Tuesday, April 5, 2011

մազոխաՉպոեզիա

  ***

ես տանջում եմ ինձ,
որ դու էլ տանջվես ինձ պես,
ու քո տանջվելուց ես ավելի տանջվեմ:
ես սպանում եմ ինձ իմ ներսում
ու խեղդում խեղդոցիս մեջ,
որ դու էլ խեղդվես իմ ներսում, 
իմ մեջ
ու լինես միայն իմն ու քոնը..

***
ես կսպանեմ ինձ այնքան ժամանակ
մինչև որ մարմնիս ցավից
կճչա երկինքը,
ես կլռեմ իմ ցավի դիմաց ու լուռ կխմեմ ցավիս կենացը,
և այդժամ ցավոտ արբումից 
հաճույքը կծակի մամինս, 
ու ես կկերակրեմ ինձ մի կտոր այդ հաճույքից
ու կթավալվեմ անկողնում մինչև մոտ գիշերվա ցավը..

***
մի օր
մի շնչով
կյանքը խմեց քեզ
իմ բաժակից,
ծխեց քեզ
իմ բերանից,
ծխեց, խմեց,
բայց չհարբեց, չհազաց
ու չթքեց..
մի օր
նույն շնչով գինի
ես խմեցի
քո բաժակից
ու հարբեցի
ու հարբեցի
ու հարբեցի
..ու թքեցի ..

***
կորցրեցի կարմիրը
ու ատեցի այն,
ատեցի կորուստի համար.
կորուստները պիտի ատեն,
կորուստները պիտի սիրեն:

ատում եմ կարմիրը, 
սիրում եմ կարմիրը,
որովհետև այն իմն է,
որովհետև..
այն վերադառնալու է

***
ես կկտրեմ մի մեծ կտոր իմ տանջանքի տորթից
ու կխցկեմ այն կյանքի բերանը,
ես կքամեմ մի բաժակ իմ ցավի հյութից
ու կտարածեմ այն կյանքի դեմքին 
ես կներկեմ իմ արյունով  իմ ցավը
 ու կնկարեմ դրանից մի սմայլիկ
ու կյանքը այդ օրը կուշտ կժպտա ինձ 
ու կըմբոշխնի ցավիս հաճույքը...

*** 
խավարի հատիկները կմանրացնեմ
ու փոշին կքաշեմ քիթս
ու կայֆ կանեմ խավարի մեջ,
որտեղ սերը կլինի խավարի տերը,
իսկ ցավը իմ տիրուհին:

ես խավարի հատիկները
կտարածեմ երկինք
ու դրանցից կսարքեմ աստղեր,
որտեղ դու կլինես երկնքի տերը,
իսկ երգը իմ սիրուհին:

***
խխունջը երգեց.
“ տվեք ինձ իմ խեցին և ես կփակվեմ իմ մեջ
ու մի օր էլ մարդը կգտնի ինձ,
դանակով կքերի ինձ իմ խեցուց,
կհանի հյութս ու ինձ կվաճառի մեկ ուրիշ մարդու:
ու մարդը մի շնչով կուլ կտա ինձ իր ներսը
ու կխմի գինի կամ գարեջուր,
և ես այլևս բանի պետք չեմ լինի,
ես կլինեմ անցյալում..
հետո մարդը կվառի իր ծխախոտը,
ու մոխիրը թափ կտա խեցուս մեջ:
 ես կլինեմ մոխիր, իսկ խեցիս` մոխրաման…

***

...Որ անձրևի կաթիլները գլուխս խուտուտ տան, իսկ ես թրջված նրանց խուտուտը երեսիս զգամ:  
...Որ մազերիցս անձրևի հոտն առնեմ, մաշկիս նրա հետքը զգամ:
...Որ կոշիկներս հանեմ, ոտքերս լվամ անձրևաջրով, ոտաբոբիկ քայլեմ ու ոտքով համբուրեմ գետինը թաց: 
..Որ շորերս հանեմ, որ անձրևը քայլի մարմնիս վրայով  ու կաթիլները շոյեն մազերս, մաշկս, 
...Իսկ ես մրսեմ, սառեմ, թրջվեմ : ցրտից զգամ դողի հաճույքը:  մերկ վազեմ փողոցով ու դողամ ցրտից, իմ գոռոցից տաքանամ ու մրսեմ, սառած թրջված, թաց ու թացացած ինձ տուն գցեմ, 
Ինձ  հոտոտեմ ու հոտոտեմ, վրայիցս անձրևի հոտն առնեմ, 
Ինձ փաթաթվեմ, ինձ փաթաթվեմ ու չտաքանամ,
մրսեմ, սառեմ ու սատկեմ...

Sunday, April 3, 2011

փշրված հիՇողություն... ՄԱՍ 2.


-Անիի՞նչ ես նայում:
-Հաշմանդամների մասին դոկումենտալ ֆիլմ է: Հեղինակը նույնպես հաշմանդամ է եղել:  
-Ափսոս անգլերեն չեմ հասկանում:
-Երբ արտերկրում մի շաբաթ հաշմանդամների համար հատուկ հոգեբանական կուրսեր անցա, վերջին օրը, հոգեբանն այս ֆիլմը մեզ համար ցուցադրեց: Հեղինակը հանդիպում է տարբեր ազգի հաշմանդամների հետ, նրանց հետ զրուցում: 
Ֆիլմի հիմքում սեփական հավատն է: Հետաքրիքր է, վերջում հեղինակը կարողացել է բոլոր հինգ հաշմանդամներին մի տեղ հավաքել: Վերջում, երբ ամեն մեկն իր երազանքի ու մեծ հավատի մասին է խոսում, մի գերմանուհի հեղինակին ասում է.
"Ձեզ համար հեշտ է ասել` հավատացե~ք: Երբ բժիշկն ասում է, դու դատապարտված ես անվասայլակին, երբ ոտքերդ չես զգում, ինչպե ՞ս հավատալ, որ մի օր երբ արթնանաս, ոտքդ զգալու ես: Կողքից հեշտ է հավատի մասին խոսել, երբ անվասայլակի զզվելի գոյությունը քեզ ծանոթ չէ":
Ու այդ պահին հեղինակը, անունը Ռոբի է,  ասում է, որ դուք սխալվում եք, տիկին, ես նույնպես հինգ տարի գամված եմ եղել անկողնում և անբաժան այդ անվասայլակից, սակայն երբևէ գոնե մի վայրկյան հավատս չեմ կորցրել: Կնոջս հետ միշտ հավատացել եմ, պայքարել եմ օր ու գիշեր: Այսօր երկու ոտքով կանգնած եմ ձեր առջև…”
 Էլլը գրկեց Անիին: 

-Դու ուժե~ղ ես, Անի: Գիտես սերը հրաշքներ է գործում: Մենք` բոլորս քեզ շատ ենք սիրում ու հավատում: Մեր հավատը ու նաև քո հավատը անպայման քեզ ոտքի կկանգնեցնեն: Մի անգամ, ծանոթ մի խելացի մտավորական ինձ  ասաց. " Սերն ամենաուժեղն է; Եթե մեկին մտերիմները շատ են սիրում, եթե նա իսկապես շրջապատված է սիրով, որպես պարգև` նա կարողանում է հաղթել ցանկացած դժվարություն.  իր հանդեպ ստացած մեծ սերը հզոր զենք է ցանկացած բանի դեմ, նույնիսկ` հիվանդության": 
Անի, ես հավատում եմ` ճշմարտություն կա դրա մեջ: Մենք կհաղթահարենք, չէ ՞: Մենք դեռ միասին պար են բեմադրելու ու բոլորին զարմացնելու:,
- Հա~... չկայացա~ծ երկու պարուհիներով :
-Անի,  չկայացա~ծ, բայց տաղանդավոր: Գնա ՞նք զբոսնելու: Արի այսօր երկար ժամանակ թափառենք, մինչև ուշ կեսգիշեր, երբ քաղաքը կդատարկվի ու փողոցում կմնան միայն մարմնավաճառները, բոմժերը ու մենք:
- Մեկ էլ քաղաքի լույսերը:
-Գնա ՞նք, Անի~:
-Գնացինք: Դու ինձ դարձրեցիր քեզ նման գիշերային մարդ; Իսկ ես գիշերները հիմարի պես քնում էի…
- Ոչինչ, հիմարությունդ կարճ է տևել...
Գիտես Էլլ, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես ամեն ինչ առաջին անգամ եմ տեսնում. այս ծառը, նստարանը, ընկած տերևը, փողոցի աղմուկը: Հիմա ամեն ինչ այլ աչքերով եմ տեսնում: Որտե ՞ղ էի առաջ ես, չէ, իսկապես ամեն ինչ ուրիշ է…
- Հա, քաղաքը արագ է փոխվում: Փորձիր տանից մի շաբաթ դուրս չգալ, ամեն ինչ փոխված կտեսնես,- Էլլը փորձեց շեղել Անիի տխրությունը, -և հետո մի մոռացիր` դու երկար ժամանակ բացակայել ես Երևանից, դա քո կարոտն է: Հիմա փորձում ես նկատել այն, ինչ առաջ չէիր նկատում:
 -Չէ, դու ինձ չե~ս հասկանա, դա բացակայության հետ կապ չունի. հիմա այլ կերպ եմ տեսնում ու գնահատում կյանքը, բնության երևույթները:
"Գիտեմ, ընկերուհիս, գիտեմ,- մտքում շշնջած Էլլը, - գիտեմ, պարզապես չեմ ուզում, որ ամեն մի նոր բացահայտումդ կապես քո խնդրի հետ, որը քեզ ցավ կպատՃառի"
Հետո ավելացրեց.
- Գիտես Անի, մի օր իմ մտերիմ նկարիչներից մեկն ինձ ասած նկարիր այն, ինչ քեզ զայրացնում է, ինչ չես սիրում: Ես էլ Մասիս սարը նկարեցի: Նկարելու ժամանակ, պատկերացնու ՞մ ես, չէի կարողանում կողմնորոշվել` Սիսը աջ կողմու ՞մ է, թե ՞ ձախ: Ես պարզեցի մի բան. ամեն առավոտ, երբ պատուհանից նայում էի Մասիսին ու չէի սիրում նրան, որովհետև այն դարձրել էին հայկական "թեմա": Չէի սիրում, որովհետև ես այն իսկապես չէի տեսնում; Իմ աչքերը բաց էին, բայց ես նրան էլի չէի տեսնում: Նկարելուց հետո ինձ մոտ ինչ որ բան փոխվեց: Ամեն անգամ, երբ կանգառ էի դուրս գալիս մտքերով նայում էի Մասիսին ու այլ զգացողություն էի ունենում. ես արդեն նկատում էի նրան: Նույն զգացողությունը դու ունես հիմա: Այսօր քո աչքերը բաց են և դու իսկապես տեսնում ես:
-Չէ, պատճառը դա չի... Իմ աչքերը միշտ էլ բաց են եղել, ուղղակի հիմա ես գնահատում եմ այս օրը, այս պահը, այս ծառի գեղեցկությունը:
-գիտեմ,- մտմտած Էլլը... ,- նաև` կյանքը...

...Էլլն այսօր տխուր էր: Նա սառնություն էր զգում Անիի վերաբերմունքի մեջ, կարծես նա իր ընկերությունը մերժում էր: Անին ագրեսիվ էր, երբեմն` ինքնամփոփ: 
Դու ինձ մեկա երբևէ չես հասկանա, իմ ապրումները ոչ մեկ չի հասկանա”` Անիի խոսքերը նրա գլխից դուրս չեն գալիս:
Երբեմն մեզ թվում է, որ բացի մեզանից կամ մեր իրավիճակում հայտնվող մարդկանցից էլ ոչոք մեզ լավ չի հասկանա: Գուցե այդպես է: Գուցե ես չեմ կարողանում հասկանալ Անիին, գուցե այն խոսքերը, որ ուզում եմ նրան ասել, որ մի պահ մոռացնել տամ իր անվասայլակի մասին, դա նրան դուր չի գալիս: Գուցե ինքը ցանկություն ունի այդ մասին հաճա ՞խ խոսելու, հիշելու, որ... հաշմանդամ է: Գուցե իսկապե ՞ս Անիին չեմ հասկանում: Բայց ինքն էլ չի ուզում հասկանալ, որ հարազատ մարդիկ նույն տխրությունն են ապրում, ինչ իրենց հարազատ հաշմանդամները: Նրանց մոտ էլ է նույն զգացողությունը. կյանքը երրորդ աչքով տեսնել ու գնահատել, բացահայտել նրա փակ կողմերը: Նրանք նույնպես սկսում են յուրովի նկատել հաշմանդամներին, հետաքրքրվել նրանց դժվարություններով:
.....
-Անի  քո անվասայլակը գեղեցիկ է:
- Ինչպե ՞ս կարող է անվասայլակը քեզ դուր գալ:
- կներես, ես հիմար եմ…
-չէ, հիմար չես, ես եմ հիմար…
-լավ մենք հիմար ենք երկուսով:
...
Էլլը մի անգամ փորձեց տիկին Մարիի հետ էլ խոսել;
-Էլլ ջան, Անին քեզ շատ է սիրում, գիտես իր զարմուհիներից շա~տ: Պարզապես մի նեղացիր, իր մոտ դժվար շրջան է. չի ուզում սիրելիներին իր հոգսի տակ գցել, իրեն վատ է զգում; Նույնիսկ հայրիկի հետ էլ է սառել, ագրեսիվ է, երբեմն չի ուզում հետը խոսել; Մի օր Արմենին ասել էր, եթե մեկ տարի հետո կրկին հաշմանդամ լինեմ, խոստացիր, որ ինձ կտանես Հայաստանից հեռու` հաշմանդամների միություն, չեմ ուզում տանը ձեզ ավելորդ հոգս պատճառել: 
....
 -Չէ, մամ Էլլին ասա, թող այսօր չգա, ուզում եմ մի քիչ քնել: Թող իր գործերով զբաղվի:
Էլլը զգաց, որ Անին ձևացրեց, թե քնել է ուզում :
Նաև զգաց, որ գնալով այլևս թեմա չունի Անիի հետ զրուցելու: Նրան սփոփել չէր ստացվում այլևս. խոսքերն անզոր էին: Անիից միայն մի պատասխան էր լսում.
" ինչպե ՞ս կարող եմ ժպտալ, մոռանալ... ինչո՞ւ եմ տխուր, որովհետև ես հաշմանդամ եմ, որովհետև ես ատում եմ այս անվասայլակը, երբ բացում եմ աչքերս, սկսվում է իմ զզվելի իրականությունը: " , կամ`  "Ինչո՞վ կարող ես ինձ օգնե~լ... Էլլ, չե՞ս հասկանում, ոչ մեկդ ինձ չի կարող օգնել: Կարո՞ղ եք ինձ ետ վերադարձնել իմ ոտքերը, չե՞ք կարող, տեսնու՞մ ես…"
Էլլը որոշեց Անիին այլևս հաճախ չտեսնել, որպեսզի նրան ավելի չտխրեցներ:Մի պահ նրան ազատ ու հանգիստ թողնել...

Մի տարի անց. ուշ երեկոյան

-Է՞լլ...
-Լսում եմ Անի, ինչպե՞ս ես, քեզ կարոտել եմ:
-Ես նույնն եմ: Էլլ վաղը մենք գնում ենք Հայաստանից: Հայրիկին ընդմիշտ աշխատանք են առաջարկել: Հետո էլ այնտեղ բժշկությունն ավելի զարգացած է, գուցե վիրահատվելու կարիք էլ լինի: ես քեզ կզանգեմ, կգրեմ: Համբուրում եմ ու գրկում... տու~ տու~ տու~ տու~

/կախեց լսափողը /


"Էլլ, երդվիր, խոստացիր, որ միշտ անբաժան ենք լինելու, աշխարհի որ ծայրում լինենք" - Անիի խոսքերը հիշեց

2007թ

Հ.Գ.- 2006-թ-ին փողոցում պատահաբար ծանոթացա 20- ամյա ֆրանսուհի հետ : Կամավոր էր, ուզում էր Հայաստանում մանկական ցուցահանդես կազմակերպել : Օգնեցի, ընկերացանք: Հայերեն դժվարությամբ էր խոսում, ես էլ` ֆրանսերեն : Մի կերպ կարողանում էինք հաղորդակցվել: Սինդին մի օր խոստովանեց, որ ողնաշարի խնդիր ունի ու գնալով իր մոտ ամեն ինչ բարդանալու է : Բացատրեց, լավ չհասկացա խնդիրը : Նա միտումնավոր բոլոր իր ընկերներից, սիրելիներից ինչպես նաև` իր սիրած էակից հեռացել էր: Ոչ մեկի հետ կապ չէր պաշտպանում, որպեսզի հետագայում իր հիվանդությունը նրանց ցավ չպատճառի : Ասում էր, որ ուզում է մենակ լինել իր հիվանդության հետ: Հիշեցի Անիի խոսքերը: Գուցե իսկապես մենք տարբեր ենք, գուցե իսկապես ես ի զորու չեմ նրա զգացողությունները հասկանալԱյդ դեպքում նրանք չեն հասկանում, որ այդպես իրենց հեռացնելով մտերիմներից , ավելի ցավ են պատճառում: Տարիներ են անցել, Անիի բացակայությանն ընտելացել եմ, սակայն ամեն անգամ անվասայլակով մեկին տեսնելիս, միշտ մի բան եմ խնդրում. « այս հարմարեցված սալահատակները թող երբևէ պետք չգան Անիինթող աշխարհում երբևէ չլինեն անվասայլակներ ու ընդհանրապես հաշմանդամներ...”:

Ռուզան Պետրոսյան

Saturday, April 2, 2011

փշրված հիՇողություն... ՄԱՍ 1.


« Մարտի 30-ին Նյու Յորքում կայացավ Հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիայի ստորագրման հանդիսավոր արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրեց աշխարհի 81 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը… » :
Էլլը փոխեց ռադիոալիքը : Երթուղայինը Խանջյան փողոցից թեքվեց դեպի Տիգրան Մեծ : Նախկին Ռոսիա կինոթատրոնի կանգառում նորից շինարարություն էր. հաշմանդամների ազատ տեղաշարժման համար մայթերի սալահատակն են ձևափոխում: Իսկ ռադիոյով Սթիվի Ուանդերի երգն էր. « You are the sunshine of my life … » :  Որքան երջանիկ էր այն ժամանակ Անին, ինչպիսի ոգևորությամբ էր երգում այդ երգը : Աչքերը փակում էր ու ասում. « է~լլ, զգա~ ի~նչ խորություն կա բառերի մեջ. You must have known that I was lonely/ Because you came to my rescue,/ And I know that this must be heaven,/ /How could so much love be inside of you?..… Էլլ, Սթիվիին այնքա~ն շա~տ եմ սիրում:
Տեսնես որտե՞ղ է հիմա Անին, ի՞նչ է անում, բուժվե՞ց: Ինչո՞ւ այդպես միանգամից անհայտացավ, հեռացավ իմ կյանքից.. 

Էլլը Անիին ճանաչեց 6-րդ դասարանում: Հայոց լեզվի ուսուցչուհին մտավ դասարան և մի ծրար հանձնեց Էլլին:
-Նամակ ունես:
՞ս…, - զարմացավ Էլլը:
Ծրարի վրա գրված էր . 
"Նամակը խնդրում եմ հանձնել 6-րդ Բ դասարանի N 24-ին"
Դասի ժամանակ չդիմացավ, բացեց ու կարդաց:

"Բարև, ես Անին եմ: Դպրոցում գերազանց եմ սովորում: Սիրում եմ հատկապես հայոց լեզու և գրականություն, իսկ անգլերենը պաշտում եմ, որովհետև անգլերենի հետ կապված մեծ երազանքներ ունեմ: Դիվանագետ եմ ուզում դառնալ: Սիրում եմ շատ ընկերներ ունենալ և շատ եմ սիրում ընկերներիս: Սիրում եմ նրանց հետ զբոսնել, թափառել փողոցներով, չնայած մայրիկիս ու եղբորս դա այնքան էլ դուր չի գալիս: Հայրիկս` իմ միակ պաշտպանը,  աշխատում է արտերկրում, դասախոսություններ է կարդում: Ես էլ դրա համար ստիպված եմ լինում երբեմն ենթարկվել մայրիկիս ու եղբորս պահանջներին: Շատ եմ սիրում ամառային արձակուրդները. երբ հայրիկս վերադառնում է, նվերներից բացի, իր հետ իմ ազատությունն է բերում: Ինչ ուզում, անում եմ. մայրիկիս և եղբորս խրատներն անզոր են: Շատ եմ սիրում հայրիկիս. ինձ երես է տալիս: Լավ, հերիք է հայրիկիս հիշեմ, ամբողջ նամակս կարող է նրա մասին գրեմ:  
Շատ եմ սիրում պարել, երգել, եթե դիվանագետ չդառնամ, անպայման պարուհի եմ դառնալու, պարի իմ ստուդիան եմ ունենալու: Հայրս խոստացել է, հենց 15 տարեկանս լրանա, արտերկրում վարպետության դասեր կանցնեմ: Մաժամանակ անգլերենս էլ կկատարելագործեմ: Ասեմ, կենսաբանություն ու քիմիա տանել չեմ կարողանում ու դա մայրիկիս դուր չի գալիս: Նա ուզում է բժշկուհի դառնամ, ինչպես` տատիկս: Բայց ես այդ սպիտակ խալաթը տանել չեմ կարողանում: Համ էլ` վախենում եմ: 
Ծնվել եմ ապրիլի 5-ին, համաստեղությամբ Խոյ եմ, շատ եմ սիրում Խոյերին: Անկեղծ են, ազատ են ու ինքնուրույն: Նաև հավատարիմ են ու մի քիչ էլ միամիտ... Ինձ չեմ գովում, ճշմարտությունն եմ գրում: Շատ եմ ուրախանում, որ նոր ընկերներ եմ ձեռք բերում և իմանում եմ, որ համաստեղությամբ Խոյ են: Սիրում եմ բոլոր գույները, ծով, բնություն:  Ուզում եմ շուն ունենալ…
Լավ, հույս ունեմ իմ մասին գրեցի: Ասեմ գնում եմ երաժշտական դպրոց, նվագում եմ դաշնամուր: Մնացածը հաջորդ նամակում: 
Գրի քո անունը, ինչ ես սիրում դու: Խնդրում եմ մանրամասն կգրես; Շա~տ եմ սիրում երկար նամակներ կարդալ: Մեկ էլ չմոռանաս նկարդ ուղարկել և գրել` երբ ես ծնվել: Այսքանը: Անհամբեր սպասում եմ նամակիդ պատասխանին: Անի: “
-Ինձ նման գիժ է , - ժպտաց Էլլը,- ինձ նման էլ շեկ ու ինձ նման էլ…Խոյ; Ինչքան կուրախանա, որ իմանա նույն նշանի ներքո ենք ծնվել: Չէ, անկասկած կգրեմ, անկեղծ աղջիկ է ու կհանդիպենք, կընկերանանք:
Այդպես, նամակները մեկը մյուսին հաջորդեցին, հետո զանգերը, հետո հանդիպումները; Առաջին հանդիպումը եղավ նախկին "Պուշկինսկի" այգում: Անին ընկերուհու հետ էր եկել, որ "գործնագործ" խաղան; Շատ հետաքրքիր աղջիկ էր: Էլլը սիրեց Անիին ու նրանց ընկերությունը գնալով ավելի ամրացավ: 

- Էլլ, գիտես դու իմ երազած քույրն ես, որ այդպես էլ չունեցա, քեզ շատ եմ սիրում, շատ բարի ես ու հավատարիմ…ինձ նման էլ շեկ ես: Շնորհակալ եմ, որ դու կաս…,- մի օր ասաց Անին
-Էհ Անի, ես սովորական մարդ եմ, քեզ անհնար է չսիրել, բոլորն էլ քեզ սիրում են , այդ թվում նաև` ես;
- Երդվիր, խոստացիր, որ միշտ անբաժան ենք լինելու, աշխարհի որ ծայրում լինենք;
-Անի, դու գիտես ես խոստումներ առավել ևս երդումներ չեմ սիրում տալ: Բայց կարող եմ վստահեցնել, որ իմ սիրած մարդկանց երբեք չեմ լքում, եթե ինձ չեն հիասթափեցնում կամ նեղացնում;
- Չէ, ինչ ես ասում, ես քեզ երբևէ չեմ նեղացնի, մենք միշտ միասին կլինենք, մանավանդ եթե Արմենին էլ ուզես, կլինես իմ սիրելի հարսիկը – խորամանկ ժպտաց Անին:
- Չէ, նախնըտրում եմ սիրելի քույրդ լինել:
Անին պինդ գրկեց Էլլին:
-Գիտես նամակի վրա ուզում էի գրել N 25, կլոր թվեր եմ սիրում, բայց հետո կարծես ներքին ձայնս չթողեց;
-Դե այդքան էլ մեծ բան չէիր կորցնի, մեր դասարանի Սոնան էլ լավ աղջիկ է, գերազանցիկ է; Բայց այ հանդիպելու հարցով երևի հաճախ չտեսնվեիք, իր ծնողները խիստ են, շատ չեն թողնում մենակ քաղաք իջնի:
-Չէ, շատ բան կկորցնեի…

Տարիներ անց. 2001թ.

Հեռախոսը զանգեց:
-Ալլո,
՞լլ…/լռություն/
Անիի մայրն է, չի կարողանում խոսել:
-Այո, տիկին Մարի: Անին վաղն է չէ՞ գալու: Ալլո~, տիկին Մարի՞.../լռություն/,  ի՞նչ է պատահել :
-Էլլ ջան,,, Անին հիվանդանոցում է…/լաց է լինում/

Անին սովորում էր արտերկրում իր երազած մասնագիտությամբ: Իր սիրելի հայրիկի հետ էր, նաև պարի վարպետության դասեր էր անցնում: Իր ուզած ստուդիան չուներ, բայց ընկերներին սովորեցնում էր պարել: Հավաքույթներին միշտ պարում էին: 
Արձակուրդներին Հայաստան վերադառնալու առիթը բաց չէր թողնում: Գարնանային արձակուրդ էր վերցրել, որ գար Էլլի ու իր ծննդյան օրերը միասին նշեին: Շատ ուրախ էր: Գալուց մեկ օր առաջ, որոշեց միանալ իր օտարերկրացի ընկերներին և ժայռեր մագլցել: Ոտքը սահել էր և բարձրունքից գլորվել էր ցած; Հրաշքով մահից  էր փրկվել: Անգիտակից պառկած էր հիվանդանոցում:
Էլլն ամեն օր զանգում էր, ոչ մի նորություն: Էլլի ծննդյան օրն Անիի մայրն արտերկրից զանգահարեց, շնորհավորեց և հայտնեց, որ Անիի գիտակցությունը եկել է.
-Մի քիչ դժվարությամբ է խոսում, բայց պնդում է, էլլ, որ քեզ հետ խոսի: Ուզում է շնորհավորել:
Էլլի աչքերն արցունքոտվեցին. " Իմ քույրիկը հիշել է իմ ծննդյան օրը, ուրեմն նա կապաքինվի, նրա գիտակցությունը տեղն է , ես հավատում եմ, որ նա կապաքինվի"...
Էլլը տխուր էր, իր ամենատխուր ծննդյան օրը նա նշեց մենակ փողոցում` արցունքոտ աչքերով. ի~նչ հետաքրքիր բաներ էինք ծրագրել, ի~նչ խենթություններ պիտի անեինք Անիի հետ..

Անիի մայրը Էլլին չասաց, որ Անին այսուհետ անշարժ գամվելու է անվասայլակին: Չցանկացավ նրան ծննդյան օրը տխրեցնել: Այդ մասին Էլլը իմացավ մի քանի օր հետո: Նա անշարժացավ, հայացքը գամվեց մի կետին ու աչքերից արցունքները գլորվեցին:
Անին այլևս չի կարողանա քայլել..." ,- տիկին Մարիի ձայնն Էլլի գլխից դուրս չէր գալիս: Իսկ Անին դեռ չգիտեր: Բժիշկը պնդում էր հնարավորինս շուտ Անիին տեղյակ պահել այդ մասին: Իսկ ծնողներն ասելու ուժ չունեին...

Անին, երբ իմացավ, որ դեղերի ազդեցությունից չեն ոտքերը թմրած, այլ պարզապես նրա մոտ ողնաշարի թուլություն է և նրա ոտքերին այսուհետ անվասայլակն է փոխարինելու,  շատ ծանր տարավ. երազանքները միանգամից փուլ եկան իր գլխին: Ոչ մեկին չէր ուզում տեսնել, ոչինչ չէր ուզում լսել: Չէր կարողանում հարմարվել, ընդունել: 

Արդեն հինգ օր էր, Անիին հիվանդանոցից դուրս էին գրել և վաղը երեկոյան նա ժամանելու է ծնողների հետ Հայաստան:
Էլլը ծաղիկներ գնեց, Անիի սիրած կակաչները ու Արմենի հետ գնաց օդանավակայան:
Ինքնաթիռը արդեն վայրէջք կատարեց, շուտով նա կգրկի Անիին...

2007թ.

շարունակությունն այստեղ http://ruzanpet.blogspot.com/2011/04/2.html

                                                        You are the Sunshine of my Life