ի վերջո, մարդիկ պիտի հասկանան: Նվիրելու բացասական կողմը դա է՝ շատերին թվում է՝ ինչ է որ, նկար է նվիրեց..
- Ի դեպ, Դալանում շուտով կլինի քո անհատական ցուցահանդեսը, մի փոքր կմանրամասնե՞ս:
- Ցուցահանդեսը կոչվում է "Գույնը կանչում է" (color is calling), համադրողը Եվա Խաչատրյանն է: Բացումը կլինի հոկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին, կտևի մինչև հոկտեմբերի 31-ը: Կցուցադրվեն մեկ տարվա մեջ արված մոտ տասը նոր գործեր : Մտածում եմ նաև երկու վիդեո աշխատանք նույնպես ներկայացնել, որոնք բնույթով շատ մոտ են նկարներիս..

- Ինչո՞վ է տարբերվում նկարիչ Դիանան քո ներսի մարդուց:
- Կարծում եմ, իմ ներսի նկարիչն ավելի ազատ է, քան ներսիս մարդը: Հաճախ են ասում, որ ես ստեղծագործում եմ իմ կյանքից. իմ գործերը շատ օտարված չեն ինձնից: Համաձայն եմ, որովհետև օրինակ, երբ վիդեո աշխատանքներիս շարքն եմ նայում, աղջիկս ծնվեց, սկսվեց հայտնվել այնտեղ, ու մեծացավ վիդեո գործերիս մեջ: Դա իմ կյանքի մի մասն է: Ես որպես արվեստագետ էի նայում այդ մեծանալու պրոցեսին, թե ոնց է փոխվում ինքը, նաև՝ իրավիճակը , թե մեր հաղորդակցությունն ինչպես է տեղի ունենում: Ինչ- որ առումով արվեստի գործերն էլ էի անում նման կոմունիկացիայով:
- Ե՞րբ սկսեցիր "թռիչքների"շարքդ:
- Մեկ  տարի առաջ սկսեցի: Բայց վերջերս հասկացա, որ շարքը շատ հին պատմություն է: Փաստորեն, իմ առաջին աշխատանքն էլ նորից թռիչքի հետ էր կապված: Փոքր ժամանակ ես մի երազ էի տեսել, որն անընդհատ կրկնվող ու վախեցնող սարսափ երազներից էր: Գնում էի ու ոտքերս գետնից պոկվում էին. ես ո՛չ թռչում էի, ո՛չ էլ քայլում: Կարծես սղայի, բայց ոչ ասֆալտի վրա, այլ՝ օդում: Ու այն զգացողությունը, որ չեմ կարողանում ինձ վերահսկել ու ձգողականությունը չկորցնել ինձ վախեցնում էր: Ու այդ երազը հաճախ էի տեսնում: Կարծում եմ, իմ մանկական սարսափը գուցե ինչ որ ձևով կապված է թռչողների շարքիս հետ..
- Փաստորեն, դու վախդ ես նկարո՞ւմ, այլ ոչ թե թռչելու չկատարված ցանկությունդ:
- Հնարավոր է նաև ցանկությունս է. երբեմն ցանկությունները լինում են վախենալու մեզ համար: Այն ցանկությունները, որոնք ուզում ենք ու չենք կարող իրականացնել, վերահսկել, վախենալու են : Այսինքն, ցանկալին ու չիրականանալին հաճախ լինում են վախեցնող:



- Վիդեո աշխատանքներումդ էլ թռիչք կա:
- Հա, այն շարժումները, որոնք ես փորձում էի վիդեո աշխատանքներով ցույց տալ, կապված են մարմնի հետ՝ պարան ցատկելը, կլաս խաղալը.. Կարծես թռիչքի ձևով պայքարի փորձ է մարմնի փայտացման դեմ. փորձում են շարժել մարմինը: Տվյալ դեպքում՝ թռիչքը ծայրահեղ շարժումն է:
- Իսկ ե՞րբ ես նախատեսել վերջացնել թռիչքների շարքդ:
- Դեռ անում եմ: Ես հասկացա, որ այն սկսել եմ 1993 թ-ից, բայց ուզում եմ վերջացնել: Ուղղակի մի փոքր կուզենայի մի քանի մասշտաբային գործերով այն լրացնել ու հետո անցնել ուրիշ նախագծի:
- Իսկ տարբեր շրջաններում արված գործերդ մեջ կա ընդհանուր կապ, թե՞ իրարից առանձին են:
- Սկիզբն ինչ- որ չափով հոգեբանական ներքին զգացողությունների, խնդիրների մասին է, որտեղ ավելի շատ աշխատում էի ֆոտոյով, ու անպայման պատճենահանում էի այն: Չգիտես ինչու, ուզում էի, որ լիներ վատ որակով՝ բազմացված: Հետո ավելի մեծ դեր են ստանում պոպ էլեմենտները, սակայն միաժամանակ նկատվում է նաև կոնցեպտուալ ազդեցությունը, ասենք՝ հաճախ էի օգտագործում տեքստեր, որոնք խոսում էին հենց իրենք իրենց մասին (օրինակ՝ խողովակների վրա գրված տեքստը` հաջորդ նախադասությունը ունի նույն իմաստը, ինչ որ նախորդը)
Երևի կարելի է ասել` պոպ արտով զարդարված կոնցեպտուալ աշխատանք:
Հետագայում վիդեո աշխատանքի  մեջ ավելի շատ գնում է դեպի կին լինելու, ֆեմինիստական ինչ- որ խնդիրներ շոշափելու կողմը՝ կին –տղամարդ հարաբերություններ, կին- երեխա հարաբերություններ, որոշ սոցիալական խնդիրներ, երբեմն՝ քաղաքական : Վերջին էտապում նորից վերադառնում եմ նկարչություն. երբ զուգահեռ եմ անցկացնում, էլի ինչ- որ հոգեբանական զգացողություններից եմ խոսում: Միայն սոցիալական, ֆեմինիստական կամ պոպ-արտի պահը դուրս է եկել: Հիմա կարծես ավելի շատ իմ ինդիվիդումն է..


- Քո գործերը երջանի՞կ են:
-
Իմ գործերը երջանիկ էին, երբ աշխատում էի օբյեկտներով՝ խողովակներ, անվադողեր, քարեր, պարբիսներ, ու երբ որ շատ էի սիրում պոպ-արտը. այն ինքնին երջանիկ ոճ կարծես լինի:
- Մենք հիմնականում պրոբլեմ, ենք նկարում, խնդիրներից խոսում.. մոռանում ենք, որ կա երջանկություն: Ինչու՞ դու չես նկարում քո երջանկությունը:

- Նկարել եմ:
- Թեկուզ երջանկություն նկարելով՝ կոչ անել, որ կա նաև երջանկություն: Այսինքն պայքարել՝ երջանկություն նկարելով, ոչ թե հակառակը:
- Մի ցուցահանդես եղավ, կոչվում էր " հաստատող պատկերներ": Այսինքն կյանքը հաստատող է, ոչ թե՝ մերժող: Ոչ թե պրոբլեմներից խոսենք, այլ լավ կողմերից: Համաձայն եմ, դա ընտրության հարց է: Այդ խնդիրը կա, բայց ես հիմնականում մեծ լոզունգային բաներ չեմ արել: Այն ինչ արել եմ, եղել է համաշխարհային ստատիստիկայի հիման վրա էր: Այսինքն ներկայացնում էի, որ հետազոտությունը ցույց է տալիս՝ կանայք ավելի շատ են աշխատում ու ավելի քիչ ստանում: Որ տնային գործը չի համարվում գործ ու հիմնականում կնոջ վրա է: Որ աբորտը շատ երկրներում արգելված է, թեկուզ կնոջ որոշումն է..
Նման խնդիրներից եմ խոսել. էմանսիպացիոն-ֆեմինիստական հարցերի մասին:
Այն, որ ցույց տալ երջանկությունը, համաձայն եմ քեզ հետ: Գիտես, մի տեսակ մենք անընդհատ պայքարում ենք՝ լավ ապրելու համար, ու արդյունքում ամբողջ կյանքում էլ կպայքարենք ու չենք ապրի: Կյանքը վերջիվերջո մեկ անգամ ենք ապրում, գուցե փորձենք՝ ապրել: Այդ առումով էր, որ ես որոշեցի վերջին տարիներին ոչ թե պրոբլեմներից խոսել, այլ ինքս իմ ներսում թաքցնել..


- Ե՞րբ ես նկարում:
- Միշտ:
- Նկարելը ռեժի՞մ է
- Չէ, կարող եմ նկարել ցանկացած պահի, երբ ուզենամ՝ աթնանալիս, քնելիս. տարբեր են: Հնարավոր է՝ ուղղակի անպատճառ..
- Ո՞վ ես դու:
- Ես մարդ եմ: Առաջ կարող է ասեի` կին եմ: Չէ, չէի ասի..
- Քեզ ինչի՞ ես նմանեցնում:
- Ռոբոտի
- Չունե՞ս սիրտ:
- Կուզենայի այդպես լիներ. ոչ թե ասենք հրեշտակ, այլ ռոբոտ լինեի:
- Ո՞ւմ կգրեիր նամակ:
- Ձմեռ պապիկին չէի գրի, աստված պապիկին չէի գրի: Մի քանի հոգու կգրեի, բայց չգիտեմ ՝ ինչ: Միանգամից կսկսեի՝ առանց բարևի . "ուզում եմ ասել.."-ով . որ հասցնեի նամակս գրել ու ասելիքս շուտ ասել, թե չէ կարող է մտափոխվեի:
- Հարցեր տալի՞ս ես:
- Չէ :
- Նշանակում է՝ ամեն ինչի պատասխանը գիտե՞ս:
-Չէ, դա նշանակում է՝ ուզում եմ հեռու մնալ պատասխաններից:
- Ինչի՞ց ես խուսափում:
- Տհաճ իրավիճակից, որոշ մարդկանց հետ հաղորդակցվելուց, ավելորդ աշխատանքից, բարդ հարցերից եմ խուսափում..
- Տանը ո՞րն է սիրածդ անկյունը:
- Բազմոցի ա՛յն հատվածը. էնտեղ լա՜վ եմ նվագում :
- Տանը ունե՞ս սիրած իր:
- Ըհը, Կառլոսը՜:
-է՞լ..
- Մեկ էլ սենյակումս մի բույս ունեմ, ես իրեն այնքան էլ լավ չեմ խնամում, բայց սիրում եմ ու դրա համար ինքն անընդհատ չորանում է ու էլի ծնվում..

զրուցեց,նկարեց՝ Ռուզան Պետրոսյանը


Monday, September 12, 2011

Դավիթ Կարեյան. ''կյանքի տոն" հետհայաց ցուցահանդես ՆՓԱԿ-ում


"Արվեստի ուժն իրականության չափազանցման մեջ է: Արվեստում մենք գտնում ենք այն, ինչը կյանքում գոյություն չունի…”,- Դավիթ Կարեյան

դիտեք:
WEBTV.AM / Դավիթ Կարեյան

նաև`