Tuesday, May 13, 2014

Charles Aznavour- Comme ils disent


Երգի հեղինակը Շառլ Ազնավուրն է, այն գրվեց 1968թ.-ի վերջերին և 70-ականների սկզբին: Թեման հոմոսեքսուալիզմն է, որն այդ ժամանակաշրջանի թիվ առաջին տաբուն էր:
Եթե այլ երգերում տվյալ թեմային մոտենում էին ծաղրանքով և թեթևամտությամբ, ապա Ազնավուրն առաջինն էր, որ առանց սարկազմի և հեգնանքի փորձեց ներկայացնել տրանսվեստիտների Սարասատ փողոցում մոր հետ ապրող միայնակ մարդու պատմությունը:

Շանսոնիեն հիշում է, երբ առաջին անգամ հոմոսեքսուալ իր ընկերների շրջանակներում պատրաստվել է  կատարել այդ երգը, վերջիններիս առաջին արձագանքը սառն է եղել:
"Հետո նրանք ինձ հարցրին, թե ո՞վ է կատարելու երգը: Ես էլ ասացի՝ ես, ինքս: Այնուհետև երկար լռությունից հետո, մեկն անհանգստացած ցանկացավ իմանալ՝ արդյոք ես չե՞մ պատրասվում որևէ հայտարարություն անել:
- Դուք պատկերացնո՞ւմ եք ինձ բեմում նման հայտարություն անելիս. ես հիմա ինձ հոմոսեքսուալի տեղ եմ դնելու, բայց ես այն չեմ:
Այլևս ոչ մի հարց նրանց կողմից "

Երգի խոսքերը գրելիս, Ազնավուրը ներշնչվել է իր վարորդից, քարտուղարից և ոճաբան ընկերոջից: 1972թ.-ին երգն ընդգրկվել է Շառլի "Idiote je t'aime" կոչվող ձայնասկավառակում:
Երգի տեխնո-ռիթմիկ տարբերակը դարձել է հոմոսեքսուալների  գիշերային ակումբի հիմնը:


 Ինչպես ասում են


 ապրում եմ մենակ`
 մորս հետ,
 շատ հին բնակարանում`
 Sarasate փողոցի,
 ինձ շրջապատող ընկերներն են
 կրիան, երկու դեղձանիկն
 ու մի կատու:
 շատ հաճախ մորս հանգստանալ թողնելու համար
 դուրս եմ գալիս շուկա՝ գնումներ անելու..
 ..և խոհանոցում եմ`
 եփում եմ, լվանում, սրբում,
 մեքենան գործի դնում,
 նույնիսկ եթե այն վնասվում է,
 աշխատանքն ինձ չի վախեցնում,
 ես նաև դեկորատոր եմ մի քիչ,
 մի փոքր էլ՝ ոճաբան,
 բայց իմ իրական գործը գիշերն է,
 որ տրանսվեստիտի կերպարում եմ ,
 ես արտիստ եմ,
 ես ունեմ շատ առանձնահատուկ համար,
 որտեղ ներկայանում եմ մերկ:
 սթրիպտիզից հետո
 սրահում տեսնում եմ,
 որ տղամարդիկ չեն հավատում իրենց աչքերին.
 " Օ~հ, ես հոմոսեքսուալ եմ! "
 ինչպես նրանք են ասում:

 վաղ լուսաբացին, մոտ ժամը երեքին
 տարբեր սեռի ընկերներով
 ծխով լի պատահական մի ակումբում
 գնում ենք ուտել-խմելու,
 և մեր սրտերը միմյանց առաջ բացում `
 առանց բարդույթի,
 բացահայտում ենք ճշմարտություններ,
 այն մարդկանց մասին, ովքեր մեզ անտանելի են
 քարկոծում նրանց,
 բայց դա անում ենք հումորով,
 թաքնված բառախաղով ու
 մեղմ թթու խոսքով,
 ահա և գալիս են ուշացածները,
 տպավորություն թողնելու համար
 քայլում են` օրորվելով 
 խենթ աղքատներ ձևանում,
 կարծում են մեզ են կրկօրինակում,
 ծիծաղելի է.
 այդ շարժուձևը, բարձր խոսելը,
 խաղն աստվածուհիների և տենորներ հիմարության..
 ես, ծաղրուծանանքը
 ինձ մնում է սառը լինել,
 և հետո դա ճիշտ է.
 - ես տղամարդ եմ, օ~հ!, ես հոմո եմ!
 ինչպես նրանք են ասում:

 այն ժամին, երբ ծնվում է նոր օրը,
 ես վերադառնում եմ`
 գտնելու իմ շահումը մենության,
 ես հանում եմ իմ թարթիչները, պարիկը,
 ինչպես մի խեղճ դժբախտ ծաղրածուն
 ձանձրույթից:

 պառկում եմ, բայց չեմ քնում,
 մտածում եմ իմ տրտում սերերի մասին`
 այնքան անբավ,
 այն գեղեցիկ տղու ինչպես աստված,
 ով ոչինչ չանելով
 կրակ գցեց մեջն իմ հիշողության,
 բերանս չի համարձակվի երբեք
 խոստովանել նրան գաղտնիքն իմ մեղմ,
 քնքուշ իմ դրաման,
 քանի դեռ օբյեկտն իմ պոռթկումների 
 ամենալուսավոր պահն իր ժամանակի
 անցկացնում է կանանց անկողնում:
 ոչ ոք չունի իրավունք ճշմարտության
 հանդիմանել ինձ ու դատել
 և ես հստակեցնեմ.
 - ինչ լավ է, որ միայն 
 բնությունն է պատասխանատու, եթե
 "ես հոմո եմ, օհ!"
 ինչպես նրանք են ասում..

թարգմանեց՝
Ռուզան Պետրոսյանը






Tuesday, April 29, 2014

my poetry 1


խմածs


գինին թրջեց մազերս ու ավլեց տխուրը ներսիս
գլխիցս պոկեց մտքերս ու պարեցրեց քո ներսում ինձ
միջիս բոլոր վախերը խառնվեցին քաղաքի աղմուկին
ու դու քաշեցիր մազերիս միջից քամու շվվոցի փոշին

լարերը՜ լարերը՜ լարերը՜ ծնգացրին ռիթմերը՜ ռիթմերը՜ ռիթմերը՜
բառերը՜ բառերը՜ բառերը՜ թափվեցին ստվերների խորքից

ծխի մեջ կորած են փաբերը քանի այնտեղ են ջահելները
ծխում են ծխու՜մ են խմում են բոլորը
սեղանին վխտում են դատարկ շշերը
փաբերը՜ փաբերը՜ փաբերը՜
այնտեղ մի՜շտ լիքն են մոխրամանները
գիշերը թափում է իր թևերը ու մաքրում է քո կարմիր շրթներկը
բոլորը ցուցադրում են իրենց տատուները

տատուները՜ տատուները՜ տատուները՜

մետրոյում կծկվում են կատուները 
այնտեղ են ապրում բոմժերը 
ու սլանում են գնացքները 
որից դղրդում են քաղաքի շենքերը
իրար են խառնվում երթուղայինի համարները
իսկ ես հաշվում եմ բոլոր այն կանգառները
 որտեղ սպանել եմ իմ ժամերը

բաղրամյան փողոցում միտինգ է
իսկ ռոսիայում գիշերը պոռնիկ է
պռոսպեկտում մարդը կապում է իր ճամպրուկը
էլի մեկը մի օր լքելու է երկիրը
ու էլի չեն աշխատելու լուսացույցները
քաղաքում պտտվում են բռաբուսները

բռաբուսները բռաբուսները բռաբուսները

ուր են թաքնվում իմ ներսի վախերը 
երբ լարից նորից ծնգում են ռիթմերը

ու քաղաքն էլ ջազ չի լսում

..խնդրում եմ գտիր ինձ..

2014


***

սեքս բարդեր


ուզում ես տուն ունենալ
նորկա մուշտակ հագնել
վարել շքեղ մեքենա
ու սիգար ծխե՞լ 
քնի՛ր հետս փոքրիկս

ուզում ես Տիբեթական մաստիֆ պահել
ադամանդե բիկինի հագնել
ու գնալ սաունա՞
քնիր հետս սիրունիկս

ուզում ես հայտնի լինել
ու դեպուտատ դառնալ
թանկարժեք բրենդից օգտվել
ու հագնել ձիգ զուգագուլպա՞

ուզում ես քո մասին գրեմ
քեզ համար հագուստներ կարեմ
քեզ նկարեմ
ստեղծեմ
սանրվածք հորինեմ
ու հետս Թաիթի տանե՞մ
քնիր հետս հիմարիկս

քնիր հետս
քնիր 
փոքրիկս..

դե, արի
պառկիր մոտս 
համբուրիր ինձ
բռնիր
շոյիր
քնի՛ր հետս
ամե՛ն օր
ամե՛ն ժամ

ուզում ես ուզում ես
սիրե՞մ քեզ
ուզում ես համբուրե՞մ քեզ
ուզում ես պաշտե՞մ քեզ
ստելը հիմարություն է
ասա ճշմարտությունը
և ես կմտածեմ, թե բլեֆ է
ու դու կհաղթես
-ինչպես Poker-ո՞ւմ,-
ասում են ֆիլմում

 ուզում ես երգե՜մ քեզ..

2014

***

բառերի լվացքատուն


մարդիկ չգիտեն թռչել
կամ լինել անտեսանելի
երևի իրենց դա պետք չէ
գուցե ինձ էլ
ես թույլ եմ թե ուժեղ
ինձ արդեն դա չի հետաքրքրում
ես հանձնվում եմ
ժամանակը սպանում է ինձ իսկ ես ոչնչացնում եմ նրան
ես գրում եմ նկարում եմ պարում
ու սպանում դրանք ժամանակի լուսանկարում
ես կարծում եմ ամեն ինչ եմ բայց ճիշտը ոչինչն է
ես ոչինչ եմ ու չգիտեմ ով եմ ինչ եմ
ով  է հորինել սերը
այն սուրճի սերի պես գդալով կարող ես վերցնել ու թափել լվացարանի մեջ
լավագույն դեպքում նվիրել ուրիշին
չէ պետք չէ
մի նվիրիր սերդ
պարտքով տուր բայց մի նվիրիր
ծորակից հոսող բարակ ջրի հետքը կասի երկար ճանապարհ ունես
երկու կետից էլ կհանդիպես նրան
ու դու կփնտրես այբուբենում քո սիրած տառը
նրա տառը
ով քոնն է կամ ուրիշինը
ով է հորինել ինձ
քեզ ու բոլորին
ես կհորինեմ քեզ
սիմոնայի պես
քո տեղը կլինի չատը
տունդ համակարգիչը ես կլինեմ քո կառավարիչը
իսկ իրական կյանքը դատարկվում է
ուզում եմ բերանիս մեջ մնա կերածիս համը
գինու հետքը շրթունքիս եզրին քարտեզ նկարի
ես առաջվա պես ընկերդ եմ
բարի գիշեր
դա միտումնավոր չէր
ուղղակի համընկավ

2014

***

գիշեր ժ 2 : 16


գիշեր 
ժամը 2 անց 16

դու ազատ ես

գիշեր 
2:16

դու միտք ունես

գիշեր
2:16

դու ուզում ես բացահայտ պատռել այն
դու համառ ես
դու տեսնում ես քո միջով ինձ
դու զգում ես
դու խոստանում ես
դու խոնավ ապակի ես
դու մարդ ես
դու անասուն ես
դու գրողի ցավ ես
դու վախկոտ շուն ես
դու քո չհավանած փողոցն ես
քո ցավ պատճառողն ես
դու սիրուն ես
քո չունեցած տունն ես
քո չքնած տղամարդն ես
դու քիչ ես..

գիշեր
2:16
դու ինտերնետ ունես

2013

***

շիկո շիկո շիկահե՜ր


դու բարձրահասակ ես, նիհար ու շիկահեր,
ընկերներդ քեզ շիկո են ասում
դու հագնում ես եղբորդ լայն տաբատն 
և կաշվե գոտիով այն իրանիդ պտտեցնում
քո շորերը միշտ մեծ են քո հագով ,
իսկ 

հեյ, դու աղջիկ ես շիկահեր
եղբորդ լայն տաբատով 
դու գիտես երկու մատով շվացնել
ու հպարտանում ես դրանով 
օհ, իմ շիկո շիկո շիկահե՜ր
ամառները քաչալ ես դու
օհ, իմ շիկո շիկո շիկահե՜ր 
շիկահեր ծնվում են չեն դառնում

2013

***

շատ w6 ապրած օր


նորից գնում եմ ռադիո
բացում եմ միկրոֆոնի պուլտը
ու ասում բարև եթերում էլի ես եմ
իմ սենյակում տաք է իմ տրամադրությունը գուցե վատ է
բայց ասում եմ լավ է լավ է
ու շատ լավ է
լսում ենք ուրախ մի երգ ես պարում եմ
ես մենակ եմ իմ սենյակում
տրամադրող լույսեր եմ ստեղծում
և խաղում եմ իմ խաղը
իրերն են էդ պահի իմ ընկերը
ես խոսում եմ աթոռիս հետ
կռվում եմ փրինտերի հետ
լացում եմ գովազդի հետ
և ուրախանում ինտերնետի կապից
հետո ընդունում եմ զանգեր
բզբզում եմ միկրոֆոնը
ու սկսվում է իմ շփումը քաղաքի հետ

ուրիշ է հայի գիշերային կյանքը
մեկը դժբախտ է իր անկողնում
կամ սիրահարված երազում է
կամ հոգնած տուն է մտել
կամ էլ ընկերոջ հետ է կռվել
մեկը ծննդատանը փոքրիկի  է սպասում
մյուսն էլ նոր է հղիանում
ուսանողը լարված քննություն է պարապում
միայնակ թոշակառուն մենությունն է ինձ հետ կիսում
մեկը վարակվում է իմ սիրած երգով
մյուսը ձայնիս տակ քնում

սուպերմարկետում աշխատողն է նաև իմ ունկնդիրը
կամ էլ անվտանգությունում հերթապահողը
գիշերային ակումբի մատուցողը
կամ էլ քաղաքի թինեջըրը
մեկը խելքից պակաս է
մեկն էլ չափից շատ կիրթ է
մեկը ռաբիս է մյուսը ռոքեր
մեկը պոետ է ուզում է ասմունքել
տաքսու վարորդն ուզում է ողջունել
իսկ հարբած մեկը ուրախ երգ լսել

հետո փակում եմ միկրոֆոնը
անքուն քայլերս Նորքից ինձ իջեցնում են քաղաք
ու անցնում եմ նույն ճամփեքով
ծիրանի չիրը դեռ փռված է իսկ լվացքը վաղուց չորացել է
նույն կատուն էլի իր տեղում մլավում է իսկ շունն ինձ վրա էլ չի հաչում
նա արդեն ինձ լավ է ճանաչում
պատի նկարած սիրտն իր տեղում է
իսկ էն ջահել աղջիկն էլի հացի հերթում է
ու կանգառում սպասում եմ 16-ին մինչև հասնեմ իմ թաղերին..

2013

***

պաղֆյում


ինձ քո հոտն էր պետք
ոչ թե
գիթառդ
երգդ
ու պանիրդ
ինձ քո հոտն էր պետք
ոչ թե
գինիդ
օծանելիքդ
նվագդ
ինձ քո հոտն էր պետք
ոչ թե
մատներդ
ժպիտդ
մազերդ
ինձ քո հոտն էր պետք

..մաքրիր վրայիդ օծանելիքը

2013

***

սի..


եթե երազանքները փոխել լինեին
ես կփոխեի իմ երազանքը
ու կդառնայի ասենք` դարբին
եթե ժամանակը հետ տալ կարողանայի
ես կընտրեի ձեզնից մեկին
ու կդառնայի ասենք` տիկին
եթե կյանքը նորից ապրել կարողանայի
ես կփոխեի շաբաթն ու կիրակին
ու կդառնայի ասենք` վեցշաբթին
..
եթե ''եթե''-ները փոխել կարողանայի
ես կփոխեի ''եթե''-ն ''այնքան''-ով
ու կդառնայի ասենք` այնքա՜ն երջանիկ..

2012

my proses

 

օլյայի մանտյոռ սերը


օլյան 19 տարեկան էր, երբ ամուսնացավ իրենց փողոցից մի տղայի հետ: մի տարի անց ամուսինը մեկնեց խոպան, էնտեղ մի ռուս աղջիկ գտավ ու հետ չվերադարձավ: սկեսուր մայրն էլ օլյային տանից դուրս հանեց, թե` որ երեխա չունես, էլ մեր ինչի՞ն ես պետք:
այդպես հինգ տարի հետո օլյան վեշերը կապեց ու իր հայրենի գյումրիից տեղափոխվեց երևան: աշխատեց, տուն ստացավ ու դարձավ երևանաբնակ:

անցան տարիներ օլյան ոչ մեկի հետ չամուսնացավ, ձեռի հետ ընթացքում 2 սիրեկան ունեցավ, երկրորդի հետ կապը երկար տևեց. իր ընկերուհու ամուսինն էր: օլյան չարացել էր. մենակ իր մասին էր մտածում:

20 տարի հետո, մի օր նրա հետ էլ կապերը խզեց ու մնաց առանց սիրեկանի:

ու մի օր էլ օլյայի հեռախոսը փչացավ, առանց որի նրա կյանքը կյանք չէր: նա մանտյոռ կանչեց:
էդիկը գործիքները վերցրած եկավ օլյայի հեռախոսը սարքելու: էդպես նրան սուրճ հյուրասիրեց, հարցաքննեց, իմացավ, որ իրենից 7 տարի մեծ է, կինը մահացել է, երկու երեխա ունի, հարս, թոռնիկ, ավելին` աշխատող է.. որոշեց հեռախոսը նորից փչացնել:
նրանք ամուսնացան: օլյան խնամեց էդիկին, լողացրեց, թարմացրեց սիրունացրեց , հպարտ մտավ թևն ու քայլեց փողոցով:
նա ուրախ էր, գտել էր իր էդոյին, բայց հենց ջղայնանում էր, ինչ ասես որ նրան չէր ասում:
հիմնական վեճի պատճառը փողն էր. ուզում էր էդոյի աշխատավարձը միայն ինքը տնօրիներ:

այդպես ամեն աշխատավարձ ստանալու նախօրեին, վիճում էին, էդոն էլ վեշերը հավաքում էր, գնում իր տուն: օլյան էլ միշտ վստահ էր լինում, որ էդոն հետ էր վերադառնալու, որովհետև ինքը իրեն խնամում, կերակրում էր: էդպես էլ լինում էր` մի շաբաթ անցնում էր, խաղաղվում էին, էդոն հետ էր գալիս:


ու մի օր օլյան տխուր էր, էդոյի հետ գալու ժամկետը լրացել էր, բայց նրանից լուր չուներ: էդոն համառորեն հետ չէր վերադառնում: նա սկսեց հուսահատվել. էս անգամ վեճը լուրջ էր:

օլյան իր տխրությունը փարատում էր բրազիլիական սերիալներով, ապրում էր հերոսների կյանքով, նրանց նմանեցնում իրեն ու կպած հետևում դեպքերի զարգացմանը:

մեկ էլ օլյան հուսահատ խորը շունչ քաշեց ու ասաց.

- մտքումս բան եմ պահել, եթե գավյոտան սեբաստիանի հետ միացավ ուրեմն էդոս էլ կգա..

2013

***

էնդի վաՂհոլը, ես ու աղջիկների տրիոն


կիսալվացած վրձինով խառնեցի սպիտակը ու բարակ գծերով մի քանի գույներ վրձինից դուրս տվեցին: սպիտակը գունավորվեց:
մեկ էլ էնդին եկավ ու ներկերը կորան: 
սեղանին երևաց սպիտակ A4 թղթի վրա մատիտով նկարածս աղջիկների տրիոյի վերջին կիսատ նկարը:

- հերիք ա էդ թղթի վրա նկարես, փոխիր թուղթդ ու է՜ն մատիտից գնիր,- ասաց էնդին ու երաժշտություն միացրեց
- իյա..! դու էլ ֆեյսբուքում կաս, էնդի?
- ըհըմ, - գլխով արեց ու պարային շարժումներով ուսերը տարուբերեց:
- դե ուրեմն քեզ էլ կնկարեմ, բայց էլի էս թղթի վրա ))
- մեկ էլ քո երազած նկարը կետչուպով կնկարե՜ս,
կե՜տչու՜պո՜վ ..

ակնոցի տակից ձախ ունքը բարձրացրեց ու նայեց աղջիկների տրիոյի նկարին
- աղջիկներ չպարե՞նք
.. ու գնաց էնդին:

մնացի ես ու դիմացս աղջիկների տրիոյի կիսատ նկարը
ու չիմացա էնդին հավանեց այն, թե չէ՞

մեկ էլ աղջիկներից մեկն ինձ աչքով արեց : ու էլի գույներ երևացին ու ականջիս լսվեց.
-ժավե՜լ, ժավե՜լ..

զարթնեցի:

2013

***

բաոնԾի


նա խանութում է աշխատում. շոկոլադ ու գինի է վաճառում: 26 տարեկան է` սև երկար մազերով և մի քիչ թուխ մաշկով: ընկերները նրան բաոնԾի  են ասում, իսկ նա նրան դառը շոկոլադ կասի:
նա միշտ երազում է, նույնիսկ` շոկոլադ ու գինի վաճառելիս: ամենից շատ երազում է հոլիվուդյան ֆիլմում նկարվել.  հավատում է ֆիլմերի սիրո պատմություններին:

երեկոյան կփակեմ խանութը, ինչպես միշտ գայլուկիս համար չեմ մոռանա իր սիրածշոկոլադե պաղպաղակե տորթը ու արագ կվազեմ երթուղայինի հետևից:  մեկ էլհանկարծ պատահաբար ՆՐԱ թևը կդիպչի ինձ ու ձեռքիցս կընկնի շոկոլադեպաղպաղակով տորթը: նա ներողություն կխնդրի,  ես կբարկանամ, որ իմ գայլուկինխոստացած տորթն ընկավ իր պատճառով, կամ էլ կասեմ` ոչինչ: հետո նա կպարզի, որգայլուկն իմ փոքրիկ քաղցրակեր քույրիկն է: միասին կծիծաղենք: նա կառաջարկի մի քիչ քայլել, հետո գայլուկիս համար նոր տորթ կգնենք և ինձ կուղեկցի տուն..  և կսկսենքհաճախ հանդիպել:  
մի օր էլ նա գինի ու շոկոլադ կգնի ու,  ինչպես ֆիլմերում,  մի պատրվակով կհրավիրի ինձ  իր մոտ:  հետո մեղմ բառեր կշշնջա ականջիս ու հարմար առիթին անհագորենկհամբուրի..

.. ու տեղ ֆիլմի ժապավենը կկտրվի. ամենի ինչ կանհետանա, կանհետանամ նաև ես նրա տնից, չի հնչի էլ երաժշտություն, կլինի միայն երթուղայինի ձայնը փողոցում ու շատ մութ մի երեկո..

-հե՜յ, էքսքյուզ մի , յու հիր մի ? քեն յու գիվ մի ը բաթըլ օֆ վայն ընդ բիթըր չոքըլեդ ?
- գնա գրողի ծոցը, անասուն..

ֆիլմի վերջը

2013

Thursday, April 17, 2014

Dedicated to the bottle


the English translation by Hebrew translator Sigal Shir

Wine revives me
And says -You are a woman
Vodka smiles at me
And says -Laugh as much as you want
Beer puts its hand on my shoulder
And says -enjoy your strength
Koniac opens my voice and secretly warms me
Champagne asks:
-Hey, are you OK?
Mojito whispers
-Yeh, I am fine
Oh Martin?
Martini with olive!
-Hey, how are you beautiful?
-Do you want to dance? He invites
Rickard smiles at me *-Bienvenue en France
Rum, Tequila, Whisky, Gin, and…
Wink at me and whisper
-it is a holiday! Care to join us?
*Welcome to France

բաթըլ ձոն

գինին կյանք է տալիս ինձ,
 ասում է`  դու կին ես,
օղին ծիծաղ է տալիս,
ու ասում` խնդա՜ ինչքան կուզես,
գարեջուրը ձեռքն ուսիս է դնում. 
- վայելիր, դու ուժեղ ես,
կոնյակը ձայնս է բացում
ու թաքուն ինձ ջերմացնում:

շամպայնն ասում է`
հե՜յ, ար յու օքեյ?
մոխիտոն շշնջում է
-յես, այ էմ օքեյ,
օ՜հ, մարտինի՞ն
մատինին զեյթունով
- հեյ, ինչ սիրուն ես, գուցե պարե՜ս
ու պարի է հրավիրում..

Ղիկարդը թաքուն ժպտում է միշտ 
ու bienvenue en france-ը հիշեցնում:

ռոմ, տեկիլա, վիսկի, ջին
ու էլի էլի շա՜տ խմիչքներն
աչքով են անում ու շշնջում.        
- էսօր տոն է՜,

կգա՞ս մեր տուն..

2012

Thursday, March 27, 2014

Diane Tell " Si j'étais un homme''

Կանադացի հեղինակ- կատարող, կոմպոզիտոր, երաժիշտ , պրոդյուսեր, ռեժիսոր: Ծնվել է Քվեբեկում: Բացի անգլերենից, նաև ֆրանսերեն է երգում: Համագործակցել է ֆրանսիացի հայտնի երգահանների հետ:  Թողարկել ֆրանսիական երգերից բաղկացած ձայնասկավառակներ:  Սակայն Դայանի կատարումներից առանձնանում է "Si j'étais un homme''   երգը, որը 1979թ.-ին գրվեց , իսկ հաջողություն ունեցավ 1982թ.-ին:

80-ականների սկզբին, երգչուհին Ռադիո Կանադայի կողմից ընտրվեց Բելգիայում տեղի ունեցող Ֆրանսիական երգի ամենամյա փառատոնին՝ ներկայացնելու իր երկիրը՝ Կանադան: Այդ առիթով էլ գրվեց այս երգը, սակայն քննադատների պատճառով այն անհաջողություն ունեցավ և առաջին իսկ փուլից դուրս մնաց: 
Սակայն ինչպես ասում են՝ անիվը պտույտ կատարեց, և արդյունքում հենց այս երգը դարձավ երգչուհու երգացանկից ամենասիրվածն ու հայտնին, ինչպես նաև՝ ամենաքննադատվողը:

Ի դեպ, ֆեմինիզմը նույնպես չշրջանցեց այն, և իր տեղը գտավ բլյուզում: Տարբեր կատարողներ սկսեցին իրենց երգերում չեղյալ հայտարարել գենդերային անհավասարությունն ու  հայրիշխանական մոդելը: մի մասի երգերում հերոսը կրքոտ կինն էր, ով փնտրում էր իր տղամարդուն: Իսկ ահա Դայան Թելլը երգում էր կրքոտ կնոջ ցանկության մասին, որն ավելի շատ արական էր, դրանով ցույց տալով սեռական հեղափոխության բացահայտումները, որն ավելի ակներև էր Հյուսիսային Ամերիկայի հիպպիական շարժման ժամանակ, և դա կարծես հաստատում էր, որ Ֆրանսիան այդ ամենից տեղյակ է:

եթե ես տղամարդ լինեի

եթե տղամարդ լինեի
ես կլինեի կապիտանն այն նավի՝
կանաչ-սպիտակ
հազվադեպ էլեգանտ
և ամուր էբենոսափայտի նման
չափազանց վատ եղանակի համար

քեզ կտանեի ճամփորդության
տեսնելու լավագույն երկրներն աշխարհի
ծովափին քեզ հետ սեր կանեի
ու ամեն մի վայրկյանը կվայելեի
ուր իմ թմրած մարմինը կայրվեր
մինչև որ քո գրկում կհանգչեի ու կքնեի

բայց
ես կին եմ,
և երբ կին են
նման բան չեն ասում միմյանց

ես քեզ կնվիրեի գեղեցիկ զարդեր
ծաղիկներ բնակարանիդ համար
օծանելիք որ քեզ կխենթացներ
ու անմիջապես Միլանի մոտ,
Բերգամո կոչվող քաղաքում 
քեզ համար վիլլա կկառուցեի

բայց
ես կին եմ
և երբ կին են
նման բաներ չեն գնում իրար

պետք է ասել ժամանակները փոխվում են
այսօր յուրաքանչյուրն իր համար է
նման հնացած սիրո պատմությունները
միայն ֆիլմերում են հանդիպում
դառնում են տնտեսող
ցավալի է
ես կկարողանայի հրաշալի սիրել
մի քիչ ավելի շատ հումորով և քնքշորեն
եթե տղամարդիկ այդքան չշտապեին սիրուհիներ ունենալ
ահ, եթե ես տղամարդ լինեի!

քեզ կզանգեի ամեն օր
մենակ քո ձայնը լսելու համար
քեզ կասեի՝ իմ սեր
կպնդեի տեսնվեինք
ու կհորինեի մի ծրագրի 
երեկոյան գալլայի նման

բայց ես կին եմ
իսկ երբ կին են
նման բաներ չեն անում

պետք է ասել ժամանակները փոխվում են
այսօր յուրաքանչյուրն իր համար է
նման հնացած սիրո պատմությունները
միայն ֆիլմերում են հանդիպում
դառնում են տնտեսող
ցավալի է
ես կկարողանայի հրաշալի սիրել
մի քիչ ավելի շատ հումորով և քնքշորեն
եթե տղամարդիկ այդքան չշտապեին սիրուհիներ ունենալ
ահ, եթե ես տղամարդ լինեի!

..ես կլինեի ռոմանտիկ

թարգմանեց՝
Ռուզան Պետրոսյանը



Thursday, March 6, 2014

David Gilmour- Je crois entendre encore


Երգը Ժորժ Բիզեի, եթե բառացի թարգմանեմ, կլինի՝  "մարգարիտների ձկնորսները", իսկ իրականում, հավանաբար այսպես է` " մարգարիտներ որոնողները" (Georges Bizet "Les Pecheurs de Perles", 1863)-  երեք ակտից բաղկացած օպերայից մի ակտ է: Այն կատարել են շատերը, սկսած` Պլաչիդո Դոմինգոյից..
Զարմացա երբ առաջին անգամ երգը գտա Փինք Ֆլոյիդի լիդեռներից՝ Դեյվիդ Գիլմոորի կատարմամբ՝ ֆրանսերենով :
Այն կոչվում է "je crois entendre encore"

հույս ունեմ լսել դեռ

հույս ունեմ նորից լսել
նուրբ ու հնչեղ ձայնը նրա`
արմավենիների տակ թաքնված,
նման աղավնիների երգի:

օ՜հ, գիշեր հմայիչ ,
Աստվածային հիացմունք
օ՜հ, հիշողություն հրապուրիչ
խելագար արբեցում,
քաղցր երազ:

հույս ունեմ նորից տեսնել
լույսերն աստղերի
երեկոյան տաք քամիներից
բացված երկար քողերը նրանց:

օ՜հ, գիշեր հմայիչ ,
Աստվածային հիացմունք,
օ՜հ, հիշողություն հրապուրիչ,
խելագար արբեցում,
քաղցր երազ

հրապուրիչ հիշողություն,
հրապուրիչ հիշողություն..

թարգմանեց՝
Ռուզան Պետրոսյանը





Edith Piaf - La belle histoir d'amour

Edith Piaf avec Georges Moustaki
1958թ.-ի փետրվարից մինչև 1959թ.-ի փետրվարն Էդիտ Պիաֆն ունենում է սիրո մի գեղեցիկ պատմություն ֆրանսիացի հեղինակ- կատարող, արմատներով հունա-իտալացի Ժորժ Մուստակիի հետ: Որի մասին էլ նա երգում է ՛՛ Սիրո գեղեցիկ պատմություն՛՛ երգում: Բառերի հեղինակն Էդիտն է, իսկ երաժշտությունը ֆրանսիացի երգահան-կատարող Շառլ Դյումոնինն է
Մուստակին 19 տարով փոքր էր Էդիտից, և նրանց սիրո պատմության ավարտը, կարծես թե, ճանապարհի ավտովթարն է լինում, որից Էդիտը առողջական լուրջ վնասվածքներ է ստանում, և որպես ցավազրկման միջոց, մորֆիից կախվածություն ունենում: 
1959թ. Նյու-Յորքյան շրջագայության ժամանակ Էդիտը համերգի ժամանակ բեմին ուշաթափվում է և կրում բազմաթիվ վիրահատություններ: 
Նա Փարիզ է վերադառնում առանց Մուստակիի. վերջինս Էդիտից հեռացել էր՝ լքելով նրան ճանապարհին: Այդ բաժանումը, երգչուհին ծանր է տանում և երգում իր տխրությունը:


 սիրո գեղեցիկ պատմություն

երբ տղամարդը գալիս է դեպի ինձ,
ես գնում եմ միշտ դեպի նա,
գնում եմ դեպի ու չգիտեմ ինչի,
քայլում եմ գիշերվա գրկում
ու փորձում մոռանալ քեզ,
որը վեր է իմ ուժերից
ես մասնատվում եմ
ու պատկանում եմ միայն քեզ:
չեմ մոռանա երբեք մեզ՝ երկուսիս,
ինչպես էինք միմյանց սիրում
ամբողջ գիշեր և ամբողջ օր,

սիրուն պատմություն՝ սիրո,
գեղեցիկ սիրո պատմություն..
ինչո՞ւ դու ինձ թողեցիր,
ես մենակ եմ արտասվում
բոլորովին մենակ եմ փնտրում:

մի օր, երբ ես սպասում էի
երկար էի սպասում
ես հույս ունեի
հույս ունեի
հույս ունեի..
դու չվերադարձար 
ես ըմբոստացա 
ես ընտելացա
ես գոռացի
արտասվեցի
մերժեցի
աղոթեցի..

ես չեմ մոռանա երբեք
մեզ՝ երկուսիս
ինչպես էինք սիրում միմյանց
ամեն օր
ամեն գիշեր
սիրուն սիրո պատմություն
սիրուն պատմութրուն՝ սիրո
ինչո՞ւ դու ինձ թողեցիր
ես մենակ եմ արտասվում
բոլորովին մենակով եմ փնտրում

երբ մի տղամարդն ինձ դուր է գալիս
ես միշտ համեմատում եմ,
և երբեք ինձ մոտ չի հաջողվում
հիմնավոր պատճառ տալ նրան.
դա քո ձայնն է, որ ես լսում եմ
քո աչքերն են, որ ես տեսնում եմ
քո ձեռքերն են, որ ես սպասում եմ
ես պատկանում եմ միայն քեզ

չեմ մոռանա երբեք
մեզ՝ երկուսիս
ինչպես էինք սիրում միմյանց
ամեն օր
ամեն գիշեր
սիրուն սիրո պատմություն
սիրուն սիրո պատմութրուն
ինչո՞ւ դու ինձ թողեցիր
ես մենակ եմ արտասվում
բոլորովին մենակով եմ փնտրում

հույս ունեմ
հույս ունեմ
միշտ հույս ունեմ,
որ իբրև կվերադառնաս
ես գիտեմ
կվերադառնաս 
ու կմեկնես ինձ քո ձեռքը
ու ինձ կտանես
ինձ կտանես
ինձ կտանես
ինձ կտանես..

թարգմանեց՝
Ռուզան Պետրոսյանը


վերջերս այս երգը կատարեց նաև Պատրիսիա Կաասը: